Թուրք ուսանողները փաստագրական ֆիլմ են նկարահանել հայկական ընտանիքի մասին

Մարտի 15-21-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

Անցյալ շաբաթ Երեւանում տեղի է ունեցել երկու խոշոր մշակութային միջոցառումների բացում. մոնոներկայացումների «Արմմոնո» 8-րդ փառատոնը եւ Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրերը»: Եթե առաջինը հիանալի հնարավորություն էր ընձեռում դիտել 7 երկրների 18 թատերական աստղերի յուրահատուկ խաղը, ապա երկրորդն անակնկալ մատուցեց. հայկական էստրադայի աստղերն ամբողջ երեկո երգում էին ֆրանսերեն:

PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել երկու հայ երաժիշտների ձայնասկավառակների շնորհանդեսը, որոնք իրենց արվեստով Հայաստանն առավել ճանաչելի են դարձնում ողջ աշխարհում: Այսպես, մարտի 16-ին տեղի ունեցավ Սերժ Թանկյանի Elect The Dead Symphony ֆիլմ-համերգը Օքլենդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգից առաջ ցուցադրվեց տեսահոլովակ երգչի ճեպազրույցով, որի ժամանակ Թանկյանը ներկայացրեց համերգի նախապատրաստման ընթացքը: Նա նշեց, որ System Of a Down խումբը, որի նախկին մենակատարն էր, դեռ չի պատրաստվում միավորվել մասնակիցների որոշ տարաձայնությունների պատճառով: Նա նաեւ նշեց, որ վերամիավորումը հնարավոր է այդ տարաձայնությունների հաղթահարումից հետո: Երգիչը չէր կարողացել անձամբ ներկա գտնվել ֆիլմի պրեմիերային, քանի որ ծանրաբեռնված է աշխատանքով` նոր ալբոմի ձայնագրումով:

Վիրտուոզ դուդուկահար Ջիվան Գասպարյանը մարտի 18-ին Երեւանի կոնյակի գործարանում ներկայացրել է Հայաստանում ձայնագրված իր առաջին ձայնասկավառակը` «Տարիների խորքից»: Նա իր հետագա պլանների մասին հայտնեց, որ ապրիլի 7-ին Մոսկվայում ելույթ կունենա մրցանակաբաշխության ժամանակ, որին ներկա է լինելու նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Մարտի 22-27-ը նա համերգային ծրագրով ելույթ է ունենալու Իտալիայում, մայիսին` Հոլանդիայում: Ջիվան Գասպարյանը նշեց, որ նա միայն մեկ անավարտ գործ ունի. «Ես ցանականում եմ դպրոց հիմնել երեխաների համար, որտեղ սովորեցնելու եմ դուդուկ նվագել: Կարծում եմ, որ մոտ ժամանակները դա կիրականանա»:

Երիտասարդ կոմպոզիտոր եւ դաշնակահար Ալեքսանդր Իրադյանը Մոսկվայի տանը երեւանյան հանդիսատեսին ներկայացրեց իր համերգային ծրագիրը: Նա գրան-պրի էր ստացել Եկատերինբուրգում փետրվարի 8-13-ը տեղի ունեցած Վ.Ս. Ցվետիկովի անվան «Վարպետության ուղի» միջնակարգ եւ բարձրագույն երաժշտական ուսումնական հաստաատությունների ուսանողների խմբավարային, տեսական եւ կոմպոզիտորային բաժինների երկրորդ Միջազգային մրցույթում: Նա Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանող է, ապրիլին Վրաստանում ներկայացնելու է իր նոր ստեղծագործությունը` «Մենության քաղաքը»:

Մինչ երիտասարդ տաղանդները դրսեւորում էին իրենց, աշխարհահռչակ սցենարիստ, ռեժիսոր Տոնինո Գուերան հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման համար եւ 90-ամյակի հետ կապված արժանացավ հերթական պարգեւին` Պատվո շքանշանի, որը ռեժիսորին հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը գտնվում էր Իտալիայում հայկական մշակույթի ուսումնասիրման եւ վավերագրման Վենետիկյան կենտրոնի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստին մասնակցելու համար: Այս միջոցառման շրջանակներում Հասմիկ Պողոսյանը եւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը այցելել են Սուրբ Ղազար կղզի, ուր Մխիթարյան Միաբանության հետ` աբբահայր Եղիա Քիլաղբյանի գլխավորությամբ քննարկեցին Իտալիայում 2012 թվականի հունվարին Հայ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկի կազմակերպման ու այդ ուղղությամբ հայկական հարուստ մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված հարցերը։

