
30 ապրիլի 2011 - 12:51 AMT

00:01 GMT
Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որին մասնակցել են երկրում գործող 21 առևտրային բանկերի ղեկավարները: Նախագահի հետ անցկացվող խորհրդակցությունները դրական խթան են հաղորդում գործարարներին, որոնք արծարծում են կուտակված հարցերը, այդ թվում հարկային քաղաքականության ոլորոտում, գտնում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Կան գործոններ, որոնք խանգարում են բանկերին առավել ռիսկային վարկավորման դիմել կամ նվազեցնել տոկոսադրույքները: Բնականաբար, տոկոսադրույքները մտահոգում են նախագահին: Ինձ թվում է, որ նման հանդիպումները թույլ կտան մեղմել այդ անհանգստությունը»,-ասել է նա:
Ըստ ՀՀ ԿԲ ղեկավարի, բանկերի խնդիրների լուծումը թույլ կտա նվազեցնել առկա ռիսկերը, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազեցման: Ջավադյանը հայտնել է նաև, որ պայմանավորվածությունը բանկերի ղեկավարների հետ հանդիպման մասին վաղուց է ձեռք բերվել և այդ հանդիպումները հետևողական բնույթ են կրելու: