21 հուլիսի 2015 - 18:51 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
7 փաստ ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի մասին
Գեդիգյանը բազմաթիվ կինոփառատոնների մասնակից է
Ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանի հայրը հայ է, մայրը՝ գերմանուհի: Նա կինոյի ասպարեզում է 1980-ից: Ապրում է Մարսելում՝ նրա ֆիլմերի մշտական միջավայրում, բազմաթիվ կինոփառատոնների մասնակից է: Գեդիգյանը 19 ֆիլմ ունի, որոնցից 3-ը՝ «Ուղևորություն դեպի Հայաստան», «Ոճրագործության բանակ»-ն ու «Խենթ պատմություն»-ը հայկական թեմաներով են. վերջինով այս տարի բացվեց 12-րդ «Ոսկե ծիրան»-ը՝ այն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: PanARMENIAN.Net-ը հավաքել է 7 փաստ, որ պետք է իմանալ ֆրանսահայ ռեժիսորի մասին:

1. Իր առաջին ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 26 տարեկանում: Համոզված է՝ կինոյի աշխարհում տեղ գտնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ձգտել ինքնարտահայտվելու, մյուսների հետ խոսելու մեծ ցանկություն ունենալ` բոլոր հնարավոր միջոցներով:

2. Ռոբեր Գեդիգյանը համոզված է՝ ժամանակակից ֆիլմ նկարելու համար ոչինչ պետք չէ: Նրա ֆիլմերում աշխատել են ընկերները, ընտանիքի անդամները, մարդիկ, որոնք ամբողջ գիշեր գալիս էին նկարահանման հրապարակ, իսկ առավոտյան շտապում աշխատանքի, և ոչ ոք չէր վճարվում:

3. 2001-ին Գեդիգյանն իր «Քաղաքը հանգիստ է» ֆիլմի համար Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ ստացել է Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (FIPRESCI) մրցանակը: Ռեժիսորից բացի, տարբեր մրցանակների են արժանացել նաև նրա ֆիլմերում նկարահանված դերասանները, որոնց թվում նաև նրա կինն է՝ Արիան Ասկարիդը:

4. Գեդիգյանի «Կիլիմանջարոյի ձյունը» դրաման 2011-ին ներկայացված էր Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում, որը հիմնական մրցույթից հետո կարևորությամբ երկրորդն է: Հենց Կաննում էլ կայացավ ֆիլմի պրեմիերան: Պատմությունը գրելիս Ռոբեր Գեդիգյանը և Ժան-Լուի Միլեզին ոգեշնչվել են Վիկտոր Հյուգոյի «Խեղճ մարդիկ» երկից՝ ընդգրկված «Դարերի լեգենդը» բանաստեղծությունների եռահատոր ժողովածուում: Իսկ վերնագիրը հեղինակները վերցրել են մի երգից, որը գլխավոր հերոսները կատարում են ֆիլմում. խոսքը Պասկալ Դանելի «Կիլիմանջարո» երգի մասին է, որը ֆրանսերեն հայտնի է որպես Les Neiges du Kilimandjaro (թարգ.՝ «կիլիմանջարոյի ձյունը»):

5. Ռեժիսորը սիրահարված է ֆրանսիական կինոյին դրա յուրահատկություններով հանդերձ: Նրա խոսքով, ֆրանսիական կինոարվեստը պատմական մեծ ավանդույթեր ունի, ամեն ինչ ներառում է իր մեջ: Գեդիգյանն ասում է՝ ֆրանսիական կինոյում աշխատող բոլոր մարդիկ նվիրյալներ են: Ֆրանսիան նաև տարբեր անկյուններից եկած կինոգործիչների է միավորում:

Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմից կադր

6. Հայոց ցեղասպանության թեմային նվիրված «Խենթ պատմություն»-ը նկարահանելուն նրան ոգեշնչել է իսպանացի հայտնի գրող և լրագրող Խոսե Գուրիարանի կյանքն ու գործունեությունը, որն արտացոլված է նրա ինքնակենսագրական La Bomba գրքում: Գեդիգյանի խոսքով, դա նրան տվել է ֆիլմի «բանալին» և 100 տարվա պատմության մեջ թափանցելու մի տեսանկյուն. «Զգում էի, որ պարտավոր եմ, պատասխանատու եմ նկարել այս ֆիլմը: Ինձ թվում է, որ կինոգործիչները, մտավորականները, կարծիք ձևավորող լիդերները պատասխանատություն են կրում: Ինձ համար կարևոր էր, որ այս ֆիլմը ստեղծվեր հենց այս պահին, քանի որ սա ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, այլև Թուրքիայի կողմից 1915-ի եղելությունը չընդունելու, ժխտելու 100 տարին»:

7. Գեդիգյանի համար ոգեշնչման աղբյուրը հենց ինքն է՝ իրեն շրջապատող աշխարհի հետ ունեցած հարաբերություններով:

ՖՈՏՈՇԱՐՔ