Կայուն զարգացման ծրագիրը. 17 նպատակի իրականացում 15 տարվա ընթացքում

Կայուն զարգացման ծրագիրը. 17 նպատակի իրականացում 15 տարվա ընթացքում

Ի՞նչ է իրենից ներկայացնում ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ծրագիրն ու ի՞նչպես է այն իրագործվելու

2015-ին ՄԱԿ-ն ամփոփում է իր հռչակած Հազարամյակի զարգացման նպատակների ծրագիրը, որը մեկնարկել էր 2000 թվականին: Զգալի առաջընթաց արձանագրելով, դրանց իրականացմանը ձեռնամուխ է եղել նաև Հայաստանը: 2012-ին կայացել է «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովը, որն ընդունել է «Ապագան, որ մենք ուզում ենք» եզրափակիչ փաստաթուղթը՝ հիմք դնելով Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) և այս ամենի ընդգրկմամբ մի նոր համապարփակ փաստաթղթի նախապատրաստմանը: Բանակցային երկար գործընթացի արդյունքում փաստաթուղթն իր մեջ ներառել է Կայուն զարգացման նպատակները, դրանց իրականացման եղանակներն ու միջոցները, ընդհանուր առմամբ` 17 նպատակ ու 169 թիրախ:

PanARMENIAN.Net - Ամփոփելով Հազարամյակի զարգացման 8 նպատակի կատարողականը, ՄԱԿ-ի անդամ պետությունները, որոնց թվում է նաև Հայաստանը, ձեռնամուխ են եղել ավելի հավակնոտ և ընդգրկուն՝ Կայուն զարգացման նպատակների ծրագրի իրականացմանը, որի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 25-ին: PanARMENIAN.Net ը պատմում է, թե ինչ է իրենից ներկայացնում ծրագիրը:

Ինչ է կայուն զարգացումը

Կայուն զարգացումն այն զարգացումն է, որը բավարարում է ներկայի կարիքներն առանց սպառնալու ապագա սերունդներին՝ իրենց անձնական կարիքները բավարարելու հարցում: Նման զարգացումը մարդկության ու մոլորակի համար կայուն ապագա ստեղծելու համար համատեղ ջանքեր է պահանջում: Կայուն զարգացման հասնելու համար անհրաժեշտ է 3 հիմնական կետ համաձայնեցնել. տնտեսական աճ, հասարակական ինտեգրում ու շրջակա միջավայրի պահպանություն: Այդ տարրերը փոխկապակցված են ու հանրության և հասարակության բարեկեցության հարցում վճռական դեր են խաղում:

Որոնք են Կայուն զարգացման նպատակները

Միավորված ազգերի կազմակերպության 193 անդամ-պետություն համաձայնության եկան մեկ ընդհանուր փաստաթղթի շուրջ, որի խորագիրն է «Փոխակերպելով աշխարհը. 2030 թ.-ի Կայուն զարգացման օրակարգ»: Այն 17 նպատակն ու 169 թիրախ է ընդգրկում:

17 նպատակը հետևյալն են. աշխարհն առանց աղքատության, աշխարհն առանց սովի, առողջ ապրելակերպ, որակյալ ուսում, կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարություն, մաքուր ջրի ու կոյուղու հասանելիություն, էներգիայի վերականգնվող աղբյուրներ, աշխատատեղեր ու տնտեսական աճ, նորարարություններ ու ենթակառուցվածք, աշխարհն առանց անհավասարության, քաղաքների անվտանգություն ու մատչելի բնակարան, խելամիտ սպառում, կլիմայի փոփոխության դեմ պայքար, ջրային ռեսուրսների պահպանում, ցամաքում էկոհամակարգի պահպանություն, խաղաղություն ու օրենքի գերակայություն, նպատակների համատեղ իրագործում:

Աշխարհի առաջնորդները սեպտեմբերի 25-ին պաշտոնապես հաստատեցին այս օրակարգը, որի արդյունքում աշխարհում պետք է վերջ դրվի աղքատությանն ու հաջորդ 15 տարվա ընթացքում ավելի կայուն հասարակություն կառուցվի:

Օրակարգի հիմքում Հազարամյակի զարգացման նպատակներն են, որոնք հաստատվել էին 2000 թվականին ու որոնցով առաջնորդվում էին վերջին 15 տարվա ընթացքում: Դրանք հաստատեցին, որ գլոբալ նպատակները կարող են լուծել միլիոնավոր մարդկանց աղքատության խնդիրը:

Նոր թիրախները կայուն զարգացման հավակնոտ օրակարգի մաս են կազմում, որը հիմնված է լինելու կայուն զարգացման 3 փոխկապակցված տարրի վրա. տնտեսական աճ, սոցիալական ինտեգրում և շրջակա միջավայրի պահպանություն:

Կայուն զարգացման նպատակները գլոբալ բնույթ են կրում և կիրառվում են ամենուրեք, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, ներուժն ու զարգացման մակարդակը, ինչպես նաև ազգային ռազմավարությունն ու գերակայությունները: Դրանք անկախ չեն իրարից և պետք է իրագործվեն համալիր մոտեցման հիման վրա: Այդ նպատակները 3 տարվա աշխատանքի արդյունք են, որն իր մեջ ներառում է ինչպես շահագրգիռ կողմերի, այնպես էլ մարդկանց կարծիքը: Սա աննախադեպ համաձայնություն է կայուն զարգացման գերակայությունների վերաբերյալ ՄԱԿ անդամ 193 երկրի միջև, որի դրույթները հավանության են արժանացել քաղաքացիական հասարակության, գործարարների, խորհրդարանականների և դերակատարների կողմից:

Ինչու են նոր նպատակներն ընդունվել հենց 2015-ին

2000-ին մեկնարկած Հազարամյակի զարգացման նպատակների ծրագիրը տարեվերջին մոտենում է ավարտին: Հասկանալով նպատակների հաջողությունը, երկրները 2012-ին կայացած «Ռիո+20» համաժողովում համաձայնեցին աշխատանքային խումբ ստեղծել, որը կկազմի կայուն զարգացման նպատակները: Մեկ տարի աշխատանքից հետո Բաց աշխատանքային խումբը ներկայացրեց 17 նպատակից կազմված ցանկը: 2015-ի օգոստոսի սկզբին ՄԱԿ-ի 193 անդամները փաստաթուղթի շուրջ համաձայնության եկան, որն էլ հաջորդիվ ընդունվեց սեպտեմբերի 25-ից 27-ը Նյու Յորքում կայացած Գլխավոր վեհաժողովի շրջանակում:

Ինչու են Կայուն զարգացման նպատակներն այդքան ընդարձակ Հազարամյակի զարգացման նպատակների համեմատ

Նախագծում 17 կայուն զարգացման նպատակ կա ու 169 թիրախ. Հազարամյակի զարգացման ծրագրում 8 նպատակ կար ու 21 թիրախ: Աշխարհում առկա բարդ մարտահրավերները պահանջում են, որ հարցերի ավելի լայն շրջանակ ընդգրկվի ու լուծվի: Դա չափազանց կարոր է խնդիրների խորքային պատճառները լուծելու համար, այլ ոչ միայն ախտանիշները բացահայտելու:

Ինչպես է իրագործվելու նոր ծրագիրը

Իրագործումն ու հաջողությունը կախված է լինելու յուրաքանչյուր մասնակից պետության կայուն զարգացման սեփական ռազմավարությունից, պլաններից ու ծրագրերից: Կառավարությունները պետք է զարգացնեն իրենց ազգային ցուցանիշները: Ազգային սեփականություն հանդիսացող և պետությանը պատկանող կայուն զարգացման նպատակները մոբիլիզացման ու ֆինանսավորման համարժեք ռեսուրսներ կպահանջեն:

Ինչ կապ ունի կլիմայի փոփոխությունը կայուն զարգացման հետ

Կլիմայի փոփոխությունն ազդում է հասարակության առողջության, սննդի ու ջրի անվտանգության, միգրացիայի, խաղաղության ու անվտանգության վրա: Կայուն զարգացման մեջ ներդրումները կօգնեն լուծել կլիմայական փոփոխության հարցը՝ կլիման ավելի ճկուն դարձնելով ու նվազեցնելով արտանետումները:

Հազարամյակի զարգացման ծրագրի բացթողումներից մեկն այն է, որ մոտ 800 միլիոն մարդ դեռ շարունակում է ապրել ծայրահեղ աղքատության մեջ, 795 մլն-ն էլ տառապում սովից: 2000-ից 2015-ը դպրոց չհաճախող երեխաների քանակը գրեթե կիսով նվազել է: Այնուամնեյանիվ, 57 մլն երեխա դեռ չի օգտվում կրթություն ստանալու իր իրավունքից:

Բացթողումներից է նաև այն, որ գենդերային անհավասարությունը դեռ պահպանվում է, չնայած աշխարհի խորհրդարաններում ավելի շատ կանայք են ներկայացված ու ավելի շատ աղջիկներ են դպրոց հաճախում: Կանայք շարունակվում են խտրականության ենթարկվել աշխատանքի ընդունվելիս, ինչպես նաև հանրային որոշումների կայացման ժամանակ:

Սպասվող արդյունքների մասին

17 նպատակն ու 169 թիրախը վերահսկվելու են և վերլուծության ենթարկվելու մի շարք գլոբալ ցուցիշների օգնությամբ: Դրանք կհամալրվեն տարածաշրջանային և ազգային մակարդակի ցուցանիշներով, որոնք մշակելու են անդամ պետությունները:

Փորձագիտական խումբը Կայուն զարգացման նպատակների ցուցանիշներով համալրելու է ցուցանիշների գլոբալ համակարգը, որը հետագայում համաձայնեցվելու է ՄԱԿ Վիճակագրական հանձնաժողովի հետ 2016-ի մարտին: Հետագայում Տնտեսական և Սոցիալական խորհուրդը, ինչպես նաև Գլխավոր վեհաժողովը կընդունեն այդ ցուցանիշները: Կայուն զարգացման նպատակների ծրագիրը կսկսվի իրագործվել 2016-ի հունվարի 1-ից: Այն պետք է ավարտին հասցվի մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Սակայն, հնարավոր է, որ որոշ ոլորտներում ավելի վաղ հաջողություն արձանագրվի, քան նախանշված ժամկետը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---