17 հոկտեմբերի 2014 - 11:08 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայտնի արգելված ֆիլմերը. Annabelle-ը համալրեց շարքը
«Անաբելի անեծքը» Ֆրանսիայում արգելվեց, որովհետև տեղեկություններ տարածվեցին, թե դիտման ժամանակ հանդիսատեսի մոտ ագրեսիայի բռնկումներ են արձանագրվում
Ֆրանսիական որոշ կինոթատրոններում արգելվել է «Անաբելի անեծքը» (Annabelle) ամերիկյան սարսափ ֆիլմի ցուցադրությունը, քանի որ տեղեկություններ տարածվեցին, թե դիտման ժամանակ հանդիսատեսի մոտ ագրեսիայի բռնկումներ են արձանագրվում, գրում է Lenta.ru-ն՝ Radio France Internationale-ին հղումով: Մասնավորապես, ոստիկանության կողմից ստացած բազմաթիվ ահազանգերից հետո ցուցադրությունները չեղյալ են համարվել Մարսելում, Մոնպոլիեում, Ստրասբուրգում և Փարիզում:

Ըստ կիոնթատրոնի աշխատակցի, հանդիսատեսից շատերը սկսում են բռնություն դրսևորել դահլիճում, վիրավորել մյուս մարդկանց և ոչ ադեկվատ պահվածք են ցուցաբերում: «Մի խումբ 14-ամյա դեռահասներ նվաստացնում էին միմյանց, թքում, միզում նստարանների վրա: Այդ ամենը կարծես գազանանոցում լիներ»,- պարզաբանել է Մոնպելիեի ժամանցային հաստատություններից մեկի մենեջերը: Նման տեսարաններ նաև այլ քաղաքներում են գրանցվել:

Ինչպես գրում է Radio France Internationale-ը, ֆիլմը նորից կարող է ցուցադրվել, սակայն, հավանաբար, կինոթատրոն մտնելուց առաջ մարդկանց ուշադիր կզննեն, ինչպես նաև սեանսի ժամանակ հերթապահություն կսահմանվի:

Հանդիսատեսի շարքերում ագրեսիայի բռնկումներ նկատվել են Ֆրանսիայում նաև այնպիսի սարսափ ֆիլմերի ցուցադրության ժամանակ, ինչպիսիք են «Պարանորմալ երևույթն» ու «Սինիսթերը»:

«Անաբելի անեծքը» ռեժիսոր Ջեյմս Վանի «Նզովք» թրիլերի պրիկվելն է: Նոր կինոնկարի համաշխարհային պրեմիերան սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին էր: Ֆիլմի հիմքում սովորական ամերիկյան մի ընտանիքի պատմություն է, որին ահաբեկում է չար հոգին, որ բուն է դրել խամաճիկ տիկնիկ Անաբելի մեջ:

Այս ֆիլմը համալրել է այս կամ այն պատճառներով՝ քաղաքական, բարոյական, էթիկական, գաղափարախոսական, տարբեր երկրներում արգելված ֆիլմերի ծավալուն ցանկը:

Ամենահայտնի արգելված ֆրլմերից մի քանիսը

Ռեժիսոր Սթենլի Կուբրիկի A Clockwork Orange («Լարովի նարինջը»)

Արգելվել է Իռլանդիայում (1971-2000), Մեծ Բրիտանիայում (1973-1999), Սինգապուրում, Մալայզիայում, Հարավային Կորեայում և Իսպանիայում:

Նկարահանված է Էնթոնի Բյորջեսի համանուն վեպի հիման վրա: Պատմում է դեռահաս Ալեքսի Մասին, որն իր ավազակ ընկերների հետ կողոպտում է անմեղ մարդկանց բնակարանները, բռնաբարում կանանց, ծեծում անօթևաններին և այլն.. Մեծ Բրիտանիայում ֆիլմի ցուցադրությունն արգելվեց «չարիք որպես այդպիսին» ձևակերպմամբ: Ռեժիսորի մահից հետո նրա կինը՝ Քրիստիանան, պատմեց, որ ֆիլմն արգելելու իրական պատճառը ոստիկանության հորդորն էր, երբ մի քանի լուրջ սպառնալիք հնչեց Կուբրիկի և նրա ընտանիքի հասցեին:

Կադր A Clockwork Orange ֆիլմից

Մարկուս Նիսպելի The Texas Chainsaw Massacre («Սղոցով կոտորած Տեխասում»)

Արգելվել է Ֆինլանդիայում (1984), Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Արևմտյան Գերմանիայում, Չիլիում, Իսլանդիայում, Իռլանդիայում, Նորվեգիայում, Սինգապուրում և Շվեդիայում: 5 ընկեր ընտանեկան ֆուրգոնով ընթանում են Տեխասով: Նրանք ճանապարհ են ընկել հավաստիանալու համար, որ գլխավոր հերոսուհու պապիկի գերեզմանի հետ ամեն ինչ կարգին է: Լուրեր են տարածվել, թե գերեզմանոցում վանդալնել են հայտնվել: Ճանապարհին նրանք մի տարօրինակ ուղեկցորդի են վերցնում և այդ պահից սկսած նրանց հետ տարբեր տհաճություններ են տեղի ունենում, մարմնի մասեր են անդամահատվում և այլն:

Ֆիլմի մոլագար «Կաշվե դեմքի» նախատիպմ իրական մարդասպան Էդ Գեյնն է, որը հայտնի դարձավ ոչ այնքան կատարած սպանությունների քանակով (ընդամենը 2 ապացուցված), որքան կենսակերպով: Նա արտաշիրիմում էր թարմ գերեզմաններն ու անդամահատում մարմինները: Տանը պատերից գանգեր էր կախում, խմում էր գանգից, իսկ գերադասում այդ միջավայրում գերադասում էր կանացի մաշկից կոստյում կրել: Բայց քաղաքի բնակիչները նրան տարօրինակ, բայց անվնաս մարդ էին համարում:

Կադր The Texas Chainsaw Massacre ֆիլմից

Ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդկինի The Exorcist («Սատանային քշողը»)

Արգելվել է Մեծ Բրիտանիայում, Մալայզիայում և Սինգապուրում: Կինոինդուստրիայի պատմության մեջ Ամենավիճահարույց սարսափ ֆիլմերից է: Պատմում է չարքերով տարված 12-ամյա աղջնակի և երկու քահանաների մասին, որոնք փորձում են փրկել նրա հոգին: Ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել 10 անվանակարգում և ստացել 2 արձանիկ՝ սցենարի և հնչյունային աշխատանքի համար:

Կադր The Exorcist ֆիլմից

Ռեժիսոր Թերի Ջոնսի Life Of Brian («Բրայանի կյանքը»)

Արգելվել է Նորվեգիայում (1979-1980), Սինգապուրում, Իռլանդիայում (1979-1987): Բրայանը ծնվել է մսուրում Քրիստոսի կողքին, նրան համարում են մարգարե, իսկ նա չի շտապում փարատել իր նորաթուխ հետևորդների կասկածները:

Հոգևորականները խստիվ քննադատեցին ֆիլմը: Ուելսի Աբերիստուիտ քաղաքում դրա ցուցադրման արգելքը հանվեց միայն 2009-ին:

Շվեդները, հակառակը, աչքի ընկան նրանով, որ դրեցին այն ցուցադրության «Ֆիլմն այնքան ծիծաղելի է, որ արգելվել է Նորվեգիայում» կարգախոսով:

Ռեժիսոր Թոդ Բրոունինգի Freaks («Այլանդակները»)

Արգելվել է Իտալիայում, Ֆինլանդիայում և Իռլանդիայում: Եկեղեցական թատերախմբի գեղեցկուհին ամուսնանում է գաճաճի հետ, բայց նրա ընկերները շուտով հասկանում են, որ իրական պատճառը ցածրահասակ դերասանի ժառանգած խոշոր կարողությունն է: Երիտասարդ կինը փորձում է թունավորել իր հարուստ ու ոչ այնքան համակրելի կողակցին: Սակայն ամենագետ գաճաճներն ամեն ինչ իմացել են և դաժան են վրեժ լուծելու…

Ռեժիսոր Թոդ Բրոունինգը բացառիկ քայլի դիմեց դերերը բաշխելով ֆիզիկական արատներով սովորական մարդկանց միջև՝ հրաժարվելով հանդերձանքից ու գրիմից: Նման ընտրությունը ցնցեց ու շոկ առաջացրեց 20-րդ դարասկզբի հանդիսատեսի մոտ, իսկ ռեժիսորը փաստորեն խաչ քաշեց իր կարիերայի վրա: Դրանից հետո նա ևս մի քանի աննշան ֆիլմ նկարահանեց, իսկ հետագայում միայն սցենարներ էր գրում:

Ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչիի Last Tango in Paris («Վերջին տանգոն Փարիզում»)

Արգելվել է Իտալիայում (1972-1986), Սինգապուրում, Նոր Զելանդիայում, Պորտուգալիայում (1973-1974) և Հարավային Կորեայում:

Երիտասարդ փարիզեցի աղջիկը (Մարիա Շնայդեր) սկսում է հանդիպել միջին տարիքի ամերկացի գործարարի հետ (Մարլոն Բրանդո), որն ուզում է, որ իրենց հարաբերությունները միայն սեքսի վրա կառուցվեն:

Կադր Last Tango in Paris ֆիլմից

Ռեժիսոր Պիեռ Պաոլո Պազոլինիի Salò o le 120 giornate di Sodoma («Սոդոմի 120 օրը»)

Արգելվել է Իտալիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Արևմտյան Գերմանիայում, Նոր Զելանդիայում և Նորվեգիայում:

Հայտնի է նաև Salò. անվամբ: Կինոժապավենը նկարահանվել է Մարկիզ դը Սադի գրքի մոտիվներով, որը նա գրել է Բաստիլում բանտարկության օրերին 1785 թվականին: Պազոլինիի ֆիլմում չորս իտալացի պաշտոնյաներ ֆաշիստների օգնությամբ մի խումբ դեռահասների ենառևանգում և 120 օր կտտանքների ենթարկում:

Գերիներին բացատրում են խաղի կանոնները, որը կառուցված է միասեռական կենակցությունների ու սեռական այլասերությունների վրա (մասնավորապես, ֆիլմում կան սադիստական և արտաթորանք ուտելու տեսարաններ):

Ռեժիսոր Մեյր Զարկի I Spit on Your Grave («Ես թքում եմ ձեր շիրիմների վրա») ֆիլմը

Արգելված է Ֆինլանդիայում (2006), Ավստրալիայում (1997-2004), Չինաստանում, Սինգապուրում, Մալայզիայում, Թաիլանդում, Նոր Զելանդիայում, Կանադայում, Իսլանդիայում, Նորվեգիայում, Արևմտյան Գերմանիայում, Իռլանդիայում (2002), Մեծ Բրիտանիայում (1984-2001) և Ֆիլիպիններում: Հայտնի է նաև որպես «Կնոջ օրը»: Սա մի աղջկա պատմություն է, որը Նյու Յորքից տեղափոխվում է հանգիստ, խաղաղ, իսկ կարևորն՝ անվտանգ արվարձան: Ողբերգությունից հետո Ջենիֆերը մտադիր է դաժան վրեժ լուծել բոլոր ստահակներից:

Տարաձայնություններ առաջացրեց բռնաբարության մանրակրկիտ տեսարանը, որը, ըստ քննադատների, կանանց հանդեպ դաժանություն է քարոզում:

Սակայն ռեժիսոր Մեյր Զարկին հերքեց մեղադրանքները: «Կնոջ օրը» նկարահանելու իր ցանկությունը նա բացատրեց իր հետ կատարված մի պատահարով, երբ նա օգնել էր մի երիտասարդ աղջկա, որին արյունլվա ու մերկ էր գտել, բռնաբարությունից հետո:

Կադր I Spit on Your Grave ֆիլմից

Ռեժիսոր Ռուջիերո Դեոդատոյի Cannibal Holocaust («Կանիբալների դժոխքը») ֆիլմից

Արգելվել է Ավստրալիայում, Սինգապուրում, Նորվեգիայում (1984-2005), Ֆինլանդիայում (1984-2001), Մալայզիայում, Նոր Զելանդիայում (2006), Իռլանդիայում, Իսլանդիայում (1984-2006), Արևմտյան Գերմանիայում, Իտալիայում (1980-1984), Մեծ Բրիտանիայում (1984-2001) ու Ֆիլիպիններում: «Կանիբալների դժոխքը» արգելվել է 60 երկրում, որի շնորհիվ աշխարհում «ամենաարգելվածն» է համարվում:

