Քաղաքականություն.

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՏԱՆԴ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՈՉ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻ

37-ամյա բուխարեստյան լրագրող Էդուարդ-Օվիդիու Հովհաննիսյանն Իրաքում առեւանգված երկրորդ հայն է:

31 մարտի 2005
Որոշ մանրամասներ են բացահայտվել Իրաքում անհայտացած մեր հայրենակից, Ռումինիայի քաղաքացի Էդուրադ-Օվիդիու Հովհաննիսյանի եւ նրա երկու լրագրող-գործընկերների խնդրի վերաբերյալ: Չորեքշաբթի հաղորդագրություն է տարածվել, որ ահաբեկիչները Ռումինիայի կառավարությունից 4 միլիոն դոլարի փրկագին են պահանջել: Այնուհանդերձ, ամենայն հավանականությամբ, հանցագործների գլխավոր նպատակը ոչ թե գումար աշխատելն է, այլ` ուշադրություն հրավիրել Իրաքում իրենց ներկայությունը ծավալելու` Ռումինիայի կառավարության մտադրության վրա: Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն վերջերս է եղել Իրաքում: Այցից հետո նա որոշում է ընդունել ակտիվացնել իր երկրի մասնակցությունը հակաահաբեկչական կոալիցիայում:
 
---