![]() Կինոաֆիշ. Հինգ ֆիլմ, որոնք կարելի է դիտել հունիսինՀունիսյան պրեմիերաներն ավանդաբար բաղկացած են լինում կինոկատակերգություններից և աղմկահարույց ամառային բլոկբաստերից Հունիսը համարվում է խոշոր բյուջեով և աղմկահարույց պրեմիերաներով հարուստ այսպես կոչված ամառային կինոսեզոնի նախաշեմը: Հիմնական մասը բաժին է ընկնում հուլիս-օգոստոս ամիսներին, ուստի ստուդիաները ձգտում են իրենց սեփական նախագծերի առաջին ցուցադրության օրերը հենց այդ ժամանակահատվածում տեղավորել: Հունիսն այս իմաստով շատ ավելի «թեթև է». փոքր ծախսերով մեծ փողեր հավաքելու ունակ կինոկատակերգություններ և մեկ խոշոր բլոկբաստեր, որը հանդգնել է էկրան բարձրանալ ռիսկային այս ժամանակահատվածում: ![]() PanARMENIAN.Net - Ծանոթանալով ժամանակացույցին` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք հնարավոր կլինի դիտել հունիսին երևանյան կինոթատրոններում: «Լոնդոնյան արձակուրդներ» (օրիգինալ անվանումը` A Royal Night Out) Կատակերգություն, Մեծ Բրիտանիա, 2015 թ. Ռեժիսոր` Ջուլիա Ջարոլդ Դերերում` Սարա Գադոն, Ռուպեր Էվերեթ, Էմիլի Ուոթսոն, Ջեք Ռեյնոր Պրեմիերան Երևանում հունիսի 4-ին 1945 թ. Եվրոպայում Հաղթանակի օրը արքայադուստր Մարգարեթին ու նրա քրոջը` Էլիզաբեթին թույլ են տալիս գիշերը լքել Բուքինհեմյան պալատը: Նրանց ռոմանտիկ արկածներ ու վտանգներ են սպասում: Ջուլիա Ջարոլդի կատակերգության համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մայիսի 14-ին, սակայն հայ հանդիսատեսը կտեսնի այն գրեթե մեկ ամիս անց: Կինոնկարը հիացական արձագանք չստացավ ոչ հանդիսատեսի, ոչ էլ կինոքննադատների կողմից, որոնք նշում են թեթև շարադրանքն ու ծայրահեղ ռոմանտիկությունը, ինչը հակասում է սրամիտ բրիտանական կոմեդիայի մասին պատկերացումներին: Սակայն «Լոնդոնյան արձակուրդները» ֆիլմը վատ ընտրություն չէ հաճելի և մտորումներով չծանրաբեռնված ժամանակ անցկացնելու համար` ի վերջո կինեմատոգրաֆիկ հունիսը հենց դա է ենթադրում: «Լրտեսը» (օրիգինալ անվանումը` Spy) Կատակերգություն, ԱՄՆ, 2015 թվական Ռեժիսոր Փոլ Ֆեյգ Դերերում` Մելիսսա Մաքքարթի, Ջեյսոն Սթեթհեյմ, Ռոուզ Բիրն, Ջուդ Լոու, Միրանդա Հարթ: Պրեմիերան Երևանում հունիսի 4-ին «Կիսաշրջազգեստով ոստիկանները» կատակերգության հաջողությունից հետո ռեժիսոր Փոլ Ֆեյգի և կատակերգու դերասանուհի Մելիսսա Մաքքարթիի տանդեմը ձեռնարկեց կոշտ ու շատ ծիծաղելի ևս մեկ կատակերգության նկարահանում ոչ ընտանեկան կինոդիտման համար: Ֆիլմի սյուժեն պարզունակ է. Սյուզան Կուպերն աշխատում է գաղտնի ծառայությունում և երազում է առանձնահատուկ դառնալ, սակայն նրան ոչ մի կերպ դա չի հաջողվում: Սակայն շուտով հայտնվում է ունակություններն ի ցույց դնելու շանսը: Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել է SXSW կինոփառատոնի շրջանակում` արժանանալով կինոքննադատների գովեստներին, որոնք նշում էին, որ Սյուզեն Կուպերի դերը լավագույնն է Մաքքարթիի կարիերայում: Ծիծաղերի, բայց առանց գռեհկության պատմություն պատմելու Ֆեյգի ունակությունը հետաքրքիր դերասանական խաղի (թեկուզ ավանդաբար մռայլ Սթեյթը իր համար անսովոր ամպլուայում) և սրամիտ երկխոսությունների հետ մեկտեղ նպաստում են, որ «Լրտեսը» լավ ընտրություն լինի մեծ խմբով կինո գնալու համար: «Յուրայի դարաշրջանի աշխարհը» (օրիգինալ անվանումը` Jurassic World) Ֆանտաստիկա, ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Քոլին Թրեվորոու Դերերում` Քրիս