Միրզոյանի հոբելյանական հանդիսության ժամանակ կցուցադրվի իր մասին պատմող ֆիլմ

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն, որի ժամանակ կհնչեն հոբելյարի տարբեր տարիների ստեղծագործություններից: Երեկոյի ընթացքում կցուցադրվի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի` կոմպոզիտորի մասին նկարահանած նոր տեսաֆիլմը:

Ծրագրում կհնչեն հատվածներ «Քաոս» ֆիլմի համար գրված երաժշտությունից (Տանգո, «Շուշանիկ»-քնարական պատկեր), Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում ջութակի և նվագախմբի համար (մենակատար` Նիկոլայ Մադոյան-ջութակ), Պոեմ-էպիտաֆիա լարային նվագախմբի համար, Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար: Համերգին մասնակցում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հանդիսության երաժշտական խորհրդատուն է` Արմեն Բուդաղյանը:

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ Սուրբ Մոսրոպ Մաշտոցի շքանշանակիր, այսօր արդեն ՀՀ նախագահի հրամանագրով Պատվո շքանշանակիր, պրոֆեսոր, Էդուարդ Միրզոյանը ծնվել է 1921թ. մայիսի 12-ին Գորի քաղաքում (Վրաստան): 1941 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վ Տալյանի ստեղծագործական դասարանը: 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948թ.-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1965 թ. Արժանացել է պրոֆեսորի կոչման: 1950-1952թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղար, 1952-1956թթ.` ԽՍՀՄ երաժշտական ֆոնդերի հայկական բաժնի նախագահ, 1962 թ.-ից` ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար, 1956-1992թթ.` Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, 1972-1986 թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ: 2001 թ.-ին ստացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---