
4 սեպտեմբերի 2010 - 17:24 AMT

05:26 GMT
Անցյալ շաբաթ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները հիմնականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջն էին կատարվում: Երևանում օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ համաշխարհային գործընթացների ուշադրության կենտրոնում: Նրա խոսքերի համաձայն, տարածաշրջանի քաղաքականությունը բազմակողմ է և Հարավային Կովկասում կարևոր է ուժերի հավասարակշռությունը: Այդ առումով Զաքարյանն ասել է, որ կարևոր դեր են խաղում վերջերս ձեռք բերված հայ-ռուսական պայմանագրերը, որոնք երկարացնում են տարածաշրջանում հավասարակշռության պահպանման հնարավորությունը, ինչպես նաև պաշտպանում են Հայաստանն արտաքին սպառնալիքներից: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ շարունակում է մնալ տարածաշրջանում կայունության պահպանման գլխավոր սպառնալիքը»,- ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը և հավելել, որ այդ քաղաքականությանը դիմակայելու տարբերակներից մեկը հայ-ռուսական պայմանագրերն են: