

27 հուլիսի 2010 - 13:15 AMT

09:08 GMT
Հուլիսի 19-ին մեկնարկեցին Հայաստանի ու Եվրամիության միջև Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները: Բանակցությունների մեկնարկը հստակ նշում է Երևանի, Թբիլիսիի ու Բաքվի հետ Բրյուսելի առաջիկա համագործակցության շրջանակներն ու ձևաչափը: Իհարկե, Հայաստանի շարքային քաղաքացու համար դժվար կլինի միանգամից հասկանալ, թե ինչու ԵՄ-ն «Արևելյան գործընկերության»` բավական թարմ նախաձեռնության հետ զուգահեռ որոշում է տարածաշրջանում մեկնարկել ևս մեկ ծրագիր: Ասոցիատիվ համաձայնագիրը բոլորովին չի նշանակում, որ Եվրոպան լայնորեն բացում է իր դռներն ու շտապում իր շարքերն ընդունել նոր անդամների: Հաշվի առնելով հետճգնաժամային իրադրությունը ԵՄ անդամ երկրներում` Բրյուսելում սկսեցին զգուշավորությամբ վերաբերվել «եվրոպական ակումբին» միանալու` արևելյան հարևանների ձգտմանը: Ամենայն հավանականությամբ, հենց դրանով կարելի է բացատրել Թուրքիայի հիասթափությունը ԵՄ-ին անդամակցելու գործընթացից: Չնայած, որ Թուրքիան արդեն ավելի քան 45 տարի հանդիսանում է Եվրոպական Միության «ասոցացված անդամը», Անկարային հստակ հասկացրեցին, որ այդ կազմակերպությանը լիարժեք անդամակցելու գործում մոտ ապագայում չարժե հույսեր փայփայել: Բայց, այնուամենայնիվ, դա կողմերին չխանգարեց Մաքսային միության մասին համաձայնագիր կնքել և ակտիվորեն համագործակցել տնտեսության ու առևտրի ոլորտում: