PanARMENIAN.Net-ը պատմում է, ում և ինչքան է պարտք Հայաստանը:
ՀՀ պետական պարտքը
Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտք է օտարերկրա պետություններին, կազմակերպություններին, ինչպես նաև ներհայաստանյան վարկատուներին ու պարտատոմսեր ձեռքբերողներին մոտ $1688, եթե հաշվի առնել միմիայն աշխատունակ տարիքի քաղաքացիներին`(պաշտոնական տվյալներով, մոտ 3,004 մլն բնակչության 66,9%-ն կամ 2.009 միլիոնը 2015 թվականի սկզբի դրությամբ) թիվը կկազմի մոտ $2523: Վերջին 7 տարում պետական պարտքը աճել է գրեթե 51%-ով` $3.362 մլրդ-ից հասնելով մինչև մինչև 5.071 մլրդ:
Ներքին և արտաքին պարտքը
Ներքին պարտքը` այդ թվում, վարկերը, պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը կազմում է $761 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $686 մլն դիմաց: Արտաքին պարտքը 2015-ի դեկտեմբերի դրությամբ կազմում է $3 .833 մլրդ: Այդ թվում՝ ՀՀ կառավարության արտաքին վարկերի և փոխառությունների գծով պարտքը 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է $2.929 մլրդ: 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ այդ թիվը կազմել է $2 մլրդ 685 մլն: Կենտրոնական բանկի արտաքին վարկերի և փոխառությունների գծով պարտքը 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է $476 մլն: 2014-ի դեկտեմբերին այդ թիվը կազմում էր $440 մլն:
ՀՀ արտաքին պարտքը կազմում են նաև ոչ ռեզիդենտների կողմից ձեռքբերված արտարժութային պետական պարտատոմսերը: 2015-ին պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է $500 մլն` 2013-ի $700 մլն-ի համեմատությամբ:
2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաքին վարկերի և փոխառությունների գծով պարտքի գումարի 85%-ը բաժին է ընկնում միջազգային կազմակերպություններից վերցված վարկերին ու փոխառություններին: Դրանցից ամենախոշոր վարկատուներն են Զարգացման միջազգային ընկերակցությունը (IDA) - 38.9%, Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկը (IBRD) - 15.8%, Ասիական զարգացման բանկը (ADB) - 13.3%, Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) - 4.8%, Եվրամիությունը (EU) - 2.4%, Գյուղ. զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) - 2.1%, Եվրոպական ներդրումային բանկը (EIB) - 2.2%, ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) - 1.4%, Եվրասիական Զարգացման Բանկը (Կայունացման և Զարգացման Եվրասիական Հիմնադրամի կառավարիչ) - 3.4%, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (EBRD) - 0.6%:
Պետություններից վարկեր
2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաքին վարկերի և փոխառությունների գծով պարտքի 14.2%-ը բաժին է ընկնում օտարերկրյա պետությունների վրա: Այդ թվում՝ Գերմանիա - 3.6%, Ֆրանսիա - 0.7%, ԱՄՆ - 0.8%, Ճապոնիա - 8.2%, Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամ - 0.2%, Չինաստանի Արտահանման-Ներմուծման Բանկ - 0.7%:
ՌԴ-ից ՀՀ-ն 2015-ին երկու վարկ է վերցրել. Մեծամորի ատոմակայանի վերականգնման ծրագրի համար նախատեսված $270 մլն-ի վարկ և պետական արտահանման վարկը ($200 մլն)՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
Բանկերից վարկեր
Առևտրային բանկերին բաժին է հասնում 2015-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերցված վարկերի և փոխառությունների 0.8%-ը: Այդ թվում՝ ԿԲՍ Բանկ (Բելգիա) - 0.2%, Ռայֆայզն Բանկ (Ավստրիա) - 0.3%, Էռստե Բանկ (Ավստրիա) - 0.3%:
Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկից վերցված վարկերի շրջանակում իրականացվելու են հետևյալ ծրագրերը.
1. Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր ($52 մլն-ի վարկ)
2. Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր ($30 մլն-ի վարկ)
3. Կենսական նշանակության ճանապարհների ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ($40մլն-ի վարկ)
4. Պետական կառավարման համակարգի արդիականացման III ծրագիր ($21 մլն-ի վարկ)
Եվրասիական զարգացման բանկից (Կայունացման և Զարգացման Եվրասիական հիմնադրամի կառավարիչ) վերցված վարկերի շրջանակում իրականացվելու են հետևյալ ծրագրերը.
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագիր - ծրագիր IV ($150 մլն-ի վարկ)
2. Ոռոգման համակարգի արդիականացման ծրագիր ($40 մլն-ի վարկ)
3. Ֆինանսական վարկ՝ բյուջետային աջակցության ($300 մլն-ի վարկ)
Ասիական զարգացման բանկից վերցված վարկերի շրջանակում իրականացվելու են հետևյալ ծրագրերը.
1. Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - ծրագիր II (մոտ $112 Մլն-ի վարկ)
2. Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (մոտ $87 մլն-ի վարկ)