Քաղաքականություն.

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԻՐԱՌՎԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Երեւանի եւ Բաքվի հանդեպ Եվրոպայի խորհրդի կիրառած հավասարության սկզբունքը կարող է հանգեցնել Հայաստանի համար անսպասելի հետեւանքների:

1 հուլիսի 2003
Եվրոպայի խորհրդի խարհրդարանական վեհաժողովը որոշել է հաջորդ նստաշրջան տեղափոխել Ադրբեջանում քաղբանտարկյալներին առնչվող բելգիացի պատգամավոր Ջորջ Կլեյֆարդի ներկայացրած զեկույցի քննարկումը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հենց ինքը` զեկուցողը` առաջարկելով պաշտոնական Բաքվին ժամանակ տալ իրեն ներկայացված ուլտիմատումը կատարելու համար: Այսպիսով, այս երկրի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը հետաձգվել է եւս երեք ու կես ամիս: Սա վերջնաժամկետն է: Քչերն են հավատում, որ մինչ Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը Հեյդար Ալիեւի վարչակարգը կհամաձայնի կատարել ԵԽԽՎ-ի պայմանները եւ ազատել ավելի քան 200 քաղբանտարկյալներին: Սա նշանակում է, որ արդեն սեպտեմբերին Ադրբեջանը նվազագույնը կզրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, իսկ առավելագույնը` այս միջազգային կազմակերպության անդամությունից:
 
---