![]() Ծերության մեխանիզմները. Մարդիկ միևնույն կերպ չեն ծերանումԿենսաբանական տարիքը կարելի է վերահսկել սպորտի, կանոնավոր սննդի, կանոնավոր բժշկական հետազոտությունների և ծխելուց հրաժարվելու շնորհիվ Ծերացումը մարդու օրգանիզմի մասերի և համակարգերի աստիճանական դեգրադացիայի կենսաբանական գործընթացն է և դրա հետևանքները: ![]() PanARMENIAN.Net - Ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում տարիքի հետ, առաջին հերթին դրսևորվում են կենսաբանական ֆունկցիաների նվազմամբ: Այդ ֆիզիոլոգիական փոփոխությունները սովորաբար ուղեկցվում են հոգեբանական և վարքագծային փոփոխություններով: Գոյություն ունեն ծերացման բազում տեսություններ, որոնք բացատրում են գործընթացի մեխանիզմները: Պայմանականորեն դրանք կարելի է 2 խմբի բաժանել: Ըստ առաջինի` ծերացումը կենդանի օրգանիզմների անբաժան մասը չէ, այլ առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, որի նպատակն է, որ ծերացող և մեռնող օրգանիզմները կենսական տարածք ազատեն երիտասարդների համար: Ըստ երկրորդ խմբի` ծերացումը յուրաքանչյուր կենդանի օրգանիզմին բնորոշ և բնական գործընթաց է, որի էությունը բջջային վնասվածքների կուտակումն է, որոնց դեմ օրգանիզմն աշխատում է պայքարել: Սակայն, ինչպես պարզել են գիտնականները, մարդիկ միևնույն կերպ չեն ծերանում, ոմանք ավելի արագ, մյուսներն` ավելի դանդաղ: Իրենց հետազոտությունը նրանք ներկայացրել են Proceedings of the National Academy of Sciences հանդեսի էջերին: Ծերացման հետազոտումը ցույց է տվել, որ որոշ մարդկանց կենսաբանական տարիքն էականորեն տարբերվում է օրացուցայինից: Դյուկի համալսարանի գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է 18 կենսամարկեր (բնութագրեր, որոնք օգտագործվում են որպես ամբողջ օրգանիզմի վիճակի ինդիկատոր), որոնց օգնությամբ կարելի է որոշել մարդու կենսաբանական տարիքն ու օրգանիզմի ծերացման արագությունը: Այստեղ կարևոր են` արյան ճնշումը, լյարդի և երիկամների գործունեությունը, մետաբոլիզմը, խոլեստերինի մակարդակը, սիրտանոթային համակարգի վիճակը, տելոմերների երկարությունը (քրոմոսոմների վերջութային հատվածները, որոնք կարճանում են բջիջների յուրաքանչյուր տրոհման հետ): Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 954 բնակչի առողջության վիճակը: Աշխատանքն ընթացել է 12 տարի` երբ հետազոտման մասնակիցները 26-38 տարեկան են եղել: Պարզվել է, որ որոշ մարդկանց օրգանիզմն իրական տարիքից երիտասարդ է, կարծես վերջին 12 տարիները ոչ մի կերպ չեն ազդել նրա վրա: Մյուսների վիճակն այդքան լավատեսական չէր: 38-ամյաների մեծ մասի մոտ կենսաբանական տարիքը 40-ից մի փոքր անց էր, ոմանց մոտ` նույնիսկ 50-ից անց, իսկ մեկի դեպքում` այն 61 էր: Դա նշանակում է, որ դիտարկման 12 տարում այդ մարդու օրգանիզմը սովորականից 2 անգամ ավելի արագ է ծերացել: Ծերացման ֆիզիոլոգիական նշանները սովորաբար ավելի շուտ են ի հայտ գալիս, քան տարիքային հիվանդությունները: «Կենսաբանորեն ծեր» մարդիկ ավելի վատ են կատարում բալանսի և համակարգման թեստերը, ինչպես նաև անծանոթ խնդիրները: «Արագ ծերացող մարդիկ դեռ հասուն տարիքում թուլանում են, կորցնում են տոկունությունը, նվազում են կոգնիտիվ ունակությունները, նրանք ավելի վատ են գնահատում իրենց առողջական վիճակը և տարիքից մեծ են երևում»,-նշում են հերոնտոլոգները: Սակայն հետազոտողներն այլ բան են կարևորում` ապացուցվեց կենսաբանական մարկերների օգտագործման հնարավորությունը ծերացման գործընթացը չափելու համար միջին տարիքի հաճախորդների մոտ, որոնք դեռ շատ երիտասարդ են տարիքային հիվանդություններ նրանց մոտ հայտնաբերելու համար: Գիտնականները նաև հայտարարում են, որ կենսաբանական տարիքը կարելի է վերահսկել սպորտի, կանոնավոր սննդի, կանոնավոր բժշկական հետազոտությունների և ծխելուց հրաժարվելու շնորհիվ: Այդ դեպքում նույնիսկ սթրեսային վիճակում առողջ ապրելակերպն օգնում է չեզոքացնել բացասական հետևանքներն ու պահպանել օրգանիզմի նորմալ գործունեությունը: PanARMENIAN.Net / Tsets Հղումներ թեմայով. ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |