ԵՊՀ-ում տեղի ունեցավ գրքերի շնորհանդես` նվիրված Թարգմանչաց տոնին

ԵՊՀ-ում տեղի ունեցավ գրքերի շնորհանդես` նվիրված Թարգմանչաց տոնին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանի Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ իտալերեն, իսպաներեն, բրազիլերեն լեզուներով թարգմանված գրքերի շնորհանդես` նվիրված Թարգմանչաց տոնին: Թարգմանության հեղինակները ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողներն են:

Շնորհանդեսին իրենց մասնակցությունը բերած բոլոր ներկաները` ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը, Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Վահան Սարգսյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Մարիա Նիրկոդեմոսը և այլք, համոզված էին, որ այդ համագործակցությունը կլինի շարունակական և կնպաստի թարգմանության միջոցով մշակութային երկխոսությանը:

Երկու գրքերում, որոնք վերնագրված են «Ծաղիկ թարգմանությանց», իտալական և իսպանական գրականությունից ընտրված ստեղծագործությունների թարգմանություն–ծաղկաքաղեր են : Գրքում նեկայացված են շուրջ երկու տասնյակ հեղինակներ, ում մի քանի գործեր առաջին անգամ են հայերեն թարգմանվում (որոշ թարգմանությունների կցված են նաև բնագիր տեքստեր): Երրորդ գրքում ամփոփված են հայ բանաստեղծ Վահան Տերյանի բանաստեղծությունների ընտրանին` պորտուգալերեն թարգմանությամբ և բրազիլացի բանաստեղծ Մանուել Բանդեյրայի բանաստեղծությունները` հայերեն թարգմանությամբ: Գիրքը, ինչպես նշեց ՀՀ-ում Բրազիլյայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարսելա Մարիա Նիկոդեմոսը, եզակի է ու միակը, և հույս հայտնեց, որ այն կլինի առաջին քայլը այդ ասպարեզում:

Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Վահան Սարգսյանը իր խոսքում ընդգծեց հայ թարգմանության ավանդույթները պատմական օրինակով.«Մեր ուսանողների շնորհիվ ստեղծվում է մշակութային երկխոսություն: Մենք ունենք թարգմանչաց մեծ ավանդույթներ. եզակի ազգ ենք, որ ունի Թարգմանչաց տոն: Սա ուսանողական նախաձեռնություն է, որի օրինակը մենք ունենք դեռևս 1874 թ.–ին, երբ Պոլսի Սահակյան վարժարանի սանի թարգմանությամբ լույս էր տեսել իսպանացի նշանավոր հեղինակ Սերվանտեսի «Դոն Կիխոտ» գիրքը: Այսպիսի ուսանողներ ենք ուզում դաստիարակել նաև մեր պետականության պայմաններում»: Լավագույն թարգմանությունների հեղինակները արժանացան պատվոգրերի:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---