7 օգոստոսի 2014 - 15:55 AMT
ՀՈԴՎԱԾ
Դոկտոր Շորազի արկածները Եվրոպայում կամ մեկուսարան Ավստրիայում Մալթայի առանձնատան փոխարեն
Նորմալ ընդդիմադիրները սովորաբար փախչում են Հայրենիքից, քանի որ կոշտ առճակատման մեջ են մտնում իշխանության հետ: Ռահատ Ալիևը հեռացավ երկրից այլ դրդապատճառներով՝ նա ուղղակի ավազակ էր
Շատերն այսօր դետեկտիվ պատմություն, գրեթե թրեշ-թրիլեր են անվանում հետաքննությունն այսպես կոչված դոկտոր Շորազի գործով: Այս անձն այն սակավաթիվ օտարերկրացիներից է, որոնք պաշտպանություն էին փնտրում Եվրոպայում՝ փորձելով թաքնվել քրեական հետապնդումից: Եվ նրանցից մեկը, ում դա տևական ժամանակ հաջողվում էր:

Ինչո՞ւ եմ ես այս մասին անցած ժամանակով խոսում: Դե, հավանաբար, այն պատճառով, որ այդ պարոնը վերջերս փոխեց իր բնակավայրը՝ Մալթայում հարմարավետ առանձնատան փոխարեն նրան հարմարավետ մեկուսարան տրամադրեցին ավստրիական Յոզեֆշտատ բանտում, իսկ Վիեննայի շրջանային դատարանն արդեն մի քանի անգամ որոշում է կայացրել նախնական կալանքը երկարացնելու մասին: Չնայած դոկտոր Շորազի փաստաբանների գրավի դիմաց նրան ազատելու փորձերին, նրանց դա չի հաջողվում: Չափազանց լուրջ մեղադրանքներ են առաջադրվում այդ մարդուն:Ավստրիայի իրավապահ մարմինները համոզիչ հիմքեր ունեն ենթադրելու, որ գործ ունեն մարդասպանի հետ: Ինչպես վկայում են քրեական գործի նյութերը, Շորազն ու նրա մեղսակիցները երկու գործարարի կյանք են խլել, հոգեմետ դեղեր տալով նրանց, հետո խեղդամահ են արել՝ դիակները թաքցնելով կրի տակառներում: Տակառները թաղել են անմարդաբնակ վայրում: Սպանության նպատակը մեկն էր՝ հարստանալու մոլուցքը: Զոհերին կտտանքների են ենթարկել, պահանջել են կեղծ ընկերություններին փոխանցել իրենց բաժնեմասը բիզնեսում, իսկ հետո ուղղակի ազատվել են նրանցից:

Հեռավոր Ղազախստանում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, դոկտոր Շորազին գիտեն որպես Ռահատ Ալիև: Նա խոշոր պաշտոնյա էր ու գործարար, որն, ինչպես տեսնում ենք, հարստանալու համար, ոչնչից չէր խորշում: Եվ երբ, ի վերջո, նա փախավ երկրից, նրա անձնական կարողությունն արդեն միլիոնավոր դոլարների էր հասնում: Ընդ որում, նրան կասկածում էին մի շարք հանցագործությունների մեջ, որտեղ սպանությունը դրվագներից մեկն էր միայն: Ղազախստանի դատարանը հեռակա կարգով դատապարտեց նրան 40 տարվա ազատազրկման:

Սակայն, Եվրոպան, ինքներդ եք հասկանում, ժողովրդավարության միջնաբերդն է, ուստի յուրաքանչյուր փախստական, նույնիսկ եթե նա իրոք հանցագործ է, դիտարկվում է անմեղության կանխավարկածի համաձայն: Առավել ևս, որ Ալիևը շատ հարուստ մարդ է: Իսկ օլիգարխներին ընդհանրապես միշտ ավելի հեշտ է շրջանցել օրենքը:

Դե հիմա հաշվեք՝ դոկտոր Շորազը փախավ Ղազախստանից 2007-ին, իսկ մեկուսարանում հայտնվեց միայն 7 տարի անց: Բնականաբար, հարց է առաջանում, եթե հիմք կար մեղադրելու Ալիևին սպանության մեջ, ապա ինչո՞ւ անհապաղ սպառիչ միջոցներ չձեռնարկվեցին ընդհուպ մինչև լիակատար ու համակողմանի հետաքննություն: Ինչի՞ էին սպասում այս տարիներին Ավստրիայի իրավապահ մարմինները:

Ինչպես պարզաբանում են իրավաբանները, Ղազախստանը մինչև 2011 թ. պայքարում էր Ալիևի արտահանձնման համար, սակայն մերժում ստացավ: Օլիգարխը, հավանաբար, արդեն հաղթանակ էր տոնում, բայց հաշվի չառավ, որ ըստ միջազգային պայմանավորվածությունների Ավստրիան, հրաժարվելով արտահանձնումից, պարտավոր էր սեփական հետաքննություն անցկացնել: Եվ այն, որ դոկտոր Շորազը մեկուսարանում հայտնվեց, շատ բան է հուշում: 3 տարում դժվարին հետաքննություն անցկացնելով, ուսումնասիրելով բազում փաստեր և հարցաքննելով շուրջ 100 վկաների, ներառելով բարձրակարգ փորձագետների, Վիեննայի դատախազությունը օլիգարխին ձերբակալելու եվրոպական թույլտվություն տվեց: Դա չմտածված արարք չես համարի: Առավել ևս, որ Ալիև-Շորազի կալանքը երկարացրած դատարանը փաստորեն հաստատեց նրա կալանավորման հիմնավորումը:

