![]() Ռենեսանսի «վերածնունդը» ԵրևանումՆկարչուհին կտավների հերոսներին տեղափոխում է գրասենյակ, բար ու լողափ Սոցցանցերի հայկական հատվածում տարածում են ստացել հետաքրքիր կոլաժներ, որտեղ դասական գեղանկարչության հայտնի հերոսները ներկայացված են ժամանակակից պայմաններում՝ գրասենյակում, բարում, նորաձևության հարթակում, լողափում: ![]() PanARMENIAN.Net - Այդ զվարճալի և սարկաստիկ կոլաժների հեղինակը պատկերազարդող դիզայներ Ալլա Մինգալյովան է: Նկարչուհին ծնունդով Ղրիմից է, սակայն, արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում և աշխատում է Երևանում: PanARMENIAN.Net ը զրուցել է երիտասարդ նկարչուհու հետ նրա հոբբիի և ապագայի ծրագրերի մասին: «Ինչ ինձ հիշում եմ՝ նկարում եմ, բայց Ռենեսանսի կտավներով կոլաժներն անում եմ մեկ տարուց մի փոքր ավելի: Ես դա լավ գաղափար համարեցի՝ հին կտավների հերոսներին ներկայացնել ժամանակակից կյանքում՝ համեմելով դա հումորով ու սարկազմով»,-պատմում է Ալլան և հավելում. «Մի քանիսը շատ լավ են ստացվել»: Եվ իրոք, Վերածննդի դարաշրջանի կտավների կերպարները շատ լավ են համադրվել արդիական իրողությունների հետ: Մարգերիտ Ժերարի, Լեոնարդո դա Վինչիի, Ջոն Ուիլյամ Գոդվարդի, Յան Վերմեերի և այլ նկարիչների հերոսները բար են գնում, արևայրուք ստանում, մեքենա վարում և դեֆիլեի մասնակցում: Կոլաժների մեծ մասը Երևանում է ստեղծվել, «օֆիսային պատմությունները» կատարվում են այն գրասենյակում, որտեղ Ալլան աշխատում է, որոշ կոլաժներում նույնիսկ նրա գործընկերները կան: Ինչպես նշում է Ալլան, ինքը հայկական արմատներ չունի, սակայն «Հայաստանը սիրում է ամբողջ սրտով»: Հատկապես ուշագրավ է նրա վերջին ստեղծագործությունը՝ «Ալֆա-որձերը» կոլաժը: «Վաղուց էի ցանկանում այդ կոլաժն անել, բայց անհրաժեշտ կերպարներին չէի գտնում: Այստեղ միայն բարձր երաժշտությունն է պակասում»,-կատակում է նկարչուհին: Այն դիտարկմանը, որ կոլաժը բավականին արդիական է Հայաստանի պարագայում, նկարչուհին պատասխանել է, որ նման իրավիճակների ականատես եղել է. «Թեև իրականում ես հայերին չեմ նկատի ունեցել, մեզ մոտ՝ Ղրիմում, նույն իրավիճակն է»: Ալլան նաև մի շարք ունի կինոյի մասին, որտեղ միավորում է Հոլիվուդն ու խորհրդային ֆիլմերը: Ալլան հավելել է, որ ի սկզբանե մտադրված չի եղել կոլաժներ ստեղծել, դա նրա հոբբին է: «Ցուցահանդես կուզենայի ունենալ, բայց քանի որ ի սկզբանե այդ աշխատանքները նախատեսված չեն եղել լայնաֆորմատ տպագրության համար, դրանք փոքր են տպագիր ցուցահանդեսի համար, իսկ համացանցի համար՝ իսկականն են»,-ասել է նկարչուհին՝ խոստանալով շարունակել աշխատանքը հոբբիի վրա: «Դեռ բազում չիրականացված գաղափարներ կան»,-հավելել է նա: Ալլա Մինգալյովայի մյուս կոլաժները կարելի է տեսնել նրա Instagram-ի էջում: Յուլիանա Լալաբեկովա/PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |