Արևելյան գեղեցկություն

Արևելյան գեղեցկություն

Հայուհիները՝ արևմտյան նկարիչների վրձնով

Գաղտնիք չէ, որ հայուհիները մշտապես հայ նկարիչների ներշնչանքի աղբյուր են հանդիսացել, սակայն քչերին է հայտնի, որ հայ կնոջ գեղեցկությունը պատկերել են նաև եվրոպացի ու ամերիկացի մի շարք արվեստագետներ։

PanARMENIAN.Net - Ուշագրավ է, որ հայկական թեման պատկերող գործերի գերակշիռ մասը ստեղծվել է օրիենտալիզմի ժանրում։ PanARMENIAN.Net ն ամբողջացրել ու ներկայացնում է այդ ստեղծագործությունները։

Մի քանի խոսք օրիենտալիստական ժանրի մասին։ Օրիենտալիզմը (Orient՝ «արևելք» բառից)18-20-րդ դդ․ եվրոպական (նաև ամերիկյան) արվեստի առանձնահատուկ ուղղություններից է, որը ռոմանտիզմին հատուկ ոճական ձևերով տվյալ դարաշրջանի արևմտյան մարդուն ներկայացնում էր Արևելքի երկրների շունչը, մշակույթը, ավանդույթները, վերջապես, արևելյան մարդուն։

Օրիենտալիզմի հիմնական աշխարհագրական օբյեկտը Օսմանյան կայսրությունն էր՝ իր տարբեր ժողովուրդներով ու մշակույթներով։ Այդ ժանրի ծագումը սովորաբար կապում են մի կողմից 18-րդ դարի վերջին Եվրոպայում սկսված քաղաքակրթական բուռն փոփոխությունների ու զարգացման, մյուս կողմից՝ Օսմանյան կայսրության անկման հետ։ Այլ խոսքով՝ կտրուկ աճում է եվրոպացիների հետաքրքրությունը արդեն թուլացող, սակայն ճոխ ու հաճույքապաշտական (հեդոնիստական) կերպար ունեցող օսմանյան ներքին կյանքի նկատմամբ։ Այս իմաստով օրիենտալիզմը նաև յուրահատուկ էկզոտիկայի լույսի ներքո ներկայացնում էր Արևելքի տարբեր ժողովուրդներին բնորոշ ազգագրական տարրերը, կենցաղը, սովորույթները։ Այն ըստ էության կոչված էր փոխանցելու այս կամ այն մշակույթի գեղեցկությունը։

Թեև օրիենտալիստ նկարիչներն իրենց աշխատանքներում առավելապես անդրադարձել են բուն արևելյան՝ մահմեդական մշակույթին ու կենցաղին, սակայն նրանք չեն շրջանցել նաև հայերին։ Թերևս հենց արևելյան յուրահատուկ գեղեցկությունն ու նուրբ էկզոտիկան հաղորդելու միտումն էր, որ օրիենտալիստներն իրենց գործերում պատկերել են գրեթե բացառապես հայուհիների։ Անդրադառնանք այդ աշխատանքներից առավել հայտնիներին։

Օսմանյան թեմային անդրադարձած առաջին եվրոպացի նկարիչներից էր ծագումով ֆլամանդացի, ֆրանսիական արվեստագետ Ժան-Բատիստ Վանմուրը (Jean Baptiste Vanmour, 1671 – 1737)։ 1699 թ․նա Օսմանյան կայսրությունում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել և կարողացել տեղում հարյուրավոր գործեր ստեղծել օրիենտալիստական թեմայով։ Անդրադարձել է նաև հայկական թեմային՝ ստեղծելով 4 գեղանկար։

Ժան-Բատիստ Վանմուր, «Հայկական հարսանիք», մոտ 1720-30-ական թթ․, Նիդերլանդների պետական թանգարան, Ամստերդամ։

Հայկական թեման ներկայացնող այս նկարում, թեև ամբողջությամբ չեն բացահայտվում հայկական մշակույթի առանձնահատկությունները, սակայն այն թույլ է տալիս եվրոպացի դիտողին, թեկուզև մոտավոր, պատկերացում կազմել հայերի հարսանիքի ծեսին բնորոշ տարրերի մասին։

Հաջորդ երեք նկարները ևս ստեղծված են նույն ժամանակաշրջանում։ «Հայերը թղթախաղ են խաղում» վերնագրով նկարում (Նիդերլանդների պետական թանգարան, Ամստերդամ) Վանմուրը պատկերում է հայ բարձրաշխարհիկ (ամենայն հավանականությամբ՝ ամիրայական) դասի առօրյա մի պատկեր։ Դիմագծերը զուսպ են պատկերված, փոխարենը ամենայն մանրամասնությամբ ներկայացված են հայերի հագուստն ու զարդարանքները։

Ժան-Բատիստ Վանմուր, «Հայերը թղթախաղ են խաղում»

«Զրույց», Նիդերլանդների պետական թանգարան, Ամստերդամ: Օսմանյան ինտերիերին ու տղամարդու՝ ակնհայտորեն արևելյան հագուկապին կարծես հակադրված են հայուհիների առավել ազատ, առանձնահատուկ հայկական ոճի տարազները։

Ժան-Բատիստ Վանմուր, «Զրույց»

«Ասեղնագործող հայ կանայք», Ստամբուլի թանգարան։ Դարձյալ օսմանյան ինտերիերում պատկերված են հայ կանայք՝ իրենց բնորոշ վառ ու գունագեղ հագուստներով։

Ժան-Բատիստ Վանմուր, «Ասեղնագործող հայ կանայք»

Հայուհիների կերպարին անդրադարձած հաջորդ օրիենտալիստ նկարիչն անգլիացի Ջոն Ֆրեդերիկ Լյուիսն է (John Frederick Lewis, 1804-1876)։ «Հայուհին Կահիրեում» (1855 թ․) վերնագրով այս նկարում տպավորիչ կերպով ներկայացված են հայ կնոջ կերպարի առանձնահատկությունները։ Աչքի են ընկնում հատկապես բազմոցին պառկած հայուհու նուրբ դիմագծերը և նրա հագուստի դետալները։ Նկարը պահվում է Քաթարի Օրիենտալիստական թանգարանում։

Ջոն Ֆրեդերիկ Լյուիս, «Հայուհին Կահիրեում», 1885 թ.

Հայկական թեմայով մի շարք գործեր ունի նաև օրիենտալիզմի ամերիկյան ներկայացուցիչ Ջոն Հենրի վան Լեննեփը (John Henry van Lennep, 1815-1889)։ Նա ևս պատկերել է հայ կանանց («Հայ հարսնացուն», «Հայուհին տանը», «Հայ գեղջկուհին», «Հայ տիկինը տանը», «Հայ և թուրք կանայք արտասահմանում»)։

Ձախից` «Հայ և թուրք կանայք արտասահմանում», աջից` «Հայուհին տանը»

Օրիենտալիզմի ամերիկյան նշանավոր ներկայացուցիչ Ֆրեդերիկ Արթուր Բրիջմենը (Frederick Arthur Bridgman, 1847-1928): Նրա «Հայուհին» (1882թ․) նկարը թերևս հայկական թեմայով լավագույն գործերից է, եթե ոչ ամենալավը։ Այն արդեն որոշակիորեն դուրս է զուտ օրիենտալիստական, թեթև էկզոտիկ ոճի սահմաններից ու գեղարվեստական բարձր արտահայտչականությամբ ներկայացնում է հայ կնոջն իր ողջ հմայքով՝ դիմագծերից մինչև հագուստի նրբաճաշակ դետալները։

Ֆրեդերիկ Արթուր Բրիջմեն, «Հայուհին», 1882 թ.

Նշենք, որ հայուհիներին իրենց գործերում պատկերել են ոչ միայն օրիենտալիզմի հետևորդ նկարիչները։ Այսպես, ամերիկացի դիմանկարիչ Ռալֆ Կլարկսոնի (Ralph E. Clarkson, 1861-1942) վրձնին է պատկանում հայ երգչուհի Նվարդ Ձերոն-Կոշկարյանին պատկերող այս ուշագրավ նկարը (1912 թ․)։ Այն վերնագրված է՝ «Նվարդ Ձերոն` Հայաստանի դուստրը» (Nouvart Dzeron, a Daughter of Armenia) և այժմ պահվում է Չիկագոյի պատկերասրահում:

Ռալֆ Կլարկսոն` «Նվարդ Ձերոն` Հայաստանի դուստրը», 1912 թ.

Վերջապես, ներկայացնենք ֆրանսիացի դիմանկարիչ Շառլ Լանդելի (Charles Landelle, 1821-1908) «Հայուհին» (1866թ․, Ուոլլեսի հավաքածու, Լոնդոն) կտավը։ Այս գործը ևս, անխոս, հայուհու գեղեցկությունը պատկերող լավագույն նմուշներից է եվրոպական արվեստում։

Շառլ Լանդել, «Հայուհին» 1866թ․

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---