Հայաստան-Արցախ անվտանգ օդային միջանցքը կարող է անխափան աշխատել. երաշխիքը մեր ՀՕՊ ուժերն են

Հայաստան-Արցախ անվտանգ օդային միջանցքը կարող է անխափան աշխատել. երաշխիքը մեր ՀՕՊ ուժերն են

Ստեփանակերտի օդանավակայան. Թռիչքների հետաձգման պատճառներն ու Բաքվի սպառնալիքները

ԼՂՀ և Հայաստանի միջև քաղաքացիական օդային հաղորդակցության վերականգնումը չի կարող ռազմական վտանգի աղբյուր լինել: Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքը պետք է դիտարկել որպես ԼՂՀ քաղաքացիների համար հնարավորություն` իրացնելու իրենց ազատ տեղաշարժման իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: «Մարդու իրավունքները կախված չեն տարածքների կարգավիճակից և գործում են ամենուրեք»,- հիշնում է Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:

PanARMENIAN.Net - Օդանավակայնի շահագործման ձգձգման պատճառները

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը, ըստ Մասիս Մայիլյանի, նպատակահարմար է և կնպաստի ԼՂՀ-ում արտասահմանյան ներդրումների ներգրավմանն ու զբոսաշրջության` որպես Արցախի տնտեսության հեռանկարային և ճյուղի, զարգացմանը: «Հուսով եմ, որ տեխնիկական պատճառները, որոնք իշխանությունների կարծիքով խոչընդոտում են օդանվակայանի գործարկմանը, առաջիկայում կհարթվեն»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում ասաց Մասիսի Մայիլյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հավատում է ԼՂՀ ավիացիոն իշխանությունների հայտարարություններին և վստահ է, որ օդանավակայանի շահագործման ձգձգումը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը հակված չէ հավատալ, որ օդանավակայանի շահագործման ձգձգումը պայմանավորված է ինչ-որ տեխնիկական խնդիրներով: «Այստեղ շատ ավելի խորը պատճառներ կան, որոնք դրսից են գալիս: Դրանք այն խորհուրդները, առաջարկները կամ պահանջներն են, որոնք դրվում են ոչ միայն Ադրբեջանի առաջ՝ չխփել, այլև մեր առաջ՝ չսրել հարաբերությունները: Ինչպես կարելի է ավելի սրել, քան հիմա են, ես չեմ պատերացնում, բայց, համենայնդեպս, կարծում եմ, որ թռիչքների բացակությունը կապված է համանախագահող պետությունների միջամտության հետ»,- PanARMENIAN.Net ին ասաց քաղաքագետը:

Ամռանը՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ասել էին, որ օդանավակայանի գործունեությունը չի կարող որևէ կերպ փոխել ԼՂ կարգավիճակը և կողմերին կոչ արել գործել միջազգային օրենսդրությանն ու իրենց տարածքի վրայով թռիչքների իրականացման առկա պրակտիակայի համաձայն:

Կովկասագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովն իր հերթին նկատում է, որ Մինսկի խումբը հակասական հայտարարություններ է անում: Արևմտյան համանախագահներն առաջ էին տանում օդանավակայանի գործարկման գաղափարը: Հետագայում իր տեսակետը հայտնեց Ռուսաստանը, ըստ որի, այս պահին օդանավակայանի գործարկումը տեղին չէ: «Երևի թե Մինսկի խմբի արևմտյան երկրերը ընդունեցին այս տեսակետը: Քննարկումներն ակտիվացան հատկապես այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանից: Մի խոսքով, գործողությունները համաձայնեցված չեն և սա, իր հերթին, ձգձգում է օդանավակայանի գործարկումը: Սրանից, իհարկե, օգտվում է Ադրբեջանը, որը, հիշենք, խոստանում էր ոչնչացնել ինքնաթիռները: Իմ կարծիքով, հարցին նորից կանդրադառնան գարնանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույում ասաց ռուս փորձագետը:

Նա կարծում է, որ օդանավակայանը, անշուշտ, կգործարկվի, բայց այլ պայմաններում ու հանգամանքներում: «Գործարկումից հետո, Ադրբեջանի կողմից որևէ սպառնալիքի իրականացում չեմ սպասում: Կարծում եմ, այստեղ շատ բան է կախված նաև պաշտոնական Երևանի դիրքորոշումից»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ այնուամենայիվ, Ստեփանակերտի օդանավակայանը բացվելու է, և թռիչքները իրականանալու են: «Օդանավակայնը նրա համար չի կառուցվել, որ այդպես կանգնի: Ինչ-որ քաղաքական պահ է պետք, որին սպասում է հայկական կողմը»,- ասաց քաղաքագետը:

Սպառնալիքներ Բաքվից

Այն, որ Արցախի բնակչութունն ազատ տեղաշարժվելու իրավունք ունի, ասում է նաև միջազգային հանրությունը: Հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռ անցնող տարվա հուլիսին հայտարարել էին, որ կողմերը հրաժարվում են քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքից:

