9  18.06.13 - ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանը այցելեց Սանահին վահանական համալիր

Վարչապետը ծանոթացել է Սանահինի վերականգնողական աշխատանքներին

Վարչապետը ծանոթացել է Սանահինի վերականգնողական աշխատանքներին

PanARMENIAN.Net - Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջին կանգառը եղել է Սանահինի վանական համալիրում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության ղեկավարին ծանոթացել է համալիրում կատարված և առաջիկայում իրականացվելիք վերականգնողական աշխատանքներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Զեկուցվել է, որ վարչապետ Սարգսյանի հանձնարարականով Սանահին վանական համալիրի Սբ. Աստվածածին (10-րդ դ.) և Սբ. Ամենափրկիչ (966 թ.) եկեղեցիների հարակից նախագավիթ-տապանատան, գավթի և Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի վերականգնման-ամրակայման աշխատանքները մեկնարկել են 2012 թ. երրորդ եռամսյակից:

Աշխատանքների իրականացման համար 2012 թ. պետական բյուջեով հատկացվել էր 18 մլն դրամ: Արդեն իսկ մասնակի վերականգնվել է համալիրի Ս. Աստվածածին 10-րդ դարի եկեղեցին, հեռացվել է պատերի բուսածածկը, ամրակայվել և վերականգնվել են պատերի ու ծածկասալերի առանձին հատվածներ:

Համալիրի վերականգնման ուղղությամբ 2013 թ. պետական բյուջեով հատկացվել է 22,5 մլն դրամ, որը նախատեսվում է ծախսել Ս. Աստվածածին եկեղեցու նախագավթի և Մագիստրոսի ճեմարանի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքների իրականացման համար:

Տեղեկացվել է, որ ի կատարումն Տիգրան Սարգսյանի հանձնարարականի՝ 2010-2011 թթ. ընթացքում, մինչ հուշարձանի ամրակայման, վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, իրականացվել են պահպանվածության առումով համալիրի առավել վթարված գլխավոր` արևմտյան թևի հուշարձանախմբի կառույցների համալիր գիտական ուսումնասիրություններ:

Մասնավորապես, Վենետիկի վերականգնման կենտրոնի և Բեռլինի բարձր տեխնոլոգիաների համալսարանի մասնագետների կողմից ժամանակակից լազերային սարքերով եռաչափ ճշգրիտ չափագրումների միջոցով սահմանվել են հուշարձանների պատերի ձևախախտումների ու ճաքերի առաջացման պատճառները, բնույթն ու դրանց ներկա վիճակը: Ֆրանսիացի մասնագետներն ուսումնասիրել և ներկայացրել են առաջարկներ՝ կառույցների ծածկերի ջրամեկուսացման արդի տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ, իսկ ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինստիտուտի կողմից իրականացվել են տարածքի մասնակի պեղման ու հնագիտական հետախուզական աշխատանքներ:

Բացի այդ, բացվել և ուսումնասիրվել են Սբ. Ամենափրկիչ (966 թ). համալիրի հիմքերն ու հիմնատակերը, տրվել տեղանքի ինժեներաերկրաբանական պայմանների վերաբերյալ եզրակացություն, ներկայացվել հուշարձանների հետագա պահպանությանը միտված արդյունավետ միջոցառումների կիրառման առաջարկություններ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Դսեղ գյուղում, որտեղ Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ջեռուցման, հիդրոմեկուսացման և վերանորոգման արդեն իսկ ավարտված աշխատանքներին: Դրանց իրականացման համար ներդրվել է 8 մլն 940 հազար դրամ, այդ թվում 894 հազարը՝ համայնքի բյուջեից:

Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ նմանատիպ կարևորագույն օբյեկտները գտնվում են կառավարության և անձամբ իր անմիջական հսկողության ներքո:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---