![]() 22 տարի առաջ ճեղքվեց ԼՂՀ շրջափակումըՄինչ Լաչինի շրջանի ազատագրումը ԼՂՀ-ն դաժան շրջափակման պայմաններում էր ապրում, դադարեցված էր էլեկտրա- և ջրամատակարարումը Մայիսի 18-ին լրացավ Բերձորի (Լաչինի) ազատագրման 22 տարին: Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերջնականապես ճեղքվեց՝ Բերձորի ազատագրումը ռազմական, քաղաքական ու հոգեբանական հաղթանակ էր: Առանց շրջափակումից դուրս գալու անհնար կլիներ ԼՂՀ անկախությունն ու ազատությունը պաշտպանելն ու կայուն և հուսալի զարգացման հիմքեր ստեղծելը: ![]() PanARMENIAN.Net - Խորհրդային իշխանության առաջին տարիներին ԼՂԻՄ-ը սահմանակից էր Հայաստանին, սակայն 1930-ականներին, հերթական վարչական բարեփոխումից հետո, աշխարհագրական կապը խզվեց: 1962 թվականի քարտեզում, որը զետեղված է «Խորհրդային մեծ հանրագիտարանի» առաջին հատորում, ԼՂԻՄ-ը սահմանակից է Հայաստանին մեկ տեղում, իսկ հետագայում մի շարք տարածքային վերափոխումների հետևանքով Ղարաբաղը գիտակցաբար անջատվեց Հայկական ԽՍՀ-ից: 1930-ից համապատասխանաբար շտկվեցին նաև քարտեզները, որտեղ Լաչինի միջանցքը սկսեցին նշել որպես Ադրբեջանի տարածք, իսկ ԼՂԻՄ-ը՝ անջատ բուն Հայաստանից: Լեռնային Ղարաբաղը Հայաստանից ընդամենը 7 կմ էր անջատում: Մինչ Լաչինի շրջանի ազատագրումը ԼՂՀ-ն դաժան շրջափակման պայմաններում էր ապրում, դադարեցված էր էլեկտրա- և ջրամատակարարումը: Դեպի Ղարաբաղ անհրաժեշտ զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի տեղափոխման միակ ու շատ վտանգավոր ուղին օդայինն էր՝ «Մի-8» ուղղաթիռների ու բեռանփոխադրումների համար հարմարեցված ուղևորատար «Յակ-40» և «ԱՆ-2» ինքնաթիռների միջոցով: Այլ ելք չկար: Պետք էր բացել «կյանքի ճանապարհը»: Մայիսի 13-ին շարունակվեց հայկական ուժերի կենտրոնացումը Զարասլի գյուղի մոտ, որը Շուշիի ու Լաչինի միջև է գտնվում: Այստեղ էին կուտակված հայկական զորքերի կենդանի ուժն ու տասնյակ զրահամեքենաներ: Մայիսի 13-ի առավոտյան ինտենսիվ հրթիռակոծության ու գնդակոծության ենթարկվեցին Աղդամն ու Ֆիզուլին, ինչպես նաև Բարդա քաղաքը: Նույն օրը սկսվեց Լաչինի գրոհը: Հայկական կողմը վերջնագիր ներկայացրեց. Լաչինի բնակիչները պետք է հեռանան մեկ շաբաթվա ընթացքում, հակառակ դեպքում հայկական կողմը կսկսի հարձակումը Լաչինի վրա Հայաստանի Գորիսի շրջանի կողմից: Մայիսի 15-ին հայկական ջոկատները գրոհեցին բարձունքում գտնվող Աղդամի շրջանի Գյուլաբլու գյուղը: Ադրբեջանական զորքերը, ունենալով քանակային ու դիրքային առավելություն, ետ մղեցին հարձակումը: Գյուլաբլուի բարձունքից հակառակորդի բանակը գնդակոծում էր Ստեփանակերտի ու այլ հայկական բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը: Մայիսի լույս 18-ի գիշերը Լաչինում բնակվող քրդերի զինված ջոկատները գրավեցին Լաչին շրջկենտրոնը: Մայիսի 18-ի կեսօրին Լաչինի շրջանում մարտերը շարունակվում էին ոչ միայն հայկական ու ադրբեջանական ուժերի, այլ նաև քրդերի ու ադրբեջանական բանակի միջև: Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը, սակայն, հերքեց քրդերի ու ադրբեջանցիների միջև բախումների փաստը, անվանելով դա «հայկական կողմի քարոզչություն»: Մայիսի 17-ին հայկական ուժերը ետ մղեցին ադրբեջանական բանակի գրոհը Շուշիի ուղղությամբ, որին մասնակցում էր շուրջ 1000 զինվոր, 20 տանկ ու այլ զրահատեխնիկա: Ռազմական իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրվեց: Գորիսի Ներքին գործերի շրջանային բաժնից հայտնեցին, որ Կուբաթլիի կողմից դեպի Լաչին է շարժվում տանկերի շարասյունը, իսկ հակառակ ուղղությամբ՝ բեռնատար մեքենաների հոսք է, որոնք տարհանում են Լաչինի բնակիչներին, որը վերածվել էր լավ ամրացված հենակետի: Մայիսի 12-ին և 13-ին «Գրադ» կայաններից գնդակոծվում էին Գորիսը, Կապանը, Բերդն ու այդ շրջանների տանսյակ գյուղեր, կային սպանվածներ ու վիրավորներ: Այդ շրջաններից սկսեցին տարհանել բնակչությանը: Ըստ ԼՂՀ ինքնապաշտպանության շտաբի տվյալների, վերջին օրերին Լաչինում փոխհրաձգություն էր տեղի ունենում այնտեղ գտնվող Ադրբեջանի Ժողովրդական ճակատի զինված ջոկատների ու տեղաբնակ քրդերի միջև: Սակայն, երբ վերսկսվեց երթևեկությունը Բերձորից Գորիսի շրջան շրջանցիկ ճանապարհով, ադրբեջանական ջոկատները, տանելով իրենց հետ տեղի բնակչությանը, սկսեցին շտապ լքել Լաչինը: Մայիսի 19-ի դրությամբ այդ բնակավայրը գործնականում ամայի էր՝ մնացել էին միայն մի քանի քուրդ ընտանիքներ: Քաղաքում տեսանելի էին քրդերի ու ազերիների միջև բախումների հետքերը: Այսօրվա Բերձորը Քաշաթաղի շրջանի կենտրոնն է 9800 բնակիչներով: Քաղաքը կառուցվում է, վերականգնվել է երկրագիտական թանգարանը, որտեղ հավաքված են ոչ միայն վերջին հարյուր տարվա նմուշները, այլ նաև հին ժամանակների ցուցանմուշներ: 2010 թվականի աշնանը շրջանի տարածքում հայտնաբերվեց մի գանձ, որտեղ կար 112 իր ոսկուց, արծաթից ու բրոնզից: Այն տեղափոխվեց Հայաստան ու հայտարարվեց ազգային արժեք: Այժմ իրերը պահվում են Հայաստանի Պատմության թանգարանում: Քաշաթաղի շրջանը հիշատակվում է Րաֆֆու «Դավիթ-բեկ» վեպում, Քաշաթաղն այնտեղ նշված է որպես Մեծ Հայքի Սյունիքի շրջանի մի մասը: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել ![]() ![]() ![]() Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը ![]() Էլ չենք տեսնի Արցախում ![]() Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |