![]() Թերի ՋորջՕսկարակիր դերասան, ով հույս ունի դեռ շատ անգամ Հայաստան այցելել Սեպտեմբերի 22-ի երեկոյան օպերային թատրոնի լույսերը մարեցին՝ ազդարարելու «Մեր Խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերայի սկիզբը՝ հիմնված Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի և դրանում հնչող երաժշտության վրա: ![]() PanARMENIAN.Net - Երբ ներկայացումն ավարտվեց, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը ողջունեց հավաքվածներին, որից հետո ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջը շնորհակալություն հայտնեց հայերին՝ որպես ստեղծագործության իրական հեղինակի: Հազիվ էր վարագույրն իջել, երբ օսկարակիր դերասանին շրջապատեց երկրպագուների և պարողներ մի հոծ բազմություն: Հանդիսատեսի մի մասը, ներկայացման մասնակիցներն ու լրագրողները հավաքվել էին հետնաբեմում և փորձում էին հայտնվել աշխարհահռչակ կինոռեժիսորի կողքին, որը համեստորեն ժպտում էր, պատասխանում հարցերին և անկեղծ շփվում մարդկանց հետ: PanARMENIAN.Net ը հասցրեց մի քանի հարց ուղղել Ջորջին, ով պատմեց թուրք անհատներից ստացած՝ «Խոստումը» ֆիլմի մասին դրական ու բացասական արձագանքի, Հայաստան այցի ամենակարևոր հատվածի ու ապագա պլանների մասին: «Թուրք անհատներից արձագանքներ եղել են: Նրանցից ոմանք պնդում էին, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, մինչդեռ ուրիշները ներողություն էին խնդրում և պատմում, որ ֆիլմից են հասկացել ողբերգության իրական մասշտաբը»,- ասաց սցենարիստը և ավելացրեց, որ ոչ մի արձագանք չի ստացել թուրքական իշխանություններից կամ համայնքից: «Բայց ճշմարտությունը ջրի երես դուրս կգա: Ես միշտ այնպես եմ անում, որ իմ ֆիլմերում արտացոլվող փաստերը ճշմարիտ և ճշգրիտ լինեն: «Խոստումը» ֆիլմում մենք գեղարվեստական սիրո պատմություն հորինեցինք, որպեսզի ավելի հեշտ կրթենք դիտորդին, քանի որ կինո նկարելիս նաև այդ նպատակն ունես: Բայց միշտ հետևում եմ, որպեսզի քաղաքական և մարդասիրական իրավիճակները փաստացի ճշգրիտ մնան»,- պատմեց ֆիլմի հեղինակը: «Խոստման» թողարկմանը հաջորդած արձագանքների մասին խոսելիս Ջորջն ասաց, որ ինքն իր համար, այսպես ասած, մանտրա է մշակել. ինչպե՞ս կաշխատի ֆիլմը Իլինոյսի նահանգի Պեորիա քաղաքում: «Քննադատները միակարծիք չէին, սակայն մարդկանց դուր եկավ այս պատմությունը, ուստի Պեորիայում ֆիլմը կարող ենք ստացված համարել»,- ասաց նա: 20-րդ դարի առաջին և վերջին ցեղասպանությունների մասին պատմող ֆիլմերի հեղինակը պլանավորում է ապագայում էլ վերադառնալ նմանատիպ թեմայի և նույնիսկ սկսել է բանակցել «Անհետացում Դամասկոսում» գրքի հեղինակ Դեբրա Քեմփբելի հետ ստեղծագործության էկրանավորման համար: Նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյակ է հայկական կինեմատոգրաֆից և, առհասարակ, դիտե՞լ է հայկական կամ Ցեղասպանությանն առնչվող ֆիլմեր, ինչին ի պատասխան կինոռեժիսորը գլխով արեց և նշեց թեմայի մասին պատմող ամենահայտնի ու դիտված ֆիլմերից մի քանիսը. Ատոմ Էգոյանի «Արարատը», Ֆաթիհ Աքինի «Սպին», Էլիա Կազանի «Ամերիկա, Ամերիկան»: Երևանում անցկացրած առաջին հագեցած օրվանից հետո Ջորջը պատմեց, որ պլանավորում է այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես 4 տարի առաջ, ծառ տնկել և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Նաև պիտի կաթողիկոսին և մի շարք այլ մարդկանց հանդիպեմ, ուստի այստեղ բավականին շատ անելիքներ ունեմ»,- ասաց «Խոստումը» ֆիլմը ստեղծողը: Վերջին հարցին էլ, թե պատրաստվում է արդյոք Հայաստան վերադառնալ, կինոռեժիսորը պատասխանեց հստակ և հակիրճ. բազմաթիվ անգամ: Երեկոն կազմակերպել էր Հայաստանի Ընդհանուր Բարեգործական Միությունը (ՀԲԸՄ): Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net, Արամ Կիրակոսյան / PAN Photo ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |