Ծանոթանալով հեռուստացանկին` PanARMENIAN.Net-ը ներկայացնում է 5 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել այս ձմեռ:
«Մանկության ավարտը» (օրիգ. անվանումը`Childhood's End)
Սեզոն` 1
Հեղինակ` Նիկ Հուրան
Դերերում` Դեյզի Բեթս, Չարլզ Դենս, Օզի Իքհայլ, Ջուլիան ՄաքՄեհոն
Պրեմիերան դեկտեմբերի 14-ին
Ալիքը` Syfy
Գիտաֆանտաստիկ գրականության դասական Արթուր Քլարկի պաշտամունքային դարձած վեպի էկրանավորումը բավականին ռիսկային էր: Վեպի երկրպագուների բազմամիլիոնանոց բանակի ցասումը չառաջացնելու համար` Syfy հեռուստաալիքը որոշեց թողարկել միայն 7 էպիզոդ մինի-սերիալի ձևաչափով: Մյուս սեզոնների ճակատագիրը կորոշվի կախված առաջին սեզոնի վարկանիշից: Գիտաֆանտաստիկ սերիալի սյուժեն հետևյալն է. երբ Երկիր մոլորակը բնակեցրին խաղաղասեր այլմոլորակայինները, աշխարհն ընկղմվեց երանելի ուտոպիայի մեջ: Բոլոր պետական գործերը ստանձնեցին եկվորները: Մի կողմից թվում էր, թե ամեն ինչ իդեալական է, բայց ինչ գին պետք է վճարեն մարդիկ այդ ամենի համար:
«Տարածություն» (օրիգ. անվանումը` The Expanse)
Սեզոն` 1
Հեղինակներ` Ռոբերտ Լիբերման, Թերի ՄաքԴոնաֆ
Դերերում` Թոմաս Ջեյն, Սթիվեն Սթրեյթ, Քես Անվար, Դոմինիկ Տիպպեր
Պրեմիերան դեկտեմբերի 14-ին
Ալիքը` Syfy
Ամերիկյան Syfy ալիքի հերթական օրիգինալ գիտաֆանտաստիկ նախագիծն է, որը պատմում է ոչ այնքան հեռավոր ապագայի իրադարձությունների մասին: 200 տարի անց մարդկությունը սկսել է Տիեզերքի զավթումը, սակայն, չնայած հսկայական տեխնոլոգիական առաջընթացին, հանցագործությունները բացահայտելու համար նախկինի պես հրավիրում են փորձառու և հմուտ խուզարկուների: Դետեկտիվ Միլլերը սովոր է գործն ավարտին հասցնել: Սակայն հերթական հանցագործությունը հետաքննելու համար նա բախվում է տիեզերական մասշտաբի դավադրության հետ:
«Գաղութ» (օրիգ. անվանումը` Colony)
Սեզոն` 1
Հեղինակ` Կարլտոն Քյուս
Դերերում` Ջոշ Հոլլուոեյ, Սարա Ուեյն Քելլիս, Փիթեր Ջեկոբսոն, Ամանդա Ռիգետտի, Իզաբելլա Քրամփ
Պրեմիերան հունվարի 14-ին
Ալիքը` USA Network
«Ողջ մնալ» ֆիլմի ստեղծողներից մեկը նոր նախագիծ է մշակել հակաուտոպիայի ժանրում: Ոչ այնքան հեռավոր ապագայի Լոս Անջելեսը վերածվել է գաղութի, որն առանձնացած է մնացած աշխարհից բարձր պատով: Նոր կառավարությանը հավատարիմ քաղաքացիները չափավոր կյանք են վարում, իսկ անհամաձայնները ստիպված են ամեն օր կենաց ու մահու կռիվ տալ: Ուիլն ու Քեյթի Բոումենները կառավարությանը սատարողների թվում են, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ անհետանում է նրանց որդին: Երեխային վերադաձնելու համար Ուիլլը որոշում է վտանգավոր գործարք կնքել, ինչն անկանխատեսելի հետևանքներ է ունենում: Հեղինակների ակնհայտ զուգահեռները «Կփախչեմ Նյու Յորքից» ֆիլմի հետ և լավ դերասանական կազմը, թույլ են տալիս հուսալ, որ երկարաժամկետ նախագիծ կստացվի:
«Միլիարդները» (օրիգ. անվանումը` Billions)
Սեզոն` 1
Հեղինակներ` Բրայան Կոպպելման, Դևիդ Լևին
Դերերում` Դեմիեն Լյուիս, Փոլ Ջամատի, Մալին Աքերման, Դևիդ Կոստաբայլ, Թոբի Լեոնարդ Մուր
Պրեմիերան հունվարի 17-ին
Ալիքը` Showtime
Դրամատիկ սերիալը պատմում է հսկայական ֆինանսական մեքենայի աշխատանքին առնչվող մարդկանց բարդ փոխհարաբերությունների պատմությունը: Գործողությունը կատարվում է Նյու Յորքում, մեծ փողերի աշխարհում և պատմում է հեջ-ֆոնդերի հավակնոտ միապետ Բոբբի Աքսելրոդի և դաշնային դատախազ Չակ Ռոդսի դիմակայության մասին: Գերազանց դերասաններ Դեմիեն Լյուիսը (Նիկոլաս Բրոուդի «Հայրենիք» սերիալից) և Փոլ Ջամատին միանգամայն ունակ են իրենց ուսերին կրելու շոուն մի քանի սեզոն շարունակ: Կարևորն այն է, որ սյուժեն նույնքան հետաքրքիր ու գրավիչ լինի, որքան Showtime-ի արտադրության յուրաքանչյուր սերիալի դեպքում:
«Գաղտնի նյութեր» (օրիգ. անվանումը` The X-Files)
Սեզոն` 10
Հեղինակ` Քրիս Քարթեր
Դերերում` Դևիդ Դուխովնի, Ջիլիան Անդերսեն, Միչ Փիլեջի, Ուիլյամ Դևիս, Ջոել Մաքհեյլ
Պրեմիերան հունվարի 24-ին
Ալիքը` Fox
«Գաղտնի նյութեր» սիրված սերիալի վերջին` 9-րդ, սեզոնն ավարտվեց 2002-ի մայիսին: Հետո հայտնվեց երկրորդ լիամետրաժ «Ուզում եմ հավատալ» ֆիլմը, որը պրոդյուսերների համար ձախողված էր: 13 տարի անց շոուի անփոխարինելի հեղինակ Քրիս Քարթերը որոշեց վերակենդանացնել սերիալը. ըստ էության, շարունակությունը ոչ թե 10-րդ սեզոնն է, այլ մի նոր մինի-սերիալ, բաղկացած 6 էպիզոդից: Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը հերթական անգամ զբաղվելու են պարանորմալ պատահարների բացահայտմամբ արդեն 21-րդ դարի նոր իրողություններում: