![]() Մերձավոր Արևելքն անկախ Քրդստանի ստեղծման շեմին էԱնկարային բուֆեր է հարկավոր Իրաքի ու Թուրքիայի միջև և Հյուսիսային Քրդստանը կարող է հաջողությամբ կատարել այդ դերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS) խմբավորման կողմից վերահսկվող տարածքներում նորաթուխ խալիֆ Աբու Բաքր ալ Բաղդադիի գլխավորությամբ Իսլամական խալիֆայություն ստեղծելու վտանգավոր նախաձեռնությունը ստիպեց Թուրքիային ու Իսրայելին այլ կերպ նայել քրդական խնդրին: Այդպես, Թուրքիայում իշխող Արդարության և զարգացման կուսակցության (ԱԶԿ) մամուլի քարտուղար Հուսեյն Չելիկը հայտարարեց, որ Իրաքում Քրդական ինքնավար շրջանի կողմից անկախության հռչակումը կարող է բխել Անկարայի շահերից: Հայտարարությունն ընկալվեց որպես նահանջ այն դիրքերից, որը Թուրքիան զբաղեցնում էր տասնամյակներ շարունակ: ![]() PanARMENIAN.Net - Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, Չելիկը հայտարարել է. «Անցյալում նման հռչակումը Թուրքիայի համար casus belli կլիներ, բայց հիմա այդպես արդեն ոչ ոք չի խոսում: Բուն «Քրդստան» բառն ինքնին մերժելի էր համարվում, չնայած որ դա պատմական անվանումն է: Նրանք մեր եղբայրներն են, իսկ իրավիճակն Իրաքում անբարենպաստ է՝ ամեն ինչ դեպի պառակտում է տանում»: Անկարայի մտադրությունները հասկանալի են. նրան բուֆեր է հարկավոր Իրաքի ու Թուրքիայի միջև և Հյուսիսային Քրդստանը կարող է հաջողությամբ կատարել այդ դերը: Հյուսիսային Քրդստանը ևս ավելի հակված է դեպի Թուրքիան, քան Բաղդադը, որն ունակ չեղավ կարգուկանոն ու խաղաղություն հաստատելու երկրում: Վարչապետ Նուրի ալ Մալիքին չկարողացավ հավասար հնարավորություններ ստեղծել շիաների ու սունիների համար: Ավելին, պարզ դարձավ, որ սունի գրոհայինների Բաղդադի վրա հարձակման համար մեղավոր է հենց վարչապետը: Իրաքի սունիներն ի դեմս Ալ Մալիքիի տեսնում են շիաների համայնքի շահերը պաշտպանող բռնակալի: Վաշինգոտնում էլ, որի աջակցությամբ Մալիքին իշխանության գլուխ եկավ, արդեն համարում են, որ առանց նրա պաշտոնանկության ազգային հաշտեցում Իրաքում հնարավոր չի լինի: Մալիքին վարչապետ դարձավ 2006-ին, երբ ամերիկյան զորքերը լավ թե վատ վերահսկում էին իրավիճակն Իրաքում: 2011-ին նրանց հեռանալուն պես երկիրը մխրճվեց արյունահեղության մեջ, որի վերջը չի երևում: Ալ Մալիքիից հետ կանգնեցին նաև իր սեփական համայնքի կրոնական գործիչները: Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հնչեց Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի ալ Սիսթանիի նոր կառավարություն ձևավորելու կոչը: Այդ նոր կառավարությունը պետք է կազմավորվի առանց Ալ Մալիքիի մասնակցության և առավելապես ներկայացնելու է սունիների ու քրդերի շահերը: Հենց քրդերը կարող են յուրօրինակ «փրկօղակ» հանդիսանալ Իրաքի միասնությունը պահպանելու հարցում, բայց արդեն նրանց պայմաններով: Իսկ պայմանները հայտնի են՝ անկախ Քրդստան: Գաղափարը, որն ԱՄՆ-ն այդքան համառորեն ու տևական ժամանակ առաջ էր տանում, կարող է իրականացվել: Պատահական չէ, որ Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը «կատարված փաստ» համարեց Քրդստանի անկախությունը: «Առաջին անգամ մի իրավիճակ է ստեղծվել, երբ Իսրայելի ու արաբական աշխարհի չափավոր երկրների ռազմավարական շահերը համընկնում են: Եվ մենք, և նրանք բախվում են Իրանի միջուկային սպառնալիքի հետ, «համաշխարհային ջիհադի» ու «Ալ Քայիդայի» հետ, ինչպես նաև Սիրիայում ու Իրաքում հակամարտությունների տարածման հետ հարևան պետությունների վրա: Ես գտնում եմ, որ այսօր իրական հիմք կա Մերձավոր Արևելքում նոր պետաքաղաքական դասավորության առաջացման համար: Ծայրահեղական ուժերն Իրաքում կաշխատեն ապակայունացնել Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանն, առաջին հերթին Քուվեյթը: Իսրայելը կարող է սատարել ու աջակցել չափավոր արաբական երկրներին, որոնք դիմակայում են արաբական աշխարհի ծայրահեղականներին»,-ասել է Իսրայելի նախարարն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը: Նրան են ձայնակցում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն և հեռացող նախագահ Շիմոն Պերեսը: Բարաք Օբամայի հետ հանդիպմանը Պերեսը հայտարարեց, որ Արևմուտքը չպետք է կողմերից մեկին սատարի արաբական աշխարհում սունիների ու շիաների դիմակայության հարցում: «Դա այն է, ինչ կարող է անել Արաբական պետությունների լիգան. նրանք ունեն միջոցներ, նրանք ունեն ուժ»,-ասել է Պերեսը, նշելով, որ քրդերն արդեն ստեղծել են «ժողովրդավարական ու անկախ պետություն», որին սատարում է Թուրքիան: Մերձավոր Արևելքը, հավանաբար, սահմանների հերթական վերաձևման շեմին է՝ դաժան ու բազմաթիվ զոհերով վերաձևման: Մի բան արդեն կարելի է հստակ ասել՝ անկախ Քրդստանն արդեն մոտալուտ է և թե ինչ դուրս կգա դրանից տարածաշրջանի համար, դժվար է ասել, հաշվի առնելով Էրբիլի ու Քիրկուկի նավթային պաշարները, հանուն ինչի էլ սկսվեց այս ամենը: Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |