Նախորդ դարի 90-ականներին որոշ համարձակներ փորձեցին ստեղծել վիրտուալ իրականության սաղավարտներ: Այդպիսի սաղավարտը պետք է թույլ տար մասնակիորեն ընկղմվել վիրտուալ աշխարհի մեջ` ստեղծելով ներկայության տեսողական և ակուստիկ էֆեկտ համակարգչի նշած տարածքում, բացառելով իրական շրջակա միջավայրի ընկալումը: Բայց սաղավարտները ծանր ու մեծ ստացվեցին, ստեղծվող իրականությունը` ոչ այնքան համոզիչ, ուստի տեխնոլոգիան որոշ ժամանակ մոռացության մատնվեց: 2012-ին Oculus VR սթարթափ փոքր ընկերությունը մշակեց լիարժեք վիրտուալ իրականության Oculus Rift սաղավարտը, որը մինչ օրս լրամշակվում է և փոփոխությունների ենթարկվում: Անցյալ տարի Facebook կորպորացիան գնեց ընկերությունը` արժանվույնս գնահատելով նորույթի ներուժը: Այսօր «վիրտուալ պայքարին» են միացել արդեն բազում ընկերություններ, սակայն Oculus Rift-ը դեռևս առանձնանում է:
X-TECH ստուդիան հիմնվել է 2008-ին: Այն ժամանակ թիմի գործունեության հիմնական ուղղությունը վեբ դիզայնն էր: Սակայն 2011-ից ստուդիան սկսեց համակարգչային խաղեր մշակել: Սկզբում բջջային հավելվածների, իսկ Oculus Rift-ի հայտնվելուն պես` խաղերի և վիրտուալ ինտեգրման տեսքով:
«Oculus Rift սաղավարտը դեռևս հասանելի է միայն մշակողներին, այն չես գտնի վաճառասեղաններին: Մենք հետաքրքրություն դրսևորեցինք և այժմ ունենք սարքի երկու տարբերակները, ինչը թույլ է տալիս ազատ էքսպերիմենտների գնալ ու սեփական լուծումները ներկայացնել: Տեխնոլոգիան դեռևս հեռու է կատարելությունից: Որպեսզի այն լիարժեք լինի, բազում խնդիրներ է պետք լուծել: Բայց բոլորը, այդ թվում և մենք, շարժվում են այդ ուղղությամբ: Շատ շուտով մենք կշփվենք ոչ թե չաթի միջոցով, այլ կկարողանանք զրուցել մի բաժակ սուրճի շուրջ վիրտուալ Փարիզի հայտնի սրճարաններից մեկում»,-պատմում է զրուցակիցս:
Oculus Rift-ում ստերեոէֆեկտ ստանալու համար պատկերները յուրաքանչյուր աչքի համար դուրս են բերվում մեկ դիսփլեյի վրա (պատկերներից յուրաքանչյուրը դիսփլեյի կեսից մի փոքր քիչ տարածք է զբաղեցնում), հետո պատկերի երկրաչափությունը շտկվում է տեսողության անկյան մեծացման համար ոսպնյակների միջոցով: Այդ պատճառով սաղավարտը կարող է խայտաբղետ պատկեր առաջացնել աչքերում, ծովային հիվանդություն ու սրտխառնոց: Կողմնակի էֆեկտների պատճառներից մեկը մեծ դադարն է գլուխը շրջելու և պատկերների նորացման միջև:
Ըստ Արման Աթոյանի, սա միակ խնդիրը չէ: Սարքը միանում է համակարգչին կաբելով, որը խանգարում է ընկղմանը: Oculus VR ընկերությունն աշխատում է անլար տարբերակի ստեղծման վրա, սակայն դրա մասին տեղեկություններ դեռևս չկան: X-TECH ստուդիան սարքի երկու տարբերակ ունի. առաջին տարբերակը մշակողների համար է, որը հայտնվել է 2013-ի մարտի 30-ին, երկրորդը` DK2 է: 2014-ի սեպտեմբերին Լոս Անջելեսում Oculus Connect խորհրդաժողովի ժամանակ ներկայացվեց Rift-ի թարմացված տարբերակը` Crescent Bay ծածկագրով: Այս տարբերակն ունի ավելի բարձր թողունակություն, քան DK2-ը, ավելի թեթև է, ունի ներկառուցված հանվող աուդիո ականջակալներ, սարքի հետին մասում լրացուցիչ ԻԿ-լուսադիոդների առկայության շնորհիվ ավելի լավ է հետևում մինչև 360 աստիճան շրջադարձերին: Ինչ վերաբերում է սպառողական տարբերակին, այն լրամշակման փուլում է:
«Մենք յուրովի ենք լուծում խնդիրները, և վատ չի ստացվում: Եթե որոշել եք խաղալ վիրտուալ միջավայրում, ապա լրացուցիչ սարքավորումների` ստեղնաշարի, մկնիկի, ջոսթիկի, առկայությունը միայն խանգարելու է: Իսկ մենք օգտագործում ենք միայն Microsoft ընկերության Kinect խաղարկային կառավարման սարքը: Նրա ծրագրային ապահովումը թույլ է տալիս ընկալել մարմնի լիարժեք եռաչափ շարժումները, դեմքի միմիկան ու ձայնը: Մենք ծրագրավորում ենք եռաչափ վիրտուալ միջավայր, Kinect-ը հետևում է մարմնին, ինչը թույլ է տալիս, դնելով սաղավարտը, փոխգործակցել միջավայրի հետ առանց լրացուցիչ սաքեր օգտագործելու»,-պարզաբանում է ծրագրավորողը:
Տեխնոլոգիայի հիման վրա ստուդիան մի քանի նախագիծ է մշակել` վիրտուալ Նյու Յորքը, որով կարելի է ազատ տեղաշարժվել, Մարսի մակերեսը և վիրտուալ սենյակը: Kinect-ը հետևում է օգտատերի շարժումներին, իսկ վիրտուալ աշխարհը համարժեք արձագանքում է: Վերջերս մշակողները ստեղծեցին հեծանիվի սիմուլացիա: Միացնելով այն հեծանվային մարզասարքին և դնելով սաղավարտը, կարելի է մարզվել` ասես երթևեկելով քաղաքի փողոցներով:
«Այն, որ մյուս կորպորացիաները` Microsoft-ը, Sony-ին, HTC-ը, պատրաստվում են տեխնոլոգիայի իրենց տարբերակները ներկայացնել, դրա հեռանկարների խոսուն վկայությունն է: Անշուշտ, գագաթնակետը կլինի ֆոտոռեալիստական վիրտուալ միջավայրի ստեղծումն` այդ դեպքում արդեն ուղեղը խաբելն այդքան բարդ չի լինի: Oculus-ի նոր տարբերակները գնալով ավելի լավն են դառնում, մրցակիցները պետք է շտապեն, առաջ անցնելու համար», մինչդեռ ընկերության արդյունքները նույն հաջողությամբ կկիրառեն հայ ծրագրավորողները:
«Մատրիցան» սարերի ետևում չէ: