
7 մայիսի 2004 - 05:00 AMT

07:02 GMT
Աջարիայում հաստատվեց խաղաղություն: Հակամարտությունը կարգավորվեց առանց արյունահեղության: Ճգնաժամը հնարավոր եղավ հաղթահարել առաջին հերթին Մոսկվայի ջանքերով, որը չիրականացրեց այնպիսի գործողություններ, որոնք կարող էին Ասլան Աբաշիձեի կողմնակիցներին մղել հակամարտության: Այսպիսով, ակնհայտ է, որ կենտրոնի եւ ինքնավարության միջեւ առկա հակամարտությանը վերջ դրվեց ոչ թե Վրաստանի եւ Աջարիայի ղեկավարների, այլ` արտաքին ուժերի օգնությամբ: Վրաստանի կախվածությունը հարեւան պետություններից` Ռուսաստանից եւ Թուրքիայից բավականաչափ մեծ է, որպեսզի պաշտոնական Թբիլիսին կարողանա անտեսել նրանց կարծիքը: Պատճառը, որը Վրաստանի ղեկավարությանը մշտապես ստիպում է նայել հյուսիս եւ հարավ, թաքնված է Մոսկովյան եւ Կարսի պայմանագրերում: Բոլշեւիկների եւ քեմալիստների հանցագործ համաձայնությամբ կնքված այդ փաստաթղթերը սահմանափակեցին Թբիլիսիի իրավունքները Աջարիայի տարածքի հանդեպ եւ Մոսկվային ու Անկարային մեխանիզմներ տվեցին ազատորեն միջամտելու Վրաստանի ներքին գործերին: