ԱՐՄՄՈՆՈ. Հայ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց եգիպտական «Կարմենը»

ԱՐՄՄՈՆՈ. Հայ հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց եգիպտական «Կարմենը»

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնի դահլիճում ԱՐՄՄՈՆՈ մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Սամաա Իբրահիմ Ալիի «Կարմեն» ներկայացումը:

Բեմադրությունը պատմում է թատրոնի աղքատ և ոչ տառաճանաչ հավաքարարի մասին, ով Բիզեի «Կարմեն» ներկայացումից առաջ բեմն է մաքրում: Նա բեմ է բարձրանում դահլիճից, բողոքում է իր կյանքից: Հետո սկսում է պատմել Կարմենի կերպարի մասին և ընկնում երևակայության գիրկը: Նրա կյանքի պատմությունը, կարծես, նույնական է Բիզեի հերոսուհու պատմության հետ: Հանդիսատեսի համար անսպասելի, դերասանուհին սկսում է երգել Կարմենի ամենահայտնի հատվածներն արաբերենով:

Հանդիսատեսի որոշ զանգվածին թվաց, որ «Կարմենն» ունի քաղաքական ենթատեքստ, սակայն ռեժիսորը ժխտեց այդ կարծիքը` ասելով, որ «սա քաղաքական թեմա չէ: Սա պատմություն է ընդհանրապես ազատության մասին: Սա կանացի դժբախտություն է, որը վերաբերում է ինչպես մեր երկրի, այնպես էլ աշխարհի մյուս երկրների կանանց»:

Դերասանուհուն դուր եկավ հայ հանդիսատեսը, նա անշեց, որ ուրախ է տեսնել նման դրական արձագանք հանդիսատեսից: «Իմ կարծիքով` յուրաքանչյուր կնոջ մեջ Կարմեն է ապրում: Նա ուզում է սիրել, նա ազատություն է տենչում: Դրա համար էլ ես որոշեցի անդրադառնալ այս թեմային», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամաա Իբրահիմ Ալին:

Սամաա Իբրահիմ Ալին ծնվել է 1975թ. Ալեքսանդրիայում, Եգիպտոս: 1997թ. ավարտել է Ալեքսանդրիայի համալսարանի նկարչության ֆակուլտետը: Եգիպտոսի ներկայացուցիչ Սամաա Իբրահիմ Ալին բավական հայտնի դերասանուհի է իր երկրում, մասնակցել է բազմաթիվ թատերական փառատոնների: Ներկայացումը բեմադրել է դերասանուհու եղբայրը` Այման Իբրահիմը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---