Անցյալ շաբաթն իսկական ինտրիգ դարձավ կինոյի և երաժշտության սիրահարների համար

Հունիսի 14-ից 20-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում

Շաբաթ առ շաբաթ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները երկրպագուների համար բացահայտում են թվով յոթերորդ փառատոնի նորանոր գաղտնիքները: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ միջազգային կինոփառատոնի բացման և փակման արարողությունները կանցկացնի ռեժիսոր, 2010 թվականի Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենու ճյուղ մրցանակի դափնեկիր Սերժ Ավեդիկյանը, իսկ կբացվի փառատոնը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով` կապված ռեժիսորի հոբելյանի հետ: Այս տարի փառատոնի յուրահատկություններից մեկն այն է, որ գեղարվեստական ֆիլմերի մրցութային ծրագրի մեջ մտել են ոչ թե 11 կամ 12 ֆիլմեր, ինչպես դա նախորդ տարիներին էր, այլ 13: Իսկ Բրիտանական Խորհուրդը հատուկ մրցանակ է սահմանել. «Հայկական պանորամա» ծրագրի լավագույն ֆիլմը Բրիտանական Խորհրդի հաշվին կմասնակցի Բրիստոլի կինոփառատոնին:

PanARMENIAN.Net - Փառատոնի ևս մեկ ինտրիգը գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» վավերագրական ֆիլմի ցուցադրումն է` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ֆիլմում օգտագործված են փաստագրական նյութեր և արխիվային փաստաթղթեր: Ֆիլմն այնքան կարևոր է, որ անգամ նախատեսվում էր կազմակերպել ֆիլմի հատուկ ցուցադրություն` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին, բայց ֆիլմի հեղինակը պնդեց, որպեսզի այն ցուցադրվի մրցութային ծրագրում: Հարկ է նաև նշել, որ վերջերս «Աղետ» ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի առաջատար հեռուստաալիքներից մեկով, ինչը, ըստ փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանի, հիստերիա է առաջացրել Գերմանիայի ծայրահեղական ուղղվածություն ունեցող թուրքերի մոտ: Փառատոնը կփակվի թուրքերի շրջանում ևս մեծ բողոք առաջացրած Սերժ Ավեդիկյանի «Շների կղզի» ֆիլմով:

Երգի մրցույթների սիրահարների համար ինտրիգ դարձավ այն, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցներին այսուհետ ընտրելու է Հայաստանի Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը: Նման փորձ եղել է 2008 թվականին, երբ մրցույթին մասնակցեց երգչուհի Սիրուշոն: Եվ հենց այդ արդյունքն ամենաբարձրն էր մրցույթին Հայաստանի մասնակցության բոլոր տարիների ընթացքում:

Իսկ ռոքի սիրահարները վերջապես տեղեկացան System of a Down ռոք-խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանի երկար սպասված երևանյան համերգի ամսաթիվը: Ցավոք, նախատեսվում է ընդամենը մեկ համերգ` կապված երգչի հագեցած գրաֆիկի հետ: Մենահամերգի ժամանակ երգիչը հիմնականում կներկայացնի երգեր Elect the Dead ալբոմից և մի քանի նոր երգեր: Համաշխարհային ռոքին կմիանան նաև դասական երաժշտություն կատարող հայ երաժիշտներ, որոնք համերգի ժամանակ կնվագակցեն երգչին և նրա խմբի 6 անդամներին:

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանում դասական երաժշտության ոլորտում առկա ձեռքբերումները և այդ կապակցությամբ ՀՀ կառավարության նիստում որոշվել է շուրջ 62 մլն 897 հազար դրամ հատկացնել ֆիլհարմոնիայի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի համար «Սթենվեյ» ռոյալ ձեռք բերելու համար: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նվաճումներ ունի դասական երաժշտության ոլորտում, աշխարհահռչակ երաժիշտներ են գալիս Երևան համերգներով, իսկ առկա երաժշտական գործիքները չեն համապատասխանում անհրաժեշտ համաշխարհային չափանիշներին: Եվ ռոյալի ձեռքբերումը միայն առաջին քայլն է այդ չափանիշներին համապատասխանելու գործում:

Բացի դրանից, իտալացի մասնագետների մասնակցությամբ կառավարության շենք կտեղափոխվեն Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները, որոնք գտնվում են Գյումրիի Էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանում: «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների տեղափոխման, ամրացման և վերականգնման համար Մինաս Ավետիսյանի հիմնադրամին կհատկացվի շուրջ 20 մլն դրամ: Ընդհանուր առմամբ Գյումրիում է գտնվում Մինասի 12 որմնանկար, որոնք շատ վատ վիճակում են գտնվում և վերականգնման կարիք ունեն: Այդ մասին հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և առաջարկել է աճուրդի հանել այդ աշխատանքները` նշելով, որ բազմաթիվ հայ գործարարներ կցանկանան իրենց մեծ գրասենյակներում ունենալ արվեստի գործեր և միջոցներ կհայթայթեն որմնանկարների տեղափոխման համար:

Իսկ հայկական հուշարձանների պահպանությանը ձեռնամուխ է եղել հայ երիտասարդությունը. հունիսի 16-ին Երևանում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Երևանի պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհրդի հետ համատեղ կազմակերպեց մի ակցիա, որի շրջանակներում մաքրվեցին և բարեկարգվեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի և Արամ Խաչատրյանի հուշարձանները: Հուշարձանների մաքրման ակցիան կրելու է շարունակական բնույթ: Նմանատիպ միջոցառումների միջոցով երիտասարդները փորձում են հասարակության ուշադրությունը հրավիրել անվանի գործիչների հուշարձանների պահպանության խնդրին:

Հայաստանը միացել է աշխարհի 110 երկրներին, որտեղ նշվում է երաժշտության համաշխարհային օրը: Այստեղ այն կնշվի 4րդ անգամ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

Աշխարհում ավանդույթ է դարձել նշանակալի միջազգային փառատոնները բացել և փակել հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի ղեկավարած Almazian's Obsession համույթի ելույթով: Համույթը ելույթ է ունեցել առաջատար ԶԼՄ, այդ թվում CNN կարծիքով լավագույն միջազգային փառատոններում: Այս տարի համույթն իր ելույթով կբացի Սկոպյեի ամառային փառատոնը (Skopje Summer 2010): Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Խաչատուր Ալմազյանը, փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը և համույթի համերգը տեղի կունենան հունիսի 21-ին` Մակեդոնիայի օպերայի և բալետի մեծ դահլիճում:

Երևանում նշեցին ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու 170-ամյակը: Հունիսի 18-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Ռուսաստանի մեծ անունները» երեկոն` նվիրված մեծանուն ռուս կոմպոզիտորի հոբելյանին, որի ժամանակ հնչեցին երգահանի անմահ ստեղծագործությունները:

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի մշակութային ժառանգությանը ծանոթացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Շաբաթ օրը նա Սանկտ Պետերբուրգի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում ներկա է գտնվել հայկական ձեռագրերի և հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև նախագահն ուղեկցվել է Վոլտերի սենյակ, որտեղ ծանոթացել է նրա անձնական գրադարանին, Հայաստանին և հայերին ունեցած նրա առնչություններին:

Շաբաթվա ավարտը նշանավորվեց տխուր իրադարձությամբ. մշակույթի և արվեստի գործիչները հրաժեշտ են տվել նկարիչ Վարուժան Վարդանյանին: ՀՀ վաստակավոր նկարչին հրաժեշտ տալու համար գործիչները եկել էին Հայաստանի Նկարիչների միություն: Ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
«Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը

«Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---