![]() Ամենավտանգավոր դիվերսիոն ուղղությունների հենակետերը. Պատրաստ սպասում ենք, հյուրընկալ ժողովուրդ ենքԱյս ուղղությամբ Արցախի ՊԲ հենակետի դեմ Ադրբեջանը դիվերսիոն գործողություն նախաձեռնեց անցած տարվա մայիսին՝ «Յաշմա» հատուկ ստորաբաժանման միջոցով Կապույտադեղին թռչուններով ու 2 մետրից էլ բարձր «ղամիշներով». Արցախաադրբեջանական շփման գծի հարավային՝ Արաքսի հովտի ուղղությամբ ռազմական և քաղաքական մանևրումներն ակտիվ էին դեռ 90-ականներին: ![]() PanARMENIAN.Net - Իրավիճակ պայմանավորող գործոններից մեկն Իրանի հետ հարևանությունն էր: Թեհրանը փորձում էր պահպանել հյուսիսային շրջանների կայունությունը՝ վերահսկելով ադրբեջանցի փախստականների և զինված զանգվածի մուտքը, իսկ Բաքվի պաշտոնական քարոզչությունը հավակնում էր հակամարտության մեջ ներքաշել Իրանին, հետևաբար Թուրքիային՝ Հորադիզի գրավման մասին տեղեկություններով: Ադրբեջանցի փախստականները, և ոչ միայն, ռազմական գործողությունների վայրից հեռանում էին կամ դեպի Հորադիզ կամ անցնում Արաքս գետը` հատելով Իրանի սահմանը. եթե Հորադիզը վերահսկում էին հայերը, մնում էր 1 ուղղություն: 1993-ին ադրբեջանական ուժերի լուրջ պարտությունների թվում էր Ջրականից (Ջեբրայիլ) դուրս շպրտվելը, որին հետևեց տասնօրյա զինադադար՝ բնականաբար տասը օր չտևելով: Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները և մոտ 300 աֆղան մոջահեդ հոկտեմբերի վերջին հարձակում նախաձեռնեցին Ջեբրայիլի ուղղությամբ և ձախողվեցին՝ հայկական ուժերի հակահարձակման արդյունքում կորցնելով Հորադիզը: Հիմա Ջրականում լուռ է: Այս ուղղությամբ արդեն Արցախի ՊԲ հենակետի դեմ Ադրբեջանը դիվերսիոն գործողություն նախաձեռնեց անցած տարվա մայիսին՝ «Յաշմա» հատուկ ստորաբաժանման միջոցով: Հենակետը պաշտպանած զինվորներն արդեն զորացրվել են, նորերը պատմությունն անգիր գիտեն՝ բոլոր մանրամասներով ու պարկուճների ընկած տեղերով: Հենակետի ավագ Ասկերանից զորակոչված 19-ամյա սերժանտ Էրիկ Մնացականյանը 5 հերթափոխ է իր պաշտոնում: Բացատրում է, թե ինչու է իրենց դիրքն ամենավտանգավորներից. «Որովհետև ուր նայես անտառ ու ղամիշ է, հակառակորդը քողարկվելու լավ պայմաններ ունի: Աջ կողմում էլ Արաքսն է ու բացառված չի, որ այդ ուղղությունը կօգտագործի: Որ եկան, մենք մինչև վերջին շունչը կռվելուց բացի այլ տարբերակ չունենք, պատրոնն էլ պրծավ, փախնելու տեղ չունենք, մի տարի առաջ, որ դիվերսիա են մտել, հենց այդպես էլ դարանակալել, հաշվարկել են»: Հաղթելու միակ տարբերակն էլ հստակ է. ասում է՝ դիրքում արթուն մարդ պիտի լինի: Միշտ: Ամեն օր: Թեև լարված ու հատկապես վտանգավոր ժամերն առավոտյան են՝ լուսաբացին: «Գիշերը նոր վերջացած, դիվերսիայի հավանականությունն ամենաշատն այդ ժամերին է լինում, անձնակազմի քունը որ տանում է, - դրությունը բացատրում է սերժանտ Մնացականյանն ու հավելում.- Լույսը բացվելուց հետո էլ դիրքի տրամադրությունը կախված է եղանակից»: Հարցին, թե հենակետի պատասխանատուն ինքն է, ի՞նչ է իրեն պետք, որ դիրքն ամուր լինի՝ ավելի շատ տեխնիկա, զինամթերք, ինժեներական լուծումներ, պատասխանում է. «Ուժեղ զինվոր է պետք: Ֆիզիկապես ուժեղից բացի, որ վախկոտ չլինի: Մենակ դուխով զինվորը կկարողանա սրանց պահի, որ ռիսկ չանեն մտքներով էլ անցկացնեն մեր կողմը գան»: Դիրքի ավագը վստահ է՝ վախեցող զինվորին էլ կարելի է սովորեցնել «դուխով» լինել: Ւնքն իր մեթոդն ունի. «Մի անգամ ձեռքից բռնում ես, գիշերն ամբողջ դիրքով տանում, որտեղից մի ձայն մի շարժ է լսվում, հետը գնում ես, ստուգում, մի քանի գիշեր էլ կողքին հավասար հերթապահություն ես անում, սովորում է»: Իսկ ամենաանսպասելին ու զինվորի օբյեկտիվության ապացույցը խոստովանությունն էր. «Գիտեք ես ի՞նչ եմ եղել: Որ եկել եմ, ինձնից վախկոտ չի եղել, մենակ դիրքում չէ է, ամբողջ պաշտպանական շրջանում: Առաջին հերթափոխս էլ հենց էս դիրքում էր: Վախենում էի դուրս գայի: Ինձ էլ են սովորեցրել: 4-րդ հերթափոխին արդեն չէին ճանաչում: Մի դասակի հրամանատար ունեինք, ասում է՝ ով սկզբում վախենում է, հետո «դուխն» իրեն ուտում է: Թե չէ անվտանգության բոլոր միջոցներն արդեն ձեռնարկված են ու պարբերաբար նոր տարբերակներով ուժեղացնում ենք»: Էրիկը 7 ամսից է զորացրվելու, Արցախի պետական համալսարանում օգտակար հանածոների շահագործում և վերամշակում է սովորում: Գնալու է հեռակա փոխի, որ աշխատի: Իսկ Հադրութից ավագ սերժանտ Մհեր Կարապետյանը պայմանագրային զինծառայող է: Դիրքն ամուր պահելու մասին հարցը լսել է, ուզում է ավելացնել. «Ղամիշները շատ են խանգարում: Մեզ էլ են օգնում, բայց վնասն ավելի շատ է: Ավելի կարևոր է՝ մեր տեսանելիության դաշտը մեծ լինի»: Այս պայմաններում էլ նախորդ գիշեր հակառակորդի ակտիվությունը նկատել, վերահսկել են. «Ամեն պահի կարող էին գալ, ամեն պահի էլ սպասում ենք, պատրաստ սպասում ենք, թող գան, հյուրընկալ ժողովուրդ ենք: Կապ չունի՝ ցերեկ-գիշեր»: Թուրքն ակտիվ է, ինչն ուղիղ համեմատական է մեր զգոնության բարձրացմանը, ասում է սերժանտ Կարապետյանը, իսկ դա նշանակում է՝ կորցրել է ամենաուժեղ խաղաքարտերից մեկը՝ անսպասելիության գործոնը: Ավելին՝ արդեն ոչ միայն հակառակորդի գործողությունների մարտավարությանը, հնարավոր ուղղություններին ու այլ մանրամասների ենք տիրապետում, այլև հենակետը համալրվել է ինժեներական նոր կառույցներով, տեխնիկական նոր միջոցներով ու զինատեսակներով: «Այնպես որ, ինչ էլ անեն, ինչ էլ մտածեն էդ խելոքները, մենք կարողանալու ենք դիրքը պահենք»,- ասում է Կարապետյանը: Իսկ որ «էդ խելոքներն» ամեն գալուց կորուստներ են ունենում զուտ մեր զինվորների ճիշտ քայլերի, ընտրած ճիշտ մարտավարության արդյունքում, կարևորում է արցախաադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի գումարտակներից մեկի հրամանատար, փոխգնդապետ Գագիկ Մուրադյանը: «Մեզ ապահով ենք զգում, որովհետև տեխնիկական ոչ մի խնդիր չունենք, գիտելիքներն ենք զարգացնում, հակառակորդի մարտավարությունն ու գործողություններն ենք կարողանում հեշտ վերլուծել,- ասում է նա, իսկ հարցին՝ համեմատել 1 տարի առաջ և այսօր տեխնիկական միջոցների համալրումը, պատասխանում է.- Ոչ թե 1 տարի առաջվա, այլ կարելի է ամիս-ամիս նշել, որովհետև ամեն ամիս ենք համալրվում, ու դա ակնհայտ է»: Վերջին դիվերսիայից պատմում է՝ 2 խումբ է եղել, յուրաքանչյուրը՝ 15 մարդով, մի մասը եկել է դիմացից, մյուսները՝ ձախից: Փորձել են օգնության հասնող ճանապարհները փակել, բայց մեր դասակի հրամանատարի ընտրած ճիշտ մարտավարության արդյունքում անհաջողության են մատնվել, զոհերով ու վիրավորներով հետ շպրտվել: «Իսկ հակառակորդի ամեն ձախողումն ավելի զգոն ու համարձակ է դարձնում մեր զինվորին: Միշտ պատրաստ ենք դիմավորել ու «ճանապարհել» իրենց», - նկատում է փոխգնդապետը: Քանի հրամանատարը հարցերի է պատասխանում, զինվորները գետնատնակում խառնաշփոթի մեջ են, լուսամուտից երևում է: Մեկը նկատում է, որ իրենց էլ եմ հետևում, կիսաձայն ու շատ խորհրդավոր կանչում է. «Որ երշիկը խավիարով սարքենք, կուտեք, չէ՞: Ամենահամովը տենցա: Առանձին էլ ա համով, բայց սենց թագավորականա լինում»: Բոլորիս փոխարեն ընտրում եմ թագավորական տարբերակը, բայց հրամանատարը որ տեսնում, զարմանում է. «Էդ ի՞նչ եք արել, ո՞վ է տեսել երշիկը խավիարով ուտեն: Առաջին անգամ եմ սենց բան տեսնում»: Մի քանի րոպե անց համոզվում է՝ իզուր բարկացավ: Իսկ հակառակորդի դիվերսիաներն իզուր են նույնիսկ հատուկ նշանակության ստորաբաժանումներից զինծառայողների մասնակցության պարագայում. «Որ դիվերսիաներին հատուկ ստորաբաժանումներ են մասնակցում, հասկանում ենք նախ գործողությունների տրամաբանությունից, իրենց համազգեստից, թողած զենք-զինամթերքից և այլ իրերից: Այն զինատեսակները, որ ձախողումից հետո թողնում են ստանդարտ ստորաբաժանման սպառազինություն չէ»: Մեկ տարի ակտիվ դիվերսիոն պատերազմից հետո հակառակորդի մարտավարությունն էլ փոխվել է. հիմա հասկացել են՝ 2-3 հոգին չի կարողանում խնդիր լուծել, արդեն մեծ խմբերով են գալիս՝ մոտ 30-հոգանոց: «90-ականներից էլ որ պատմում են՝ թուրքն իրա դիակը չի տարել մարտի դաշտից: Հիմա իրենց դիակներն էլ չեն թողնում, տանում են, որ մենք չհասկանանք՝ դա իրենց 18 տարեկան զինվորը չի, իրենց պետությունից չի, վարձկան է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումից է,- ասում է փոխգնդապետը, իսկ խոշոր տրամաչափի ականանետներին անցնելու հակառակորդի քայլին տալիս սպառիչ բացատրություն, հիմնավորում, պատասխան,- Փոքր զենքերով իրենց արդեն պարտված են համարում»: Իսկ նույն ուղղությամբ մի քանի կմ դեպի հարավ հայտարարում են՝ դիվերսիաներ ձեռնարկելով հակառակորդն ավելի մեծացրեց լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում իր պարտության հավանականությունը: Դիվերսիաներից մեկի ժամանակ դիրքապահներին օգնության հասած գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Խալաթյանն է վստահ. «Դիվերսիաներից հետո զինվորը զինվոր է դարձել, ավելի փորձառու, որ վաղը կռիվ եղավ, արդեն մի բան տեսել է, պատրաստ է, գիտի՝ ինչ անի, ոնց անի: Թուրքին գիտի»: Ասում է՝ իրենց ուղղությամբ ևս խոշոր տրամաչափի ականանետներ են աշխատում, դիպուկահարներ էլ: Ընդ որում, ականանետները չեն կարողանում թիրախին հասնել: «Կամ պերելյոտա, կամ նեդալյոտ: Իսկ դիվերսանտներն ամեն ժամ են գալիս, էլ չեն նայում լուսաբաց լինի, քնած լինենք, էներգետիկ ըմպելիքների, դեղամիջոցների ազդեցության տակ են լինում»: «Ամեն դիվերսիոն գործողության խնդիր տարբեր է լինում: Ոչնչացնել այս կամ այն օբյեկտը, ամբողջ դիրքի անձնակազմին, հնարավորինս շատ վնաս հասցնել, մարդ տանել,- բացատրում է գումարտակի հրամանատար, մայոր Նվեր Ներսիսյանն ու ավելացնում,- էդ բալամները փորձում են նոր բաներ էլ մտածել, բայց մենք ամեն քայլի պատրաստ ենք: Զինվորներ ունենք, երազում են, որ դիվերսիա լինի: Ասում եմ՝ դու քո ծառայությունը տար, որ ժամանակը գա, դու էլ կհերոսանաս»: Իսկ ամենակարևորը՝ մեր 18 տարեկան ժամկետայինները կարողանում են հակառակորդին ինչպես հարկն է պատժել՝ ամոթով թողնելով Յաշմայի ստորաբաժանումներից մինչև Հասանով ու Ալիևին: 2014-ի հունվարի 19-ին Արցախում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էին եղել։ Հակառակորդին դիմագրավելիս զոհվել էր 1994-ին ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, 1995-ին ծնված եֆրեյտոր Էրիկ Գասպարյանը: Վիրավորվել էին Ռուզվելտ Թորոսյանը, Արայիկ Հակոբյանը, Գևորգ Կարապետյանը, Տարոն Ղուկասյանը: Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը ևս մեկ հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկել: Հակառակորդի գործողությունները կասեցնելիս զոհվել էր 1989-ին ծնված ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը: Անի Ավետյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել ![]() ![]() ![]() Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը ![]() Էլ չենք տեսնի Արցախում ![]() Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |