Թբիլիսիում վախճանվել է նկարչուհի Գայանե Խաչատրյանը

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է նկարչուհի Գայանե Խաչատրյանը : 60-ամյա նկարչուհու գործերը, ով իր ողջ կյանքը Թբիլիսիիում էր անցկացրել եւ իր արվեստը նվիրել էր հայ մշակույթի եւ պատմության պատկերմանը, ընտրվել էին Վենետիկում հունիսի սկզբին կայանալիք 53-րդ Բիենալում Հայաստանը ներկայացնելու համար:



Գայանե Խաչատրյանի նկարները բարձր էր գանահատում Մարտիրոս Սարյանը` որպես իրենց յուրօրինակությամբ, թովչանքով եւ պոետիկությամբ գերող: Նկարչուհին ինքն իր նկարները նկարագրում էր որպես տատիկի պատմած հեքիաթների եւ պատմությունների արտացոլանք, ուստի, այդ պատճառով, դրանք ստացվում էին թատերականացված:



Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ճանաչված նկարչուհու մահվան կապակցությամբ:



«Հայ կերպարվեստը մեծ կորուստ է ունեցել: Կյանքից հեռացել է ճանաչված նկարչուհի, անուրջների գույների եւ հեքիաթային կերպարների վարպետ Գայանե Խաչատրյանը», - նշվում է ՀՀ նախագահի մամլո ծառայության կողմից տրամադրած նախագահի ուղերձում:



Նախագահը նշել է, որ Փարաջանովից հետո նա դարձել է Թբիլիսիի հայերի համայնքի յուրօրինակ խորհրդանիշը, նրա անունը վաղուց դուրս է եկել երկրի եւ ազգային պատկանելիության սահմաններից:



Գայանե Խաչատրյանը վաղ մանկությունից իրեն նվիրել է նկարչությանը: Նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի հետ Գայանեի ծանոթությունը մեծ հետք է թողել նկարչուհու արվեստի վրա եւ նպաստել է տարբեր ցուցահանդեսներին նրա մասնակցությանը: Ավելի ուշ Գայանե Խաչատրյանի գործերրը ցուցադրվել են Պորտուգալիայում, Փարիզում, Լիոնում, Մարսելում: Տարբեր տարիներին մի քանի վավերագրական ֆիլմեր են ստեղծվել Գայանեի կյանքի եւ գործերի մասին: Նկարչուհու գործերը կարելի է տեսնել Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում եւ մի շարք մասնավոր հավաքածուներում:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---