![]() 2016-ի 8 կարևորագույն տնտեսական իրադարձությունըԱնցնող տարվա վերելքներն ու անկումները Ներկայացնում ենք 2016-ի կարևորագույն տնտեսական իրադարձությունները՝ ըստ PanARMENIAN.Net-ի: ![]() PanARMENIAN.Net - Նաիրիտը սնանկ ճանաչվեց 2016-ի մարտին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար: Դրանից առաջ հայտարարել էր, որ Հայաստանը ներդրող է փնտրում «Նաիրիտ» քիմիական գործարանի համար, որի գործարկմանը, աուդիտորների նախնական գնահատականներով, անհրաժեշտ է մոտ $200–300 մլն-ի ներդրում։ Մայիսին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ «Նաիրիտը» պետք է գործարկվի։ Նրա խոսքով՝ բոլոր ջանքերը գործադրելու է, «որ մենք ունենանք Նաիրիտ»: Հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ, գործնական առաջարկություն չի եղել: Նոյեմբերի 14-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման մրցույթ: Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն: Պարտապանը պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում չի կատարել իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման պարտավորությունը, որն, ըստ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտի, 2015թ. մարտի 5-ի դրությամբ կազմել է 1.235.003.232 դրամ։ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս 2015-ին տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով: Հարկային նոր օրենսգրքի ընդունումը Հոկտեմբերի 4-ին Խորհրդարանում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 78 կողմ, 19 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հարկային նոր օրենսգրքով եկամտահարկի սանդղակն էապես վերանայվել է: 120.000-150.000 դրամ աշխատավարձի դեպքում կիրառվելու է 23% դրույքաչափ, 150.000-ից մինչև 2 մլն դրամի դեպքում՝ 28%, իսկ 2 մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում պահպանվելու է գործող դրույքաչափը՝ 36%: Շրջանառության հարկի հարկման շեմը նախկին 40 մլն դրամի փոխարեն կսահմանվի 58.35 մլն դրամ: Առաջարկվող փոփոխությունները քննադատում էին գրեթե բոլորը` բիզնեսի, հասարակության, ընդդիմության ներկայացուցիչներն, անգամ ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ: Մասնագետները վստահ են` նոր օրենսգիրքը ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը։ PanARMENIAN.Net ը ներկայացրել էր առաջարկվող փոփոխություններն ու համեմատել միջազգային փորձի հետ: Բյուջետային ավիափոխադրողի հայտնվելը շուկայում Հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է բյուջետային ավիափոխադրողներ ներգրավել Գյումրիի «Շիրակ» օդանավակայան: Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Դեկտեմբերին ավիաընկերությունների համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով որոշում է կայացվել օդանավակայանի աերոնավիգացիոն սպասարկումն այսուհետ իրականացնել 50 տոկոս իջեցված սակագնով: Նոյեմբերի 3-ին հայտարարվել է, որ Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը «Զվարթնոց» օդանավակայանում բարձր է: Դեկտեմբերի 15-ին՝ 8-ամսյա դադարից հետո Շիրակ օդանավակայանը կրկին վերագործարկվեց: «Պոբեդա»-ն իր առաջին թռիչքը կատարեց: Շաբաթական երեք չվերթ է նախատեսված: Տոմսերի գները սկսվել են 999 ռուբլիից (մոտ 7500 դրամ): 500 ռուբլի (մոտ 3700 դրամ) հավելավճարի դեպքում ընկերությունն առաջարկում է նաև Երևանից Գյումրի ավտոբուսի ծառայություն: Հնարավոր է պատվիրել նաև «Պլյուս» և «Պրեմիում» փաթեթներ: Դրանց տոմսերը ներառված ծառայությունների արդյունքում ավելի թանկ են: «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթներն իրականացվում են «Բոինգ-737» և «Բոինգ-800» տիպի օդանավերով, որոնք նախատեսված են մոտ 180 ուղևորի համար: «Պոբեդա» ավիաընկերությունն «Աերոֆլոտ» խմբի ցածրաբյուջետային փոխադրող է: Ընկերության չվերթներն իրականացվում են Boeing-737-800 12 ինքնաթիռով 58 ուղղությամբ: Իրականացվում է 8 միջազգային չվերթ, այդ թվում Fly & Bus ծառայության միջոցով: Գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի հետ Հուլիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանից Հայաստան առաքվող գազի ծավալը 3 անգամ կավելանա: Իսկ գործադիրի օգոստոսի 4-ի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջև։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին տեղեկացրել է, որ Հայաստանը բանակցում է իրանական գազ գնելու շուրջ: Հաջողության դեպքում հայաստանյան սպառողներն առաջիկայում արդեն կկարողանան օգտագործել իրանական գազը: «Ներքին սպառման համար իրանական գազը կօգտագործվի այն ժամանակ, երբ գինը մրցունակ կլինի մեր այլ աղբյուրների հետ», - փոխանցել է Հարությունյանը: Դեկտեմբերի 15-ին հայտարարվել է, որ ավարտվել են Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման աշխատանքները։ Հատկացված միջոցների շրջանակում ամբողջությամբ գազաֆիկացվել է Մեղրի քաղաքը և Ագարակի մի մասը։ Ավելի վաղ՝ դեկտեմբերի 8-ին Իրանի լեռնահանքային արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմատզադեն հայտնել է, որ Իրանը կնպաստի Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը: Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի Հայաստան կատարած այցի օրը վառվել է խորհրդանշական կրակը և տրվել գազամատակարարման մեկնարկը։ Գազի և էլէներգիայի էժանացում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոյեմբերի 25-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հայտը՝ ՀՀ-ում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ, որի արդյունքում սահմանվել են գազի նոր՝ ավելի ցածր սակագներ: Հունվարի 1-ից գազը սպառողների համար կէժանանա 7.7 դրամով, բացի