“Խորհրդավոր ընթրիքի” ստեղծմանը Լեոնարդո դա Վինչիին ոգեշնչել են հայերը` սա է անցած շաբաթվա գլխավոր մշակութային նորությունըԱպրիլի 5-11-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում Դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարողական արվեստի յուրահատկությունը գրավել է ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև տարբեր ազգերի մարդկանց սրտերը: Նրա տաղանդի համընդհանուր մեծարմանն ավելացավ ևս մեկը` ապրիլի 9-ին նրան Մոսկվայի “Պաշկովի տուն” ռուսական պետական գրադարանում հանձնվեց “Համագործակցության աստղ” մրցանակը` ազգային երաժշտական ժառանգության կրկնապատկման ու պահպանման, ինչպես նաև համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ մեծ ավանդ ներդնելու համար: Այդ մրցանակին են արժանացել ԱՊՀ երկրների արվեստի և գիտության ևս 11 գործիչ: ![]() PanARMENIAN.Net - ”Մանկական “Նովայա վոլնա” մրցույթի ազգային ընտրական փուլի մասնակիցները նվաճեցին ընտրական հանձնաժողովի անդամների սրտերը: “Ռազմիկն ու ընկերները” խմբին, որը հանդես էր գալիս ավագ տարիքային խմբում (13-15), հանձնաժողովի որոշմամբ թույլատրվեց մասնակցել Ղրիմում մրցույթի եզրափակիչ փուլին: “Երեխաները գերեցին մեր սրտերը իրենց երգով, էներգետիկայով և բեմում ու հանդիսատեսի հետ անմիջական շփմամբ”,- պատմել է մրցույթի հայաստանյան ընտրական փուլի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Իզաբելա Մանասարյանը: Նա հաղորդել է նաև, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլին, որը կկայանա ապրիլին Մոսկվայում, կրտսեր տարիքային խմբից (8-12 տ) կմասնակցի 3 երեխա` Վլադիմիր Արզումանյանը, Նադեժդա Սարգսյանը և Մասիս Մինասյանը: “Նովայա վոլնա” մրցույթի կիսաեզրափակիչ փուլին կմասնակցեն նաև Անի Արզումանյանն ու Սոնա Շահգելդյանը: Ինչպես նշել է Իզաբելա Մանասարյանը, կանոնակարգով չի սահմանափակվում երկրներից մասնակիցների թիվը, ուստի “Մանկական “Նովայա վոլնա” և “Նովայա վոլնա” մրցույթների եզրափակիչ փուլերին մասնակցելու հնարավորություն ունեն բոլորը: Հայաստանը ԱՄՆ-ի, Սինգապուրի և Չեխիայի միջազգային կինոփառատոներին կներկայանա երկու ֆիլմով: Հովհաննես Գալստյանի “Խճճված զուգահեռներ” 90-րոպեանոց ֆիլմը ներկայացվելու է ապրիլի 9-18-ը կայանալիք Հյուստոնի միջազգային 43-րդ փառատոնում: Իսկ Սինգապուրի միջազգային փառատոնի` ժամանակակից եվրոպական կինոյի ծրագրի շրջանակներում, որը տեղի է ունենալու ապրիլի 15-24-ը, ներկայացվելու է Սուրեն Բաբայանի “Մի նայիր հայելուն” ֆիլմը: Ինչպես հայտնում է pozvezdam.ru-ն, ֆիլմն ընդգրկված է նաև Կարլովի Վարիի (Չեխիա) փառատոնի մրցութային ծրագրում, որը տեղի է ունենալու հունիսի 2-10-ը: ”Հայաստանի ազգային կինոկենտրոն”-ի տնօրեն Գևորգ Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-23-ը կմասնակցի Կաննի միջազգային կինոփառատոնի և կինոշուկայի աշխատանքներին: Կաննի ՄԿՓ-ի շրջանակներում “Սինեֆոնդասիոն” մրցութային ծրագրի շրջանակներում կներկայացվի ռեժիսոր Ա. Չիլինգարյանի “Ցատկերթ” ֆիլմը: Կաննի կինոշուկայում Հայաստանի կինոկենտրոնը կներկայացնի վերջին տարիներին նկարահանված հետևյալ ֆիլմերը. լիամետրաժ խաղարկային` 1.”