Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում զուգադիպեց հոբելյանական երկու տոնի

PanARMENIAN.Net - «Փետրվարի 26-ին Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում բացվել է պատկերասրահի պահոցում պահվող Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդեսը», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է նկարչի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Նա պատմել է, որ այդ ցուցահանդեսի ծրագիրը ներկայացրել է ինքը դեռեւս անցյալ տարվա մայիսին:

Այդ իրադարձությունը զուգադիպել է մեկ իրադարձության հետ եւս` 2010 թ. լրանում է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում Սարյանի նկարների մուտքագրման 100 ամյակը: «Սարյանի նկարները պատկերասրահում տեսնելու ցանկություն է ունեցել նրա տաղանդի երկրպագու Վալենտին Սերովը:

Նա 1908 թ. արգելել էր Սարյանին վաճառել նկարները, համոզված լինելով, որ պատկերասրահն այն գնելու է: Սարյանի առաջին նկարները գնվել են 1910 թ.», - պատմել է Ռուզան Սարյանը:

Տրետյակովյան պատկերասրահում ցուցադրվել են պահվող 67 նկարներից 50-ը:

Մարտիրոս Սարյանը (1880-1972) հայ նկարիչ է, նկարել է բնանկարներ, գծանկարներ եւ թատերական բնույթի նկարներ: ԽՍՀՄ ՆԱ իսկական անդամ է եղել (1947), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), Հայկական ԽՍՀ նկարիչների միության նախագահն է եղել 1947-1951թթ., Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, Լենինյան եւ Ստալինյան պարգեւների դափնեկիր:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---