20-րդ դարի ընթացքում իրավիճակը փոխվում է. ավելի կանոնակարգված ոռոգման համակարգը թույլ է տալիս ընդլայնել կանաչ տարածքները, հիմնել մայրաքաղաքին վայել այգիներ ու պուրակներ, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքում փոշու կոնցենտրացիայի նվազմանը, վերանում են փոշոտ քամիները։
Քչերը գիտեն, որ Երևանում առաջին հասարակական պարտեզն Անգլիական այգին էր (միակը՝ մինչև 1920 թվականը, այժմ՝ Թատերական այգի)։ Երևանի առաջին (1924) և հաջորդ բոլոր հատակագծերում խորհրդային իշխանությունը հատուկ ուշադրություն է դարձրել կանաչապատման հարցերին։
1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտերի արդյունքում ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, իսկ Երևանը դարձավ նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։
Գյուղինստիտուտին հարող այգին
1930-ականներին սկսվել է Քանաքեռի, Նորքի և Սարի թաղի լանջերի կանաչապատումը։ Հետագայում ստեղծվել են «Հաղթանակ», «Օղակաձև», Ծիծեռնակաբերդի զբոսայգիները, Ազատության հրապարակի, Շահումյանի պուրակները, Հրազդանի կիրճի, Մալաթիա թաղամասի Ջրաշենի հանգստյան գոտիները և այլն։
Երևանի տարբեր հատվածներում կա 40-ից ավելի զբոսայգի և պուրակ։
1990-ին Երևանն ունեցել է մոտ 1930 հա ծառածածկ տարածք։ Այդուհանդերձ, կանաչապատման աստիճանը չի գերազանցել 8,5%-ը, այնինչ նախատեսված էր 40%։ Միջազգային նվազագույն չափանիշով (50 մ²/մարդ) մոտ 1,2 մլն բնակչություն ունեցող քաղաքին անհրաժեշտ է 6000 հա ծառածածկ տարածք (Երևանի տարածքի 26.4%-ը), մինչդեռ անգամ 90-ականների սկզբին այն 3 անգամ պակաս էր ընդունված չափանիշից։
Դա 90-ականների չափանիշներով, իսկ հիմա նվազագույն ստանդարտը, որ տնտեսապես զարգացած շատ երկրներ ձգտում են ընդունել, 25 մ² կանաչ տարածքն է յուրաքանչուր բնակչի համար: Երևանում այս ցուցանիչը, ներառյալ Ծիծեռնակաբերդի այգին, ընդամենը 7 մ² է:
Ավելին, 1991-1995 թվականների էներգետիկական ճգնաժամի կամ մութ ու ցուրտ տարիներին Երևանում հատվել է մոտ 470 հա ծառածածկ տարածք։ 1995-ին քաղաքի ընդհանուր՝ 22.700 հա տարածքից ծառածածկ էր ընդամենը 1460 հա-ն, կանաչապատման աստիճանը՝ 6,4%։ 2004 թվականին իրավիճակն ավելի տխուր էր. քաղաքում մնացել էր 570 հա կանաչ տարածք` 2,5%: Հատկանշական է, որ այս 570 հա-ն ուներ 60% միջին ծառածածկ (342 հա), այսինքն քաղաքի կանաչապատման աստիճանն ընդամենը 1,5% էր։
Երևանի առավելագույն երկարությունը հյուսիսից հարավ 19,7 կմ է, արևմուտքից արևելք՝ 19,1 կմ։
Արամի փողոց-Աբովյան խաճմերում, նախկին ՑՈւՄ-ի շենքը
Երևանի ներկայիս գլխավոր հատակագծով՝ մինչև 2020-ը նախատեսվում է 1300 հա-ով ավելացնել կանաչ տարածքները: Քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է` նախատեսվում է տարվա ընթացքում տնկել 40 000 ծառ և թուփ, չհաշված ծաղկաթփերը: Օրինակ, նախորդ տարի մայրաքաղաքում տնկվել է 39.000 հատ ծառ և թուփ, 2.000.000 ծաղկասածիլ, 500.000 վարդակակաչ։
