Սեպտեմբերի 11-15-ը Հայաստանում հանդես կգա «Բրազավիլ» ինդի փոփ խումբը

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանության աջակցությամբ 2010թ. սեպտեմբերի 11-15-ը հայ հանդիսատեսին կներկայանա ինդի փոփ ժանրը ներկայացնող «Բրազավիլ» խումբը: «Բրազավիլը» Երևանում ելույթ կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 20:00 Սիրահարների այգում, հասցեն` Բաղրամյան 21: Սեպտեմբերի 13-ին խումբը կլինի Գյումրիում ու նույն օրը ժամը 19:00 համերգով հանդես կգա տեղի դրամատիկական թատրոնի շենքում: Խումբը նաև հանդես կգա երաժշտական դպրոցի սաների համար Հրազդան քաղաքում և կանցկացնի վարպետության դասեր Երևանում: Բոլոր միջոցառումներին մուտքն ազատ է:

Հայաստանյան ծրագրով խումբը եզրափակում է իր միջազգային հյուրախաղերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում:

«Բրազավիլ» խումբը ձևավորվեց 1997թ. Դեյվիդ Արթուր Բրաունի (վոկալ, կիթառ) կողմից: Խմբի մյուս անդամներն են. Մեթյու Ռեյնոլդս Դե Մերիթ (շեփոր, ստեղնային գործիքներ), Իվան Նայթ (հարվածային գործիք), Քեննի Լայեն (կիթառ), և Դեյվիդ Ռեյլիք (սաքսոֆոն, թրոմբոն): «Բրազավիլը» թողարկել է ինն ալբոմ, որոնք մեծ հնչեղություն են ստացել: Դրանց շարքում են «Դեռահասի ամառային օրերը» և «Արևելյան Լոս-Անջելեսի զեփյուռը» ալբոմները, որոնք ռուսական հիթ շքերթների ամենապատվավոր տեղերում հայտնվեցին` դրանցում ներառված էր «Կինո» խմբի «Արև անունով աստղը» երգի անգլերեն տարբերակը: Իսկ խմբի կենդանի կատարումներով «Բրազավիլը Ստամբուլում» ալբոմը տեղ գտավ Եվրոպայի համաշխարհային ալբոմների լավագույն քսանյակում: Խմբի մասին հրապարակումներ են եղել Լոս Անջելես թայմսում, Նյու Յորքերում, Աֆիշայում և այլ հրատարակություններում: Խումբն հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, ընդ որում տոմսերը մշտապես սպառվել են համերգներից շատ առաջ: Խմբի երաժշտարվեստի վրա իր ազդեցությունն է ունեցել Լոս-Անջելեսի բազմամշակութային ու բազմազգ միջավայրը: Անշուշտ ազդեցություն է ունեցել նաև խմբի միջազգային փորձը: «Բրազավիլը» հետամուտ է այն պարզունակ գաղափարին, որ աշխարհը մի գեղատեսիլ վայր է` լեցուն բազում հրաշալիքներով, և մշակութային փոխանակումները կարող են վերացնել առկա պատնեշները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---