Բաքվում հավաստիացրել էին, սակայն օդանավերը վնասելու սպառնալիքների տարափը այդպես էլ չէր դադարում: Մասիս Մայիլյանն էլ նկատում է, որ Արցախում արդեն վաղուց ուշադրություն չեն դարձնում ադրբեջանական սպառնալիքներին և տարբեր հարցերը քաղաքականացնելու վրա: «Եթե մենք մեր երկրի զարգացումը կապեինք պաշտոնական Բաքվի կարծիքի հետ, ապա մեզ մոտ պետք է բացակայեին հեռախոսակապը, ինտերնետը, նորմալ ավտոմոբիլային հաղորդակցությունը, բանկային և փոստային ծառայությունները և այլն: ԼՂՀ-ում ցանկացած հնարավոր դրական զարգացում քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից: Բաքվի իշխանությունների նման վարքը ԼՂՀ համար որոշ դժվարություններ է ստեղծում` նկատի ունենալով ԼՂՀ-ի` ժամանակավորապես չճանաչված լինելը: Սակայն անցած 20-25 տարիների ընթաքում արցախցիները սովորել են հաղթահարել տարաբնույթ արգելքներ և վստահ առաջ շարժվել»,- ասաց նա:

Ադրբեջանը կարող է փորձել խանգարել այդ թռիչքներին, բայց ոչ՝ խփել: Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն իր այս համոզմունքը հիմնավորում է նրանով, որ Ադրբեջանը չի համարձակվի դա անել, որովհետև դա կլինի պատերազմական քայլ, որից հետո հայկական կողմը ստիպված կլինի սկսել պատերազմը: «Իսկ դա շատ տխուր հետևանքներ կբերի Ադրբեջանի համար: Եվ երկու կողմերն էլ դա շատ լավ են հասկանում»,- ասաց նա:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ կարծում է, որ «Ղարաբաղը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հասկացրել է, որ մեր թռիչքները վտանգվելու դեպքում, կարող են վտանգվել նաև Ադրբեջանի թռիչքները»:

Մասիս Մայիլյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ ԼՂՀ հարևանությամբ` Ադրբեջանի տարածքում, գործում են օդանավակայաններ և Ադրբեջանի քաղաքացիներն օգտվում են իրենց իրավունքից, իսկ քաղաքացիական օդանավակայանների աշխատանքը պատերազմի չի հանգեցնում:

Ստեփանակերտ ուղևորվող ինքնաթիռները կործանելու Բաքվից հնչող սպառնալիքների վերջնական պատասխանը տալիս է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամատար Մովսես Հակոբյանը: «Մեր օդանավակայանն անպայման գործարկվելու է, անվտանգության առումով որևէ խնդիր չկա։ Իհարկե, Ադրբեջանը կարող է ինքնաթիռ խփել նաև Երևանի տարածքում, բայց այսօր մեր հակաօդային պաշտպանությունն էլ Ադրբեջանի տարածքում օրվա ընթացքում 260 ինքնաթիռ է ուղեկցում»:

Հայաստան-Արցախ օդային կապը հենց հիմա էլ կարող է սկսել անվտանգ աշխատել

Ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի՝ ամեն բան կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա հիշեցրեց, որ ՄԽ համանախագահող երկրները հայտարարել էին, որը հարցը պետք է երկու երկրները լուծեն, իսկ Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է: «Եթե այդ երկրի իշխանություններն անցած 20 տարվա ընթացքում որևէ կառուցողական դիրքորոշում չեն ցուցաբերել, ապա դժվար թե այս հարցում կառուցողական լինեն: ԵԱՀԿ ՄԽ-ն, թողնելով դա կողմերի վրա, իր լուման է դնում նմանատիպ հարցի տապալման մեջ»,- ասաց քաղաքագետը: Նրա համոզմամբ՝ մենք պետք է գնանք կոշտ քայլերի: «ԼՂՀ հակաօդային պաշտպանության զորքերի հնարավորությունները թույլ են տալիս, որ Արցախի տարածքով չանցնի ոչ մի օբյեկտ: Ինչը ապացուցվել է նախորդ տարի, երբ Արցախում ոչնչացվեց ադրբեջանական անօդաչու թռչող սարքը: Հայաստան-Արցախ անվտանգ օդային միջանցքը կարող է անխափան աշխատել: Դրա համար պետք է, որ այդ միջանցքը երկու կողմից պաշտպանվի Հայաստանի և Արցախի հակաօդային ուժերի կողմից: Դժվար կլինի իրականացնել թռիչքները դեպի ուրիշ երկրներ»,- նկատեց Սերգեյ Շաքարյանցը:

Ավելացնենք, որ, ըստ փորձագետի, Հայաստան-Արցախ օդային կապը հենց հիմա էլ կարող է սկսել անվտանգ աշխատել, որովհետև դրանում անվտանգության երաշխիքը մեր հակաօդային ուժերի կոորդինացումն ու համագործակցությունն է: Հ.Գ. Ադրբեջանը Քաղավիացիայի միջազգային կազմակերպության` ICAO-ի անդամ է, և, հետևաբար, ստորագրել է կոնվենցիա, որով պարտավորվում է ոչ մի դեպքում սպառնալիք չստեղծել քաղաքացիական ավիացիայի օդանավերի համար: Նրանք կարող են օդանավին ստիպել վայրէջք կատարել, սակայն իրավունք չունեն խփել քաղաքացիական օդանավերը:

Հ.Հ.Գ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Երևան-Ստեփանակերտ առաջին չվերթի ուղևորը ինքն է լինելու: Խնդրանք նախագահին. «Պարոն Սարգսյան, կվերցնե՞ք ինձ Ձեզ հետ»:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով ՀՀ-ին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին

Ֆրանկոֆոն երկրները բանաձև են ընդունել՝ համերաշխություն հայտնելով ՀՀ-ին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---