Հասկանալի է, որ մեղադրյալի փաստաբանները շարունում են պաշտպանությունը, կարծելով, թե քրեական հետապնդումը քաղաքական աստառ ունի և ամենուր սուտ ու կեղծիք են տեսնում: Նրանց կարծիքով, Ալիևը քաղաքական հետապնդման զոհ է, ընդդիմադիր, և բոլոր ապացույցները շինծու են: Սակայն, պետք է ասել, որ քրեական ոստիկանության դաշնային վարչությունը Վիեննայի դատախազության հանձնարարությամբ, մանրակրկիտ գնահատելով Ղազախստանի գործողությունները, հետևյալ գրավոր եզրակացությունն է կազմել. «գոյություն չունեն բավականաչափ հիմքեր ենթադրելու, որ Ալիևին և նրա հանցակիցներին ներկայացված մեղադրանքը կեղծ է ու հրահրված իշխանությունների կողմից»:

Ալիևի և նրա բազմաթիվ խորհրդատուների ռազմավարությունը միանգամայն պարզ է. նրանք պատրանք են ստեղծում, որը դավադրությունների տեսություն է կոչվում: Պաշտպանությունը հիմնված է կոնսպիրոլոգիական տեսությունների վրա, որոնք նույնիսկ փոքր քննադատության չեն դիմանում: Եվ հետո Ալիևից ի՞նչ ընդդիմադիր: Բավական է հիշատակել նրա վերջին պաշտոնը՝ նա Ավստրիայում Ղազախստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն էր:

Նորմալ ընդդիմադիրները փախչում են Հայրենիքից, քանի որ կոշտ առճակատման մեջ են մտնում իշխանությունների հետ, քաղաքական կուսակցություններ են ստեղծում, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում են զբաղեցնում: Ալիևը հեռացավ երկրից այլ պատճառներով՝ նա ուղղակի ավազակ էր: Նա կուսակցություններ չի ստեղծել, ժողովրդավարության համար չի պայքարել, նա դասել է իրեն ընդդիմության շարքերը միայն այն բանից հետո, երբ իր անձով սկսեցին հետաքրքրվել Ղազախստանի իրավապահ մարմինները:

Այնպես որ ազատազրկումը օլիգարխի ու արդարադատության համակարգի 7-ամյա դիմակայության օրինաչափ արդյունքն է: Նա շատ է խրվել, այնպես, որ նույնիսկ գրավի դիմաց բանտից դուրս գալու հույս չունի: Ինչ մարտավարություն ասես չեն կիրառում Շորազի փաստաբանները նրան բանտից դուրս բերելու համար, բայց ապարդյուն: Զավեշտալի է, բայց նրանք նույնիսկ Շորազին ներկայացրեցին որպես քրեական աշխարհի զոհ: Իբր նրան բանտում նեղացնում են: ԶԼՄ-ները գրում են, որ նա «ենթարկվել է հարձակումների ու ոտնձգությունների»:

Ալիևի խոսքերով նրան կողոպտել են ու շանտաժի ենթարկել, ուստի նրան հարկ է եղել նույնիսկ փակ բանտախուց տեղափոխել, հայտնում է Der Falter թերթը: Արդյունքում նա մի քանի հազար եվրո ծախսեց՝ դրամաշորթներից պրծնելու համար: Դրանից հետո Ալիևին տեղափոխեցին 2-տեղանի փակ բանտախուց: Որպես տարբերակ տեղափոխումը մեկուսարան չէր դիտարկվում, քանի որ սպառնալիք կար, որ Ալիևը կարող է ինքնասպան լինել, գրում է թերթը:

Հարկ է նշել, որ տեղեկությունները ԶԼՄ-ներում բավականին հակասական են: Առաջին հերթին, քրեական աշխարհը, եթե նպատակ է դրել մի լավ «թափ տալ» օլիգարխի դրամապանակը, մի քանի հազարով չէր բավարարվի: Սա փաստ է: Երկրորդը՝ անհեթեթ է թվում հնարավոր ինքնասպանության մասին ենթադրությունը:

Ի՞նչը կխանգարի Ալիևին ինքնասպան լինել երկտեղանի բանտախցում, եթե նա որոշի դա անել: Ոչինչը: Ի դեպ, եթե հավատանք լրատվամիջոցների տեղեկություններին, օլիգարխից բանտախցում մի քանի մարզաշապիկ են գողացել ու գոտին: Իսկ գոտին, ինչպես գիտենք, նման հանգամանքներում, ինքնասպանության հիմնական գործիքն է բանտերում: Ինչպե՞ս է այս փաստը համադրվում ինքնասպանության սպառնալիքի մասին հաղորդագրությունների հետ:

Այսինքն հարցերը շատ են: Տպավորություն է ստեղծվում, որ Ալիևի փաստաբաններն ուղղակի ցնակություն ունեն խղճահարություն առաջացնելու հանրության շրջանում:

Բայց արդյո՞ք դա կօգնի: Մինչ Ալիևի պաշտպանները մարտավարության ու ռազմավարության որոնումների մեջ են, աղմկահարույց սպանություններին այդ մարդու հնարավոր մեղսակցության ապացուցային բազան շարունակում է ընդլայնվել: Խոսելով իրավաբանական լեզվով, նա «լուրջ կասկածանքի» տակ է: Եվ պատճառներից մեկը, թե ինչու է օլիգարխը մնում ճաղերից այն կողմ, այն մտավախությունն է, որ նա կարող է թաքնվել արդարադատությունից և կկարողանա ճնշում գործադրել վկաների վրա:

Այնպես որ ամեն ինչ շատ լուրջ է: Մնում է միայն սպասել դատին, որը վերջ կդնի այս սկանդալային պատմությանը: