![]() Սարոյանն ընդդեմ ՀեմինգուեյիՆույն դարաշրջանի երկու գրողի դիմակայությունը 1934-ին լույս տեսավ Ուիլյամ Սարոյանի առաջին գիրքը, որը հարուցեց Էռնեստ Հեմինգուեյի վրդովմունքը` նրան վիրավորել էին Սարոյանի արտահայտություններն իր հասցեին «70 հազար ասորիներ» պատմվածքում: 1935թ. Esquire-ի հունվարյան համարում Հեմինգուեյը կոպիտ հոդված հրապարակեց Սարոյանի մասին: ![]() PanARMENIAN.Net - Սակայն Հեմինգուեյի քննադատությունը, որն այն ժամանակ արդեն հայտնի գրող էր, պահաջված ու հեղինակավոր, չխոչընդոտեց Սարոյանի մուտքը գրական ասպարեզ, ավելի շուտ`կանխագուշակեց. «Անցած շաբաթ ամերիկյան ասպարեզում նոր գրող հայտնվեց: Առաջին հայացքից, ափի մեջ տեղավորվող, ոչ ավելին, այդ հետաքրքիր երևույթը եղանակի փոփոխություն է խոստանում, իսկ գուցե նաև ցիկլոն»,-ասվում էր Time հանդեսի հոդվածում, որն անսխալ կերպով կարողացավ զատել Սարոյանի յուրահատուկ ոճը: «Նոր հնչեղ անուն կարճ պատմվածքի ժանրում` ՍԱՐՈՅԱՆ: Արդեն տարիներ շարունակ կարճ պատմվածքի հեղինակներից ոչ մեկն այդպիսի համընդհանուր հետաքրքրություն և աշխուժություն չէր առաջացրել: Նա ամենաքննարկվող և պահանջված երիտասարդ գրողն է Ամերիկայում: Նրա տաղանդը նույնքան վառ է, որքան Ֆոլկներինը, Դրայզերինը և Լարդներինը»,-այսպես էր ազդարարել հրատարակչություններից մեկը Սարոյանի առաջին գրքի հրատարակումը: Նշվում էր, որ Սարոյանի ստեղծագործություններում բացակայում է սյուժեն և դա, հավանաբար, կզարմացնի ընթերցողին, որը դաստիարակված է կարճ պատմվածքի հին ավանդույթների վրա: Սարոյանի ազդեցությունը XX դարի 30-40-ականների ԱՄՆ գրական կյանքի վրա այնքան հզոր էր, որ նա դարձավ որոշակի հայացքների, արժեքների, փիլիսոփայության մանրմնացումը: Մեծ դեպրեսիայի տարիներին նրա անսպառ կենսախնդությունն օգնում էր հուսահատ մարդկանց: Հենրի Միլլերը հրավիրում էր նրան աշխատելու համատեղ նախագծերում, իսկ Չարլզ Բուկովսկին և Ջեկ Քերուակը ներշնչվում էին նրա ներքին ազատությամբ: Սարոյանը դարձավ երևույթ: Գեղարվեստական ստեղծագործություններից շատերում հեղինակները հիշատակում են նրան որպես ժամանակի խորհրդանիշ: Սակայն Հեմինգույեը «սվիններով» դիմավորեց նոր հեղինակին: «Հեմինգուեյի հերոսները, կյանքի հետ մարտնչելով, անպարտ են մնում, իսկ Սարոյանի հերոսները` հաղթանակած են դուրս գալիս»: Էռնեստ Հեմինգուեյը ներխուժեց համաշխարհային գրականություն որպես նրանցից մեկը, ով գրում էր այսպես կոչված «կորսված սերնդի»` Առաջին աշխարհամարտի բովով անցած երիտասարդների մասին, որոնք կորցրել են սովորական խաղաղ կյանքով ապրելու ունակությունը: «Չնայած, որ այդ թեմայով անհամար ստեղծագործություններ են գրվել, Հեմինգուեյի ստեղծագործությունները տարբերվում էին ընդհանուր ֆոնին, որի պատճառներից մեկը առանձնահատուկ խառնվածքն է, որով հեղինակն օժտում է իր հերոսներին»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում աել է «Ելակետ» գրական ակումբի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Մասլեննիկովը: Ըստ նրա, Հեմինգուեյի գրքի հերոսը միշտ այն մարդն է, որն աներեր ընդունում է ճակատագրի հարվածները և առաջ է գնում` չնայած ակնհայտ անհույս իրավիճակին: «Ինչ-որ բանի համառորեն դիմակայելու թեման, մի բանի, որը հարյուրապատիկ անգամ գերազանցում է իրեն ու անխուսափելի է, կարմիր թելով անցնում է Հեմինգուեյի բոլոր ստեղծագործություններով և հստակ նկատվում է նաև նրա մյուս գործերում, որոնք հեռու են միջպատերազմյան սերնդի խնդիրներից ու թեմաներից»,-ասել է Մասլեննիկովը` հավելելով, որ հենց այստեղ են զուգահեռներ նկատվում Սարոյանի հետ` չէ որ նրա գրքերն էլ են այն մասին, թե ինչպես է հասարակ մարդը տանում անտանելի վիշտը, դիմակայում պատերազմին, հիասթափությանը: «Միայն թե Սարոյանն ավելի լայն էր նայում այդ ամենին: Նրա գրքերի հերոսներին` բաց, անկեղծ մարդկանց, ոչ միայն հաջողվում է սովորել ապրել այս անհեթեթ ու դաժան աշխարհում, նրանց հաջողվում է հաղթել` պահպանելով հավատը մարդկանց հանդեպ, արդարության հանդեպ, հավատն առ այն, որ «և աշխարհը ավելի լավը կլինի, և մարդիկ»: Այլ կերպ ասած, նրանց հաջողվում է խուսափել հոգու կարծրացումից: Հեմինգուեյի հերոսները, կյանքի հետ մարտնչելով, անպարտ են մնում, իսկ Սարոյանի հերոսները`հաղթանակած են դուրս գալիս »,-կարծում է «Ելակետ» գրական ակումբի անդամը: Ծանոթացել են Լոնդոնում, կռվել` Փարիզում 1944-ին Հեմինգուեյը հաստատվեց Լոնդոնի «Դորչեսթր» հյուրանոցում և նրա համարն անմիջապես ձգողական կենտրոն դարձավ, ուր գալիս էին գրողներ, ռազմական թղթակիցներ, ֆոտոլրագրողներ: Այստեղ էին Հեմինգուեյի բազում հին ծանոթներն ու ընկերները: Օրերից մի օր «Դորչեսթրի» հյուրերի թվում հայտնվեց նաև Ուիլյամ Սարոյանը, որը եկել եր Էռնեստի կրտսեր եղբոր` Լեսթերի հետ, որի հետ նա ծառայում էր պատերազմական կինովավերագրության մեջ: Սակայն, ոչ լոնդոնյան հանդիպումները, ոչ` փարիզյան, չընկերացրեցին նրանց: Մի անգամ նրանք նույնիսկ կռվել են փարիզյան սրճարաններից մեկում, որտեղ հիմա ցուցանակ է կախված. «Այստեղ կռվել են Հեմինգուեյն ու Սարոյանը»: Սարոյանի և Հեմինգուեյի հարաբերությունները չբարելավվեցին ոչ 10, ոչ 20 տարի անց: Նրանք չէին համակրում մրմյանց: Նրանք հակառակորդներ մնացին մինչև վերջ, սակայն յուրաքանչյուրն ընդունում էր հակառակոդի հանճար լինելը: Սարոյանն ասում էր. «Հեմինգուեյն ամենամեծ անգլալեզու գրողն է: Նա այնպես է գրել, կարծես դա Հին կտակարանն է: Մարդը մտավ քաղաք և դուրս եկավ քաղաքից: Շատերն են փորձել այդքան պարզ գրել, բայց ոչ ոք չի կարողացել»: Հետաքրքրական է, որ երկուսի ստեղծագործություններում էլ հանդիպում են նմանատիպ մտքեր: Օրինակ, և Սարոյանը, և Հեմինգուեյը գրել են մարդու ոգու հզորության մասին: Հեմինգուեյը «Ծերունին և ծովը» վիպակում գրել է. «Մարդը պարտություն կրելու համար չէ ստեղծված…Մարդուն կարելի է ոչնչացնել, սակայն նրան չի կարելի հաղթել»: Սարոյանը «Մարդկային կատակերգության» մեջ պատմում է, որ եթե ինչ-որ վատ բան է պատահում, դա երբեք վերջը չէ: Կյանքը բացառություններ չի ճանաչում «Նա չէր կարողանում հասկանալ և չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ ծերացել է: Կյանքը պետք է ընդունել, և կյանքում պետք է զգալ ամեն ինչ` այդ թվում ծերությունը: Ինձ թվում է, մարդիկ մեռնում են, որովհետև ցանկանում են մեռնել: Չպետք է դրան համաձայնվել: Ես, օրինակ, վաղուց կարող էի մեռած լինել, բայց ահա` ապրում եմ»,-գրել է Սարոյանը Հեմինգուեյի մասին: Ինքն այդպես էլ չհամաձայնվեց մեռնել: Նրա վերջին խոսքերն են եղել. «Բոլորին է վիճակված մահանալ, բայց ես միշտ կարծել եմ, որ ինձ համար բացառություն կանեն: Եվ ի՞նչ»: 1960թ. ծանր հիվանդ Հեմինգուեյը վերադարձավ ԱՄՆ`հաստատվելով Այդահոյում: Նա այլևս չէր կարողանում աշխատել, և դա խորը դեպրեսիայի պատճառ դարձավ: 1961-ին Հեմինգուեյը ինքնասպան եղավ` կրակելով հրացանից: Ուիլյամ Սարոյանը վախճանվել է 1981-ի մայիսին Ֆրեզնոյում: Մեկ տարի անց նրա աճյունով սափորը հուղարկավորվեց Երևանում` Կոմիտասի անվան պանթեոնում: Այդպես էր գրված գրողի կտակում: Հասմիկ Վանցյան/ PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |