Քաղաքականություն.

ԻԼՀԱՄ ԱԼԻԵւԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԵՐԻՆ

Երեւանը եւ Ստեփանակերտը հուսով են, որ Ալիեւ-կրտսերի ընտրությամբ կշարունակվի խաղաղ բանակցությունների գործընթացը:

16 հոկտեմբերի 2003
Ադրբեջանի նորընտիր նախագահի անունն արդեն հայտնի է: Ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը, ինչպես եւ սպասելի էր, վկայում են Իլհամ Ալիեւի համոզիչ հաղթանակի մասին: Սա իհարկե չի նշանակում, թե Ալիեւ-կրտսերն իրոք հավաքել է ձայների մեծամասնությունը: Տվյալ դեպքում ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես է իրականում քվեարկել ընտրողը: Կարեւորն այն է, որ մեծ տերությունները «հավանություն են տվել» իշխանության ինքնավերարտադրությանը: Կարծես թե, եւ Արեւմուտքին, եւ Ռուսաստանին, եւ տարածաշրջանի երկրներին ձեռնտու է, որ իշխանության ղեկը մնա այժմյան ղեկավար կլանի ձեռքում: Ի հավելումն սրա, անհրաժեշտ է նշել, որ թե Երեւանը, եւ թե Ստեփանակերտը սկզբունքորեն հետաքրքրված են նրանում, որ Ադրբեջանում նեոմենատիրական սցենարն անցնի առանց ավելորդ էքսցեզների:
 
---