այդ՝ կստեղծվեն սպառողների նոր խմբեր, որոնց համար սակագինը նորովի կհաշվարկվի։ Մասնավորապես, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար: 2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 5.9 տոկոսով կամ 2.58 դրամով: Սակայն, 2016-ի հուլիսի 31-ին Կառավարության և ՀԷՑ-ի նոր սեփականատեր «Տաշիր»-ի կողմից էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի սուբսիդավորումն ավարտվել է: 2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով: Ստացվում է, որ բնակչությունը մոտ 4.4 դրամով ավելի է վճարում էլեկտրաէներգիայի դիմաց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ի նիստում որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի գինը փետրվարի 1-ից բնակչության համար նվազեցնել 1.22 դրամով։ Բնակիչները ցերեկային ժամերին 1կվ էլեկտրաէներգիայի համար կվճարեն 44.98 դրամ, գիշերային ժամերին՝ 34.98 դրամ։ Իսկ սոցիալապես անապահով ընտանիքները կվճարեն 40 և 30 դրամ համապատասխանաբար։ Սակայն, կրկին՝ 2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով: Ստացվում է, որ այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի որոշումից հետո բնակչությունը մոտ 3.1 դրամով ավելի է վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց՝ մինչև 2015-ի օգոստոսի թանկացումը գործող սակագնի հետ համեմատ: Ջրի միասնակ օպերատոր. Հունվարի 1-ից ջուրը կթանկանա ՀՀ-ում դեկտեմբերին խմելու ջրի նոր միասնական սակագին է հաստատվել՝ 180 դրամ/խմ: ՀԾԿՀ-ն քվեարկությամբ որոշել է՝ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները. 1) խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 2) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): Այսինքն՝ սպառողի համար ջրի մատակարարումն ու ջրահեռացումը կարժենա 180 դրամ/խմ: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարի 1-ից: «Վեոլիա Ջուր» ընկերությունը պաշտոնապես դարձել է Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարվա համար: Նոյեմբերի 21-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվել է Հայաստանի խմելու ջրի համակարգի վարձակալության պայմանագիրը։ Արևային կայաններ ունեցող ֆիզիկական անձինք կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել ընդհանուր ցանցին ԱԺ-ում մարտի 16-ին միաձայն հաստատվել է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տրվում մինչև 150 կՎտ հզորության արևային կայաններ տեղադրել: 150 կՎտ-ից պակաս հզորությամբ արևային կայաններ ունեցող ֆիզիկական անձինք կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել ընդհանուր ցանցին: Այսինքն, սեփական արտադրությունից ավելցուկը հնարավոր կլինի վաճառել՝ գործող սակագնի կեսով: Նոյեմբերի 23-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնել է, որ Մինչև 2020 թ.-ը ՀՀ կառավարությունը նախատեսում է էներգետիկ ծախսերը կրճատել 38 տոկոսով: Արևային էներգետիկայի զարգացման նպատակով, 2017-ից նախարարությունը նախատեսում է անցկացնել նաև միջազգային մրցույթ՝ 50 մգվտ հզորությամբ արևային կայան կառուցելու համար: Մրցույթում հաղթելու առաջին և ամենակարևոր նախապայմանը ցածր սակագինն է: Նոյեմբերի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագինը 1 մեգավատանոց արևային կայանների համար կազմում է 42,6 դրամ, առանց ԱԱՀ։ Նույնը գործում է հողմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի դեպքում։ ՀԽԿՀ-ի կողմից արևային կայանների համար սահմանված սակագինը վերաբերում է բացառապես մինչև 1 մեգավատ հզորություն ունեցող կայաններին։ Այն որևէ կերպ չի առնչվում սեփական կարիքների բավարարման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տեղադրվող մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար կայաններին։ Վերջիներիս սակագինը կարգավորված է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին օրենքով։ Ըստ այդմ, էլէներգիայի սեփական կարիքները բավարարելուց հետո, ավելցուկային էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին վաճառելիս ինքնավոր արտադրողները ստանում են փոխհատուցում` գործող սակագնի 50 տոկոսի չափով: «Երևան ՋԷԿ»-ի նոր ենթակայան կկառուցվի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» վարկային ծրագրի շրջանակում հայտարարված միջազգային մրցույթի արդյունքներով հուլիսին կնքվել է պայմանագիր «Երևանի ՋԷԿ»-ի 220 կՎ ենթակայանի կառուցման գլխավոր կապալառու ընտրված AB Substations and Sobra Instalaciones և Servicios S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումի հետ։ Պայմանագրի գինը կազմում է 11,3 մլն դոլար, 4,7 մլն եվրո և 6,9 մլն շվեդական կրոն։ Պայմանագրի շրջանակում նախատեսվում է կառուցել «Երևանի ՋԷԿ»-ի 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու գործող 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականությունը: Նշենք, որ գործող ենթակայանը շահագործման է հանձնվել 1963թ.։ Դրա խափանման դեպքում կայանն անջատվում է ցանցից և անհրաժեշտություն է առաջանում գործարկել «Հրազդանի ՋԷԿ»-ի հին և ոչ արդյունավետ բլոկերը։ «Երևանի ՋԷԿ»-ին է բաժին ընկնում երկրում տարեկան արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը: Նոր ենթակայանի կառուցումը նախատեսվում է ավարտել 17 ամսվա ընթացքում։ Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տեղեկացվել է, որ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրում կտնտեսվի 10 մլն դոլար: Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար ![]() ![]() ![]() ԱԹՍ-ով ջրված այգու բերքը ![]() Դատարկ փեղկերի առասպելը ![]() Զսպելով բարկությունն ու գնաճը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |