Վարչապետը բարձր է գնահատել Սուրբ Սարգսի տոնակատարությունների ավանդույթի վերականգնումը

PanARMENIAN.Net - ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 25-ին մասնակցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությանը: Մրցանակաբաշխությունը հանդիսապետում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ներկա էին Աշխարհի հայ նկարիչների միության վարչության անդամներ:Տիգրան Սարգսյանը պատվոգրեր է հանձնել ցուցահանդես-մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդ ստեղծագործողներին` գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի եւ դեկորատիվ արվեստի ճյուղերում ներկայացված աշխատանքների համար:

Այնուհետեւ, Աշխարհի հայ նկարիչների միության վարչությունը Տիգրան Սարվսյանին պարգեւատրել է «Մոմիկ» շքանշանով եւ շնորհել անդամության պատվավոր կոչում:

«Սրբազան հայր, հարգելի գործընկերներ: Իմ շնորհակալությունն եմ հայտնում Աշխարհի հայ նկարիչների միությանը, որ ինձ շնորհել են այս պարգեւը: Իհարկե, մյուս կողմից էլ դա պարտավորեցնող է. պետք է ուշադրության կենտրոնում պահել այն խնդիրները, որոնք մտահոգում են մեր նկարիչներին եւ ավելի լայն հնարավորություններ ստեղծել մեր տաղանդաշատ նկարիչների համար` բարձր պահելու հայկական արվեստի համբավն ամբողջ աշխարհում, ինչին կոչված է նաեւ այս կազմակերպությունը», - ասել է ՀՀ վարչապետը:

Նա բարձր է գնահատել Սուրբ Սարգսի տոնակատարությունների ավանդույթի վերականգնումը եւ մասնավորապես նշել. «Տեսնում ենք, որ մեր երիտասարդներն արդեն Սուրբ Սարգսի հիշատակության օրն ընկալում են որպես տոն, առանց որի այլեւս հնարավոր չէ պատկերացնել անկախ Հայաստանի կյանքը: Մեզ շատ է ուրախացնում խորհրդային տարիներից հետո հայկական ավանդույթներն ու տոները մեր կյանք ներառելը: Սա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ փոխվում է մեր մտածողությունը եւ վերաբերմունքն ազգային արժեքների նկատմամբ: Այսօր բուռն բանավեճեր են ծավալվում Հայ առաքելական եկեղեցու անելիքների վերաբերյալ, նրա հասարակական դոկտրինի վերաբերյալ, ինչը շատ դրական եմ գնահատում, որովհետեւ եթե կա ուշադրություն այս հարցերի շուրջ, նշանակում է, գալու է մի նոր փուլ, այն է` Հայ առաքելական եկեղեցին կստանա գործունեության ավելի լայն դաշտ, հավատացյալների ավելի մեծ զանգված, ում հետ նա կարող է աշխատել` իրականացնելու իր առաքելությունը: Այն ձեռնարկները, որ այսօր իրականացնում է նաեւ Արարատյան թեմը` Նավասարդ սրբազանի գլխավորությամբ, վկայում են այն մասին, որ երիտասարդների շրջանում արդեն շատ մեծ հետաքրքրություն կա եկեղեցու նկատմամբ, մեր առօրյա այնպիսի կյանքի ու կենցաղավարության նկատմամբ, ինչպիսին քարոզում է եկեղեցին»:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---