Վերջին տարիներին վերանորոգվել են մի շարք այգիներ` Սիրահարների, Տիգրան Մեծի, Դավիթ Անհաղթի այգիները: 2010 թվականի հոկտեմբերին ավարտվել Է Սիրահարների այգու (նախկին Ալեքսանդր Պուշկինի անվան) վերակառուցումը, որն ունի արհեստական լճակներ ու ջրվեժներ, քարե հորինվածքներ ու արձաններ, ինչպես նաև բացօթյա ամֆիթատրոն, բայց շատ քիչ ծառ։ 2011-ի հուլիսի 21-ին Էրեբունի վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվեց Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին:
Երևանը գտնվում է ծովի մակարդակից 850-ից մինչև 1300 մետր բարձրության վրա՝ Արաքսի վտակ Հրազդանի ափին, Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում։ Երևանի կլիմային բնորոշ են տաք, չոր ամառներ և համեմատաբար կարճ, բայց ցուրտ ձմեռներ։
Սրա հետ մեկտեղ պարբերաբար տեղեկություն է հայտնվում հատվող ծառերի մասին` Վիշապների այգու տեղում էլիտար շենք էին փորձում կառուցել, Դալմայի այգիների տեղում համանուն մոլն է, «Հաղթանակ» զբոսայգու հաշվին ընդարձակվում է Golden Palace հյուրանոցը, դրա դիմացի մայթին ծառերի փոխարեն արդեն վաղուց մեծահարուստների առանձնատներ են:
Քաղաքը չի կարող գոյատևել առանց «թոքերի»: Որպես ապացույց` այս ամռանը Երևանում գրանցվեց վերջին տասնամյակների առաջին ավազահողմը. օգոստոսի 2-րդ կեսին արևադարձային հոսանքների հետ հանրապետություն թափանցեց փոշու խիտ կոնցենտրացիա ունեցող օդ, որի ճանապարհին խանգարող ծառեր ու այգիներ պարզապես չկային: Արդեն հիմա, ըստ Հայէկոմոնիտորինգի դիտարկումների, Երևանում փոշու միջին տարեկան կոնցենտրացիան սահմանային թույլատրելի նորման գերազանցում է 1,6-1,9 անգամ:
Նորից ակտիվացել են նաև մեկ դար առաջ լայնորեն տարածված օձերը. վերջերս մեկին որսացել էին քաղաքային մանկապարտեզի դահլիճում:
Աբովյան-Մոսկովյան խաչմերուկ, Երիտասարդական մետրոյին հարող այգի
Եթե անգամ խոստացված կանաչ տարածքներն ավելանան, և եղածներն էլ չհատվեն, ինչը մի քիչ կասկածելի է, միևնույն է, 2020-ին ընդհանուր առմամբ կունենանք մոտ 1870 հա կանաչ տարածք, ինչը անգամ չի հասնում 1990-ի ցուցանիշին: Իսկ բաղձալի 40% կանաչի մասին երևի թե կարելի է ընդհանրապես մոռանալ:
2010 թվականին Առողջության համաշխարհային կազմակերպությունն ամփոփեց մարդու առողջության վրա կանաչ տարածքների ունեցած ազդեցությանը վերաբերող հետազոտությունների մի մեծ զանգված: Ամփոփիչ զեկույցում նշվում էր, որ Տոկիոյի այն բնակիչները, որոնք ապրում են կանաչ տարածքներին մոտ, անկախ իրենց սոցիալ-տնտեսական կարգավիճակից, ավելի երկար են ապրում: Իսկ ԱՄՆ-ում սթրեսային պայմաններին ավելի լավ են դիմադրում այն քաղաքների բնակիչները, որոնք ունեն կանաչ և բաց տարածքների տեսարան: ԱՀԿ զեկույցում տասնյակ օրինակներով ապացուցվում է, որ առողջ քաղաքի համար կանաչ տարածությունները պարտադիր են:
Լուսանկարներում Երևանի 1954-ի բացիկներն են