Խճճված զուգահեռներ” (ռեժ.` Հ. Գալստյան ), 2. “Մի նայիր հայելուն” (ռեժ.` Ս. Բաբայան), 3. “Սպանված աղավնի” (ռեժ.` Հ. Քեշիշյան), 4. “Մաեստրո” (ռեժ.` Վ. Չալդրանյան), 5. “Ժաննան և ձայները” (նախագիծ, ռեժ.` Մ. Վաթինյան), 6. “Լուսապսակ” (նախագիծ, ռեժ.` Ա. Սուքիասյան), “Սասնա ծռեր” (ռեժ.` Ա. Մանարյան) և այլն: Միջազգային թատերական ասպարեզն անցած շաբաթ նույնպես զուրկ չէր հայկական ներկայությունից: Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը Մոսկվայի թատերական փառատոնի “Դիմակ պլյուս” արտամրցութային ծրագրում ներկայացրեց Հայաստանը: “Դիմակ պլյուս” ծրագիրը անց է կացվում Մոսկվայում (Ռուսաստան)` մարտի 10-ից մինչեւ ապրիլի 15-ը: Հայաստանը ներկայացնող թատրոնը ռուս հանդիսատեսին մայիսի 9-ին Վ. Մեյերխոլդի անվ. թատրոնում կցուցադրի “Ամպերից պոկված հեքիաթը” ներկայացումը: “Ամպերից պոկված հեքիաթը” ներկայացումը ընտրել է “Ոսկե դիմակ” փառատոնի թատերական քննադատների խումբը: Ներկայացման բեմադրիչը Զարուհի Անտոնյանն է, նկարիչը` Ալինա Ալեքսանյանը: Ներկայացումը 2009 թ. “Լավագույն երիտասարդական ներկայացում” անվանակարգում արժանացել է Հայաստանի “Արտավազդ” ազգային թատերական պարգևին, նաեւ “Թատրոն-X 2009” թատերական փառատոնի շրջանակներում 26 ներկայացումների շարքում ճանաչվել է լավագույնը: Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում մի ամբողջ ամիս ցուցադրվելու են երեք ժամանակակից նկարիչների` Էդուարդ Խարազյանի, Ռոբերտ Էլիբեկյանի և Արա Շիրազի աշխատանքները: Ցուցահանդեսը բացվել է մարտի 16-ին և տևելու է մինչև ապրիլի 16-ը: Խարազյանի, Էլիբեկյանի և Շիրազի աշխատանքների կատալոգը, որը կազմել է Պողոս Այթանյանը, դարձել է ցուցահանդեսի բացման պատճառը: “Ինչպես նկարիչները, այնպես էլ թանգարանի ղեկավարությունը որոշել են ցուցահանդեսը նվիրել Հենրիկ Իգիթյանի հիշատակին, որը մեկ տարի առաջ հեռացավ մեզնից”,- ասել է Ժամանակակից արվեստի թանգարանի աշխատակից Զառա Այրումյանը: Ապրիլի 12-ին Ա.Իսահակյանի անվան կենտրոնական քաղաքային գրադարանում ՀՀ-ում “Ռուսհամագործակցության” ներկայացուցչությունը ներկայացրել է գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, մանկական գեղարվեստական ֆիլմերի խտասկավառակներ, նախադպրոցական և դպրոցական տարիքի համար նախատեսված ֆիլմերի խտասկավառակներ` նկարահանված և կազմված ռուս գրողների ստեղծագործությունների մոտիվներով: Ապրիլի 8-ին Երևանում Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարանում բացվել է գերմանացի լուսանկարիչ Շտեֆան Կոպելկամի “Local Time” (տեղական ժամանակ) ֆոտոպաստառների ցուցահանդեսը, որը ցուցադրվելու է մինչև մայիսի 2-ը: Ցուցադրությունը կազմված է սև-սպիտակ լուսանկարներից, որոնք լուսանկարիչը նկարել է Բեռլինյան պատը քանդելուց առաջ և հետո: Ցուցահանդեսի նպատակն է` ներկայացնել տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետությունը և ընդգծել ճարտարապետական հուշարձանների պահպանման անհրաժեշտությունը: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոhեն Շմիդտը նշեց քաղաքներում հին և նոր ճարտարապետությունը համադրելու կարևորությունը: “Բեռլինում կարելի է այնպիսի վայրեր գտնել, որտեղ ամեն ինչ հին ոճով է կառուցված: Նոր շրջաններում կառուցված են հսկայան շենքեր բոլորովին նոր ոճով: Շրջանների միջև կապ չկա: Երևանում, դուրս գալով Հանրապետության հրապարակ, հին շենքերի կողքին` տեսնում ես նորերը, որոնք ներդաշնակ չեն հների հետ, և ափսոսում ես, որ քաղաքը կորցնում է իր դիմագիծը”,- ասել է Հանս Յոhեն Շմիդտը: Նա հավելել է, որ Երևանի հանդեպ անփույթ վերաբերմունքի վառ օրինակ է “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու մտադրությունը: Ցուցահանդեսը կազմակերպել էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը, Goethe-Institut-ը և Ալեքսանդր Թամանյանի թանգարանը: Հայաստանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնը “Բալթյան միջազգային փառատոների կենտրոնից” հրավեր էր ստացել մասնակցելու Սանկտ Պետերբուրգում անցկացվող “Հանդիպումներ Ռուսաստանում”` մարտի 31-ից ապրիլի 9-ը, 2010 թ. ԱՊՀ և բալթյան երկրների ռուսական թատրոնների 12-րդ փառատոնին: Փառատոնի ընթացքում, որին մասնակցում են շուրջ 30 ռուսալեզու թատերախմբեր, Կ. Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնը ապրիլի 8-ին և 9-ին հանդես է եկել “Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ”` բեմադրված ըստ Ա. Շիրվանզադեի “Մորգանի խնամին” պիեսի, և Ա. Մարդայնի “Սկանդալ առանց ընդմիջման” ներկայացումներով: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ներկայացվեցին Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցի ուսուցիչների աշխատանքները: 2010-ի սեպտեմբերին Տավուշի մարզի Կողբ գյուղում բացվելու է գյուղի կերպարվեստի դպրոցի նոր շենքը: Այդ մասին պատմել է դպրոցի ուսուցիչներից մեկը` Աննա Նասիբյանը: Նրա խոսքերով, դպրոցում սովորելու հայտ ներկայացնում են շատ երեխաներ ինչպես գյուղից, այնպես էլ հարակից 7 շրջաններից, սակայն պայմանների բացակայության պատճառով ոչ բոլոր ցանկացողներին է հաջողվում ընդունել դպրոց: “Հիմա մեզ մոտ գործում է միայն կերպարվեստի բաժինը, բայց բացվելու են նաև քանդակագործության, խեցեգործության, հագուստի դիզայնի և այլ բաժիններ: Իսկ դասավանդելու են հենց մեր շրջանավարտները”,- ասել է ուսուցչուհին: Նա նշել է նաև, որ դպրոցում ուսուցումն անվճար է: Դպրոցի ղեկավարությունը 6-րդ տարին շարունակ կազմակերպում է երեխաների ամառային հանգիստը: Բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1999թ. համագյուղացի նկարիչ Կարո Ղուլիջանյանի նախաձեռնությամբ: Ֆաշիզմի դեմ հաղթանակի 65-ամյակի տոնակատարության օրերին հայկական Թթու ջուր գյուղում, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանակից նախկին Կրասնոսելսկի շրջանում, կկանգնեցվի Հայրենական մեծ պատերազմում զոհված 76 համագյուղացիների հիշատակի հուշարձան, հաղորդել էր Հայաստանում “Ռուսհամագործակցության” ներկայացուցչության մամլո ծառայությունը: Ապրիլի 3-ին Նիժնի Նովգորոդից բերվել էր 3-մետրանոց