Արուճի վանք. Հայ ճարտարապետության հսկան, որին տուրիստական երթուղին առայժմ շրջանցում է

Արուճի վանք. Հայ ճարտարապետության հսկան, որին տուրիստական երթուղին առայժմ շրջանցում է

Իտալացի մասնագետներն առայժմ ուսումնասիրում են եկեղեցին, որպեսզի կազմեն վերականգնման նախագիծ, բայց ռեստավրացիայի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ

Հայ ճարտարապետության գոհարներից մեկը` Արուճի տաճարն այսօր քչերին է հայտնի: Արագածոտնի մարզում գտնվող Սուրբ Գրիգոր եկեղեցին,գրեթե ,ընդգրկված չէ տուրիստական երթուղիներում, կամ դպրոցական ճանաչողական ծրագրերում: Գլխավոր պատճառներից մեկը` եկեղեցու անմխիթար վիճակն է և ոչ բարեկարգ հարակից տարածքը:

PanARMENIAN.Net - Այս օրերին Հայ-իտալական համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվում են Արուճի համալիրի ուսումնասիրման աշխատանքները: Ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին նշում է, որ այն առայժմ նախնական փուլում է, և դժվար է ասել, թե որքան կտևի. «Մեր նպատակն է նախ և առաջ լավ ծանոթանալ հուշարձանին: Այս ամիս պետք է մաքրվի տարածքը, որպեսզի որոշվի, թե որտեղ է պետք պեղել: Հետո կհետազոտենք քարերի վնասվածության աստիճանը»:

Միլանի Պոլիտեխնիկի դասախոսներն իրենց հետ բերել են հատուկ գործիքներ, որպեսզի չափեն ճաքերը: Պետք է ուսումնասիրել, արդյո ՞ք դրանք ֆիքսված են, թե շաունակվում են քայքայվել: «Վերցրել ենք նմուշներ, որպեսզի ֆիզիկական և քիմիական անալիզի ենթարկենք դրանք Իտալիայում: Հետազոտությունների արդյունքում կկազմվի համապատասխան վերականգնման նախագիծ: Աշխատանքները կշարունակվեն մինչև 2013 թ-ի սկիզբ»,-հավելում է Կազնատին:

Վերականգնող մասանգետերից մյուսը` Մարկո Կուկկինն է: Նա շինությունն ուսումնասիրում է երեք պարամետրերով:

«Նախ ստուգում ենք, թե մինչև որ մակարդակն է բարձրանում խոնավությունը: Արվում է նաև հնչյունային հետազոտություն, որպեսզի հասկանանք թե որքանով են առողջ քարերը, և քանի խոռոչ կա դրանց ներսում»,-ասաց Կուկկին: Մասնագետը ոչ մի նախնական տվյալներ չի տրամադրում, բայց ասում է, որ այն իրենց կանխատեսածի չափ վնասված է:

Իտալիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ջան Անդրեա Սանդրին նշում է, որ ուսումնասիրությունները կվերջանան 2013 թ-ի հունվարին, և եթե ՀՀ մշակույթի նախարարությունը տա համապատասխան ֆինանսավորում, մայիսին կգործուղվեն վերականգնող մասնագետները:

Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 662-666 թթ-ին` հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի պատվերով: Այն պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպին: Եկեղեցու ներսում դեռևս պահպանված են 7-րդ դ. կատարված և կառույցին առանձնահատուկ հանդիսավորություն հաղորդող հոյապատկեր որմնանկարները։ Եկեղեցու կողքը կառուցվել է Մամիկոնյանի պալատը, և դրա շնորհիվ Արուճ գյուղը դարձել է վարչական մեծ կենտրոն:

Որմնանկարների թեման Համբարձման տեսարանն է. մուգ կապույտով պատած խորանում պատկերված է Քրիստոսը, ներքևում պատվանդանն է` ականթի թփերով և զարդագոտիով։ Յոթ մետր բարձրությամբ պատկերված Քրիստոսի որմնանկարի միայն մի մասն է պահպանվել` զարդահյուսված պատվանդանի վրա (ինչպիսին հանդիպում ենք նաև Լմբատավանքում)։ Նրա ձեռքում կա մագաղաթագալար, որի վրա գրված է Հովհաննեսի Ավետարանի խոսքից մի հատված:

Եկեղեցին ոչ միայն ունի պատմական նշանակություն, այլև ունի հրաշալի ճարտարապետություն: Հուսանք, որ կտրամադրվի համապատասխան ֆինանսավորում այն վերականգնելու համար: Իտալացի մասնագետների աշխատանքը կարևոր է ոչ միայն եկեղեցու պահպանման համար, այլև օրինակ է հայ մասնագետների համար: Ցանկացած միջամտությունից առաջ ամեն ինչ մի քանի ամիս ուսումնասիրվում է, այլ ոչ թե շինարարական աշխատանքներ սկսվում հենց երկրորդ օրը:

Արուճի վանքը, վստահ կարող ենք ասել, հնարավոր է դարձնել տուրիստական երթուղու մի մաս, որի միջոցով ևս զբոսաշրջիկները կծանոթանան հայ դարավոր մշակույթին:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
11  03.10.12 - Հայ-իտալական համատեղ արշավախմբի ուսումնասիրությունները Արուճի եկեղեցում
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
«Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը

«Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---