Հոկտեմբերի 30-ին Երեւանում կկայանա էլեկտրոնային երաժշտության լեգենդ «Սփեյս» խմբի համերգը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա էլեկտրոնային երաժշտության լեգենդ «Սփեյս» խմբի համերգը: Համերգը կուղեկցվի լազերային շոուով:



«Մեզ համար մեծ հաճույք է Հայաստանում համերգով հանդես գալը: Դեռեւս Խորհրդային Միության տարիներին մենք 20 համերգով հանդես ենք եկել Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, որոնց ընթացքում սեր ծնվեց «Սփեյսի» եւ ԽՍՀՄ հանրապետությունների միջեւ: Ավելի քան 600 հազ. տոմս էր վաճառվել դժվարին, բայց եւ հաջողված համերգային շրջագայության ընթացքում: Մեր համերգները լսելու էին գալիս ե'ւ երեխաները, ե'ւ մեծերը, ինչն էլ բեմի մարդկանց համար ամենալավ նվերն է: Այդ տպավորությունները դեռեւս թարմ են, եւ մենք համոզված ենք, որ երեւանյան համերգը նույնպիսի տպավորություն կթողնի»,- հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Սփեյս»-ի մենակատար Դիդյե Մարուանին:



Համերգին նախատեսված է նաեւ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանի մասնակցությունը: «Ջիվան Գասպարյանի հետ համերգ տալը մեծ պատիվ է մեզ համար, չէ՞ որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները պարզապես խոսքեր չեն: Դեռեւս 20 տարի առաջ Շառլ Ազնավուրը հրավիրել էր ինձ մասնակցելու «Քեզ համար Հայաստան» տեսահոլովակի ստեղծմանը: Դա լավ երգ էր, եւ ես ուրախ եմ, որ մասնակցել եմ այդ նախագծին»,- նշեց Մարուանին: Նա նաեւ ասաց, որ 2010թ. «Սփեյսը» կթողարկի նոր ալբոմ ռուս տիեզերագնացների մասին, որը կոչվելու է «Երկրից դեպի Մարս»:



«Մեր երաժշտության բազմազանությունը բացատրվում է ինքնարտահայտման պահանջարկով: Պարբերաբար երաժշտական աշխարհ են մուտք գործում նոր տարրեր եւ ի հայտ են գալիս նոր հնարավորություններ: Օրինակ` սինթեզատորի հայտնվելու հետ միասին պարզ դարձավ, որ այն շատ արագ կորցնում է իր նշանակությունը: Բայց չէ՞ որ այն դարի գործիքն էր դարձել»,- ընդգծեց Դիդյե Մարուանին:



«Սփեյս» խմբի երեւանյան համերգի կազմակերպիչը «Յունիբանկ» ՓԲԸ-ն է:



«Սփեյս» խումբը 1977թ. ստեղծել է Դիդյե «Ecama» Մարուանին` Ռոնալդ Ռոմանելլիի եւ Յանիկ Թոփի հետ միասին: Դիդյե Մարուանին այդ ժամանակ արդեն հայտնի էր որպես փոփ երաժշտության մենակատար, բայց շուտով ամբողջովին կենտրոնանում է իր խմբի վրա: Վաղ ժամանակաշրջանում երաժիշտները ամեն անգամ շեշտում էին իրենց խմբի գիտաֆանտաստիկ ուղղվածությունը` հաճախ հանդես գալով բեմական հագուստներով, որոնք նման էին սկաֆանդրերի: 1970-ականների վերջին խումբը թողարկում է երեք հաջողված ալբոմ` Magic Fly, Deliverance и Just Blue, որոնք ընդհանուր առմամբ վաճառվեցին 12 միլիոն պատճենված տպաքանակով: Դրանից հետո խումբը քայքայվեց, որի հետեւանքով խումբը լքեց հիմնադիր Մարուանին: Սակայն խումբը1980թ. եւս մեկ ալբոմ թողարկեց` Deeper Zone, որից հետո 1981թ. վերջնականապես լուծարվեց: Դիդյե Մարուանին շարունակում էր իր փայլուն կարիերան. թողարկում է Paris-France-Transit и Space Opera ալբոմները: Մինչեւ 1990թ. նրա խումբը հանդես էր գալիս Didier Marouani & Space անունով, մինչեւ Դիդյեն դատարանի միջոցով թույլտվություն ստացավ օգտագործել «Սփեյս» անվանումը` այդպիսով վերստեղծելով խումբը:



Մարուանին իր խմբով բազմաթիվ համերգներ է տվել ԽՍՀՄ-ում: 1983 թ. նա առաջին անգամ հանդես եկավ Մոսկվայում, իսկ 2001-2004թթ. «Սփեյսը» նախաձեռնեց մեծ շրջագայություն Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքներում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---