Հնագետները Թուրքիայի հարավ-արեւելքում նկատել են հնագույն տաճարի ավերակներ, որի տարիքը կազմում է 12 000 տարի: Մասնագետների կարծիքով, այդ տաճարը ամենահինն է նրանցից, որոնց մասնիկները հասել են մինչեւ մեր օրեր: Առաջին անգամ տարածաշրջանը, որտեղ նկատվել են ավերակները, գիտնականներին հետաքրքել է դեռ 1986-ին, երբ տաճարի շրջակայքում ֆերմերները գտել են մի քանի հնագույն արձանիկներ: Դրանից հետո հնագետները նկատել են տարբեր կենդանիների պատկերներով սալիկներ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Այժմ թուրք հետազոտողները նշում են, որ հնագույն տաճարի ավերակների մոտ գտել են անգլուխ մարդկանց անսովոր քանդակներ: Հետազոտողների կարծիքով, այս գտածոները պատկանում են նեոլիթի ժամանակաշրջանին, երբ մարդկանց հավատալիքները շատ դեպքերում հեթանոսական արմատներ ունեին եւ ակտիվորեն կիրառվում էր զոհաբերությունը: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունում ասում են, որ տարածաշրջանում պեղումները պարբերաբար տեղի են ունենում 1955-ից սկսած, սակայն գիտության համար էական բացահայտումներ ի հայտ են եկել 2005-ին:

Ոմանք կարծում են, որ դա ծիսակարգերի իրականացման տեղ է եղել` կապված բերքատվության պաշտամունքի հետ, իսկ յուրաքանչյուր շրջանի կենտրոնում գտնվող երկու բարձր քարերը խորհրդանշում են տղամարդուն եւ կնոջը: Այս տեսությունն օգտագործում է Ուրֆա քաղաքի մոտ գտնվող զբոսաշրջության գործակալությունը: «Այցելեք Դրախտի այգի, հանդիպեք Ադամի եւ Եվայի հետ»,- ազդարարում է գովազդային թերթիկը: Գոբեկլի-Տեպե տեղանքը համընկնում է աստվածաշնչյան Էդեմի հետ: Edem բառը շումերական է եւ նշանակում է «հարթավայր»:

Մինչ հնագետները զբաղված են նախաքրիստոնեական Էդեմի որոնմամբ, կինոգործիչները ֆիլմ են նկարահանում մարդու մասին: «Պատ» կեսժամանոց ֆիլմը, որը պատմում է Դիարբեքիրի եկեղեցիներից մեկում բնակություն հաստատած հայկական ընտանիքի կյանքի մասին, «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգում դարձել է Akbank կարճամետրաժ ֆիլմերի 6-րդ փառատոնի հաղթող, որը տեղի էր ունենում մարտի 1-11-ը Թուրքիայում: Ֆիլմը նկարահանել են «Սելչուկ» համալսարանի հեռահաղորդակցության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Էմրե Կարադաշը եւ Դենիզ Օգուզսոյը:Ինչպես հայտնում է Today's Zaman թերթը, «Լավագույն կարճամետրաժ դրամատիկ ֆիլմ» անվանակարգում հաղթել է Անիլ Դինքի «Խորք» ֆիլմը: Ներկայացված ֆիլմերը լավագույնն են դարձել 30 եզրափակիչ անցած ֆիլմերի շարքում:

Մարտի 17-ից 19-ը «Նարեկացի» արվեստի գիությունում տեղի կունենա ցուցահանդեսի բացում եւ կցուցադրվեն մի քանի ֆիլմեր, այդ թվում նաեւ մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանի «Պզտիկ զինվոր», «Ճանապարհ», «Պ. Սեւակ», «Անջատում»», Լ. Շանթ. «Հին աստվածներ» ֆիլմերը։ Ցուցադրություններին կհաջորդեն քննարկումներ, որոնց ներկա կգտնվի Նաիրա Մուրադյանը։ «Նարեկացի» արվեստի գիության նպատակն է նմանատիպ միջոցառումների միջոցով ստեղծել է նարավորություն զրուցելու արվեստի, արվեստագետի այսօրվա դերի, այս դաշտի խնդիրների ու արվեստագետ հասարակություն կապի շուրջ:

Դժվար է ասել, քանի մարդ է անցյալ շաբաթ առաջին անգամ լսել «աշունը հոգում ծաղրածուի»` Լեոնիդ Ենգիբարյանի մասին, բայց կարելի է ասել մի բան, նրա ծննդյան օրը ` մարտի 15-ին շատ-շատերն իմացան, որ նա անկեղծ էր, երբ ասում էր. «Ես չեմ հավատում երջանիկ ավարտի: Ես չեմ հավատում հեփփի-էնդի: Ես հավատում եմ երջանիկ ուղու: Ես երջանիկ մարդ եմ: Ես այնպիսին չեմ, ինչպիսին բոլորը: Չէ որ ծաղրածուն բոլորի նման չէ: Ծաղրածուն մասնագիտություն չէ, այլ աշխարհայացք: Ես ցանկանում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն: Ես ցանկանում եմ մի քանի գիրք գրել: Ես ցանկանում եմ»:

Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
«Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը

«Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---