Փրեթ, Բրայս Հովարդ, Ջեյք Ջոնսոն Պրեմիերան Երևանում հունիսի 11-ին Սթիվեն Սփիլբերգի լեգենդար «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմից 22 տարի անց էկրանին կենդանացած դինոզավրերը վերադառնում են: 2001-ին էկրան բարձրացած «Յուրայի դարաշրջանի այգի-3»-ը վերջինն էր ֆիլմաշարում և բավականին սառը ընդունվեց հանդիսատեսի և կինոքննադատների կողմից: «Յուրայի դարաշրջանի աշխարհն» անցել է «արտադրական դժոխքով»` 10 տարի շարունակ այն մեկ արտադրության է դրվել, մեկ փակվել է: Եվ եթե չլիներ Սփիլբերգի ձգտումը վերադարձնել կինոդիտողին հրաշալիքների աշխարհ, կինոնկարն այդպես էլ կմնար ստուդիայի պահարանում: 150-միլիոնանոց բլոկբաստերի գործողությունը տեղի է ունենում «Յուրայի դարաշրջանի այգին» ֆիլմի իրադարձություններից 22 տարի անց: Նուբլար կղզում գործում է Ջոն Հեմմոնդի մտահղացած այգին, սակայն հաճախորդների թիվը նվազում է, և այգու սեփականատեր ընկերությունը որոշում է նոր ատրակցիոն բացել` այցելուներին գրավելու համար: Ստեղծվում է դինոզավրի նոր տեսակ` Ինդոմինուս-Ռեքս: «Փախուստի դիմած սիրունիկները» (օրիգինալ անվանումը` Hot Pursuit) Կատակերգություն, ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Էնն Ֆլեթչեր Դերերում` Ռիզ Ուիզերսփուն, Սոֆիա Վերգարա, Մեթյու Դել Նեգրո Պրեմիերան Երևանում հունիսի 11-ին Եվս մեկ կրիմինալ կատակերգություն` այս անգամ ոստիկանության սպայի և կալանավոր կնոջ մասին, որոնք ճակատագրի բերումով հայտնվում են փախուստի մեջ Տեխասում: Օսկարակիր Ռիզ Ուիզերսփունը վերադարձել է իր սկզբնական ամպլուային` գերազանց կատարելով «գորշ մկնիկի» և համատեղության կարգով ոստիկանության աշխատակցի դերը, որին վիճակված է դժվարին ու կուրյոզներով լի ճանապարհ անցնել գեղեցկուհի Դանիելլա Ռիվայի ուղեկցությամբ: Սակայն Ուիզերսփունի լավ դերակատարումից բացի քննադատները ոչ մի նշանակալի բան չգտան ֆիլմում` նրանք նշում են կերպարների «կոպտությունը», ավելորդ գռեհկությունը ընտանեկան կինոդիտման համար նախատեսված ֆիլմում և պարզունակ հումորը: Կինոհանդիսատեսն էլ կարծես համամիտ է` արդեն 24 օր է ֆիլմը ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներում: Եվ այս ընթացքում հավաքել է ընդամենը 33 մլն դոլար` շատ վատ ցուցանիշ այս ժանրի ֆիլմի համար: «Երրորդն ավելորդ է» (օրիգինալ անվանումը` Ted 2) Կատակերգություն, ԱՄՆ, 2015 թ. Ռեժիսոր` Սեթ ՄաքՖարլեյն Դերերում` Մարկ Ուոլբերգ, Սեթ ՄաքՖարլեյն, Ամանդա Սայֆրեդ, Լիամ Նիսոն Պրեմիերան Երևանում հունիսի 25-ին Շատերն են հիշում 2012 թվականի կինոկատակերգությունը Թեդ անունով խաղալիք արջուկի և նրա լավագույն ընկեր Ջոնի մասին: Օրիգինալ ժապավենի հեղինակ Սեթ ՄաքՖարլեյնը, որը նաև «Գրիֆինները» հայտնի մուլտսերիալի հեղինակն է, ոգևորված լինելով ֆիլմի հաջողությամբ, համոզեց ստուդիային սիկվել նկարահանել: Դատելով նյութերից ու քննադատների հայտարարություններից, նոր կինոնկարում ամեն ինչ իր տեղում է` ավելին, սիկվելում ռեժիսորին հաջողվել է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե Ջոյի անձնական կյանքի վրա, ինչպես առաջին ֆիլմում էր, այլ` խոսող արջուկի խնդիրների: Ինչպես նախկինում, ընկերները միշտ միասին են և անկախ ամեն ինչից պատրաստ են հակազդել չար բախտին: Ուղղակի պետք է հիշել, որ թեև ֆիլմը խաղալիքի մասին է, այն ամենևին էլ նախատեսված չէ երեխաների հետ դիտելու համար: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |