Երեւանում նշել են բանաստեղծ Դանիել Վարուժանի 125-ամյակը

PanARMENIAN.Net - Հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի 125-ամյակի կապակցությամբ նրա անունը կրող դպրոցում տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, գրականության թանգարանի տնօրեն Հենրիկ Բախշյանը եւ մշակույթի այլ գործիչներ:



Բոլոր հյուրերը ծաղիկներ են դրել Դանիել Վարուժանի հուշարձանի մոտ: Ըստ թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելիա Պետրոսյանի, դպրոցն առանձնահատուկ վերաբերմունք ունի Վարուժանի ստեղծագործության հանդեպ, ինչը շատ վառ է արտահայտվել դպրոցականների աշխատանքներում:



«Մեկ ամսվա ընթացքում մեր դպրոցի 41 դասարաններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր Վարուժանին: Կազմակերպվել են տարբեր միջոցառումներ, որտեղ ներկայացվել են Դ.Վարուժանի ստեղծագործությունների հիմնական թեմաները, ընթերցվել են նրա բանաստեղծությունները,-նշել է Պետրոսյանը` ապրիլի 23-ին տեղի կունենա պարգեւատրման արարողությունը: Սահմանվել է 16 պարգեւ, որոնք կխրախուսեն հայ գրականության հետագա ուսումնասիրությունը դպրոցականների կողմից»,-եզրափակել է դպրոցի տնօրենը:



Միջոցառման ընթացքում դրվագներ են ներկայացվել Վարուժանի կյանքից եւ տեսարաններ նրա ստեղծագործությունների հիման վրա: Վարուժանի դերը կատարում էր դպրոցի նախկին աշակերտ, Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսանող Արթուր Գաբրիելյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի մայրը` Ռոզա Ծառուկյանը տպավորված էր Արթուր Գաբրիելյանի խաղով եւ պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել նրա ուսումը բուհում:



Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն, իր հերթին, ողջունեց նման միջոցառումների անցկացման գաղափարը, նշելով դպրոցականների ելույթների բարձր մակարդակը: «Ես կրկին զգացի Վարուժանի ստեղծագործությունների ողջ խորությունն ու դրամատիզմը դպրոցականների անկեղծ ելույթների շնորհիվ»,-ասել է Մուրադյանը:



Միջոցառման ավարտին գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը դպրոցին նվիրեց Վարուժանի հատընտիր ստեղծագործությունների նոր հրապարակումը: Գրող եւ թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանն, իր հերթին, դպրոցին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին պատմող իր թարգմանած գիրքը, որի գլխավոր հերոսը Դանիել Վարուժանն է: Գրքի հեղինակն է իսպանուհի գրող Անգլադան, այն գրված է կատալոներեն:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---