Օրերս լույս է տեսել Վերժինե Սվազլյանի գիրքը Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Օրերս լույս է տեսել Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը: Այն ընդգրկում է Հայոց ցեղասպանության ականատեսներից և նրանց երեխաներից գրի առած Եղեռնի մասին հուշերը, պատմական երգ-վկայությունները, որոնք հեղինակը գրի է առել 1955 թ.-ից սկսած: Ընդհանուր թվով Վերժինե Սվազլյանը հավաքել է 700 միավոր վկայություններ: Գիրքը բաղկացած է 315 միավոր պատմական հուշ-վկայություններից, 70 միավոր պատմական զրույց-վկայություններից և 315 միավոր պատմական երգ-վկայություններից, առանձին ենթաբաժիններով, որտեղ ընդգրկված են զորահավաքի և բանտարկյալի երգեր, տեղահանության և կոտորածի երգեր, հերոսամարտերի, որբերի և նման այլ բովանդակության երգեր:

Գիրքը հրատարակվել է 500-ական օրինակով անգլերեն և հայերեն լեզուներով, գրքի անգլերեն տարբերակը վաճառվելու է ԱՄՆ-ում 100 դոլար արժողությամբ, իսկ հայերեն տարբերակը՝ 20.000 դրամ արժողությամբ: Հայերեն տարբերակը բաղկացած է 880 էջից, իսկ անգլերեն տարբերակը` 848: Օրերս լույս կտեսնի գրքի թուրքերեն տարբերակը, հայտնի թուրք իրավապաշտպան Ռագըբ Զառաքոլույի «Բելգե» հրատարակչատանը:

Բացի վերը նշվածից, գրի են առնվել 5 արաբ հեղինակների հիշողություններ, ովքեր Դեր-Զոր անապատից ընդունել են հայ գաղթականներին: Օգտագործվել են նաև ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտի որոշ արխիվներ: Բացի այս ամենից, գրքում ընդգրկված են նաև ամփոփումներ, համառոտագրություններ, ծանոթագրություններ, օտարալեզու բառարան, թեմատիկ, անձնանունների, տեղանունների ցուցիչներ, 288 միավոր լուսանկար և քարտեզներ:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող է, ավելի քան 500 գիտական և հրապարակախոսական հրատարակությունների, ավելի քան 20 գրքերի հեղինակ է: Վերժինե Սվազլյանը սկսած 1975 թվականից առ այսօր արժանացել է ավելի քան 20 պարգևների, որոնց մի մասը ստացել է սփյուռքում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---