Նկարահանված է փաստագրական իմիտացիայի ժանրում: Ռեժիսորն ու թիմը ուսումնասիրում են արևադարձային ջունգլիներն Ամազոնում, փաստագրական ֆիլմ են նկարահանում կենդանիների ու բուսականության մասին: Իսկ հետո այդ նույն տեսախցիկներով վայրի ցեղերը կնկարահանեն տեղական «խոհարարական շոուն» և ցույց կտան, թե ինչպես պետք է ճիշտ պատրաստել սպիտակամորթ մարդուն: Հետո, ըստ սյուժեի, անհետացած արշավախմբի որոնումների է մեկնում փրկարարների խումբը մարդաբան Մոնրոյի գլխավորությամբ: Վայրագությունների նկարահանություններով ժապավենները նա գնում է բնիկներից: Ենթադրվում է, որ իբր այդպես է մեզ հասել այդ «կինոն»:

Ֆիլմն այնքան բնականին մոտ ու հավաստի է նկարահանված, որ ռեժիսոր Դեոդատոն ստիպված էր դատարանում ապացուցել, որ նկարահանումներին մասնակցած մարդիկ ողջ ու առողջ են: Բանն այն է, որ դերասանների պայմանագրերում իբր կետ կար, որն արգելում էր նրանց ցանկացած հրապարակային ելույթ մեկ տարվա ընթացքում նկարահանումներից հետո: Վերջին հաշվով պայմանագրի այդ կետը հարկ եղավ խախտել, խուսափելու համար նկարահանող խմբի ցմահ բանտարկությունից:

Ռեժիսոր Տինտո Բրասի Caligula-ն («Կալիգուլա»)

Արգելված է Կանադայում և Իսլանդիայում:

Պատմում է Հռոմի կայսր Կալիգուլայի մասին, որը հայտնի էր որպես բռնապետ, հայտնի էր նաև իր արատներով, դաժանությամբ և խենթ արարքներով: Նկարահանումները ֆինանսավորել է պոռնոինդուստրիայի «Փենթհաուսը»:

Ֆիլմը բանավեճի բովում հայտնվեց ոչ միայն դաժանության ու արյան պատկերների առատությանպատճառով, այլ նաև Կալիգուլայի և քրոջ ինցեստի տեսարանների պատճառով:

Կադր Caligula ֆիլմից

Ռեժիսոր Ֆրից Լանգի The Testament of Dr. Mabuse («Դոկտոր Մաբուզեի կտակը»)

Արգելվել է Ֆինլանդիայում 1933), Գերմանիայում (1933-1945) և Շվեդիայում (1933-1952):

Բեռլինի ոստիկանության կոմիսար Լոմանին հետաքննում է դաժան հանցագործությունների դեպքեր, որոնց հետքերը տանում են դեպի դոկտոր Մաբուզեն, որն արդեն երկար տարիներ հոգեբուժարանում է գտնվում:

Հիտլերի իշխանության գալուն պես, երբ Գեբելսը դարձավ քարոզչության նախարարության ղեկավարը, ֆիլմն արգելվեց: Դա բացատրվեց նրանով, որ այն խարխլում է վստահությունը Գերմանիայի քաղաքական գործիչների հանդեպ: Գեբելսը նաև հայտարարել է, որ ֆիլմը սպառնում է երկրի անվտանգությանը: Ավելի ուշ ռեժիսոր Լանգը պնդում էր, որ Գեբելսը խնդրել է, որ ինքն աշխատի Երրորդ ռայխի համար և ֆիլմեր ստեղծի նացիստների համար, սակայն ոչ մի ապացույց չկա:

Faces of Death («Մահվան դեմքերը»)

Ֆիլմում սպանությունների բեմադրված տեսարանները համադրված են իրական միջադեպերի տեսագրությունների հետ:

Առկա են գլխատման, էլեկտրական աթոռին մահապատժի, կենդանիների կողմից մարդկանց հոշոտելու, ինքնասպանության և այլ դժբախտ պատահարների տեսարաններ: Թեև նյութերի մի մասը (40 տոկոսը, ինչպես պնդում է Ալան Ա. Ապոնեն, ֆիլմի վիզուալ էֆեկտների մասնագետը) կեղծիք է, սակայն ցուցադրվում են նաև միանգամայն իրական փաստագրական կադրեր Վիետնամում ռմբակոծությունների, երկրորդ համաշխարհային պատերազմի տեսարններ և այլն: