ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային՝ 24․2 կմ հատվածը կառուցելու համար, ներառյալ 5 թունել և 11 կամուրջ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը»:

ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝

1. 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված,

2. 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված,

3. 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված:

Համաձայնագրի շրջանակում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ-ի, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են.

- ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհի կառուցում,

- 5 թունելների, 11 կամուրջների, 68 հեղեղատների, 43 հենապատերի կառուցում,

- անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:

Համաձայնագրով ֆինանսավորվող Հարավային ենթահատվածի ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից․ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցում (Նախագծման փուլ), Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցում (Շինարարության փուլ), ինժեներական վերահսկողություն, ծրագրի կառավարման խորհրդատու։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբերը (շինարարության կանխատեսվող ավարտ՝ 2030թ․ նոյեմբեր, թերությունների համար պատասխանատվության ժամկետի ավարտ՝ 2032թ․ նոյեմբեր)։

Հարավային ենթահատվածը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ համաֆինանսավորմամբ: Համաձայն ՎԶԵԲ-ի կողմից ներկայացված նախնական գնումների պլանի՝ հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ մնացած 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---