զինվորի քանդակը` հայրենիքի պաշտպանների հիշատակի անմար կրակը վառած, գլուխը խոնարհած և ձեռքին ինքնաձիգ: Այս հուշարձանը Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Շահնազարյանի նվերն է իր համագյուղացիներին: “Այն օրը, երբ հուշարձանը կկանգնեցվի, ես կասեմ, որ մեր գյուղն իր պարտքը կատարել է զոհվածների հիշատակի հանդեպ: Մեր համագյուղացիների հետ միասին ողջ Հայաստանը կհավաստի համընդհանուր հաղթանակին մեր հավատարմության մասին”, - ասել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, 46-րդ առանձին մոտոհրաձգային դիվիզիայի ավագ, 85-ամյա Ռադիկ Մարտիրոսյանը: “Սվազլյան գերդաստանի հավատամքը” վավերագրական ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանում: Այն նվիրված է XX-րդ դարի ընթացքում Սվազլյան գերդաստանի իրարահաջորդ երեք սերունդների ազգանպաստ և հայրենանպաստ գործունեությանը: Ֆիլմում օգտագործված են արխիվային բացառիկ արժեք ներկայացնող վավերագրական տեսանյութեր, ընդ որում` Հայոց ցեղասպանության ականատեսների կենդանի վկայություններ: Պատմականորեն հագեցած նյութը շունչ ու կենդանություն է ստանում Հայաստանի վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանի խորաթափանց ու տպավորիչ ընթերցումով: Ֆիլմի պրոդյուսերն ու երաժշտական ձևավորողն է Կարեն Խառատյանը, սցենարիստը` լրագրող Լաուրա Մինասյանը: Երաժշտասերների համար ապրիլի 10-ին Կամերային երաժշտության տանը հանդես եկավ հայազգի Եվա Մեձորյանը։ Համերգին Եվա Մեձորյանը ներկայացավ հայ և ամերիկացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։ Նրան նվագակցեցին դաշնակահար Վարդգես Խաչատրյանը, դուդուկահարներ Տիգրան Ավետիսյանն ու Մկրտիչ Աբգարյանը։ Երգչուհին 2009 թվականին թողարկել է “Անուշ գարուն” խորագրով հայկական ժողովրդական երգերի ձայնասկավառակը: Նա նաև հասարակական գործիչ է և բարեգործ։ Նրա բարեգործութուններն ուղղված են Հայաստանի դպրոցներին: Շաբաթվա ընթացքում մեկ այլ մշակութային իրադարձություն էր հայազգի ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրենկ Քրիստոֆ Եզնիկյանի վարպետության դասերը` Երևանի երաժշտական դպրոցների սաների համար: Շաբաթվա թերևս ամենահետաքրքրական նորությունը, որ գրավել էր հասարակության ուշադրությունը, վերաբերում էր Լեոնարդո դա վինչիի “Խորհրդավոր ընթրիք” գեղանկարին; Լեոնարդո դա Վինչիի մահից հետո հայտնաբերվել է երեք օղակ, որոնք մեծ գեղանկարչին և գիտնականին շաղկապում են Հայաստանի հետ: Դրանցից մեկը հայկական եկեղեցու նախագիծն էր Բագարանի ոճով, որ հայտնաբերվել է նրա օրագրում, “Հայոց տառերը”, որոնք հայելանման արտացոլված են նրա “The Codex Atlanticus” օրագրում, և երեք հայ տիրակալների դիմանկարները: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում Aquarian Millennium Armenological Institute-ի աշխատակից Մելքոն-Արմենիա Խանջյանի հոդվածում: Այս ամենը թույլ է տալիս գիտնականներին ենթադրել, որ Լեոնարդո դա Վինչին ճանապարհորդել է Հայաստանում: Անուշ Պետրոսյան / PanARMENIAN News ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |