17  29.09.12 - Մոտոցիկլային շոու "Redbull X-Fighters Jams" 2012

Մոտոէքստրեմալների շոուն դեռ երկար կմնա երևանցիների հիշողության մեջ

Մոտոէքստրեմալների շոուն դեռ երկար կմնա երևանցիների հիշողության մեջ

PanARMENIAN.Net - Երևանում կայացավ Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի երկար սպասված շոուն: Մեկնարկից դեռևս 2 ժամ առաջ ամբոխը, սովորության համաձայն, սկսեց կուտակվել միջոցառման համար հատկացված տարածքի շուրջը, մի մասը՝ կանխավ իմանալով կայանալիք շոուի մասին, իսկ մյուսը՝ պարզելու համար, թե «էսի՞նշ համերգա»: Նախքան մարզիկների ելույթները հատուկ հրավիրված դիջեյն արդեն մեծ ուշադրություն էր գրավել միջոցառման հանդեպ dubstep, hardcore և techno դինամիկ ու ակտիվ երաժշտության շնորհիվ: Երբ արդեն պարզ դարձավ, թե ինչ է սպասվում մայրաքաղաքի գլխավոր հրապարակում, քննարկման առարկա դարձավ 3 մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակը. «Հա բայց սրա վրա ի՞նչ պտի թռվռան»: Երևանցիները անհամբերությամբ էին սպասում շոուի մեկնարկին և դրա հետ մեկտեղ սնահավատորեն էին մոտենում շոուի՝ իրենց վրա անմոռանալի տպավորություն գործելու վերաբերյալ հաղորդավարի հավաստիացումներին: Մի մասի համոզմամբ՝ դա հերթական «գռդոնչիների» ներկայացումը պիտի լիներ, բայց...

Կասկածները կամաց-կամաց ցրվեցին այն բանից հետո, երբ հարթակում հայտնվեցին օրվա հերոսները՝ Ալեքսեյ Կոլեսնիկովը, Դանիել Բոդինը, Կիրիլ Գավրիլովը և Ալեքսեյ Այսինը: Առաջին անգամ Հայաստանում գտնվող մոտոցիկլավարները թռչունի պես սավառնում էին երկնքում` կատարելով իրենց անհավանական հնարքները և հաստատելով մարդկային հնարավորությունների անսահմանության վարկածը: Հատուկ ցատկահարթակի վրա մոտոէքստրեմալները ցուցադրեցին իրենց գլխապտույտ հնարքները գետնից ավելի քան 10 մետր բարձրության վրա` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը:

Երեք մասից բաղկացած շոուն ուղեկցվում էր համաշխարհային ռոք և մետալ երաժիշտների երգերով, իսկ կենդանի նվագակցությամբ հանդես եկավ Dogma ռոք խումբը: Դժվարանում եմ ասել՝ արդյոք Հայաստանում կգտնվեր այլ ռոք խումբ, որը կապահովեր շոուի ադրենալինը, բայց փաստն այն է, որ հանրահայտ Nirvana-ի ոչ պակաս հանրահայտ “Smells like teen spirit” «վայրենի» երգից հետո Dogma-ի “Hide and Seek”-ը մի տեսակ էն չէր, դրայվը կորավ:

Ինչևէ, Հայաստանի սպորտային աշխարհում բացառիկ այդ իրադարձությունը կայացավ, և հանդիսատեսը, ինչ խոսք, ցնցված էր: Հեռուստացույցով բազմաթիվ անգամներ դիտած մոտոմրցույթները երբեք չեն կարող փոխանցել այն, ինչ զգում ես կյանքի ու մահվան միջև «խաղեր տվող» մարզիկներից մի քանի մետր հեռավորության վրա: Ամենախելառ հնարքների հեղինակ, Ռուսաստանում FMX հիմնադիր Ալեքսեյ Կոլեսնիկովը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե որտեղ կարելի է սովորել այս ամենը, եթե այս երեկոյից հետո որևէ մեկի մոտ ցանկություն է առաջացել, նշեց. «Եթե ուզում եք, ուրեմն պետք է սկսեք ինքներդ պարապել: Այստեղ դրա համար հատուկ դպրոցներ չկան, բայց մեզ մոտ էլ չկային, երբ մենք էինք սկսում: Պարզապես շատ աշխատեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի»:

Անի Պապոյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---