![]() 1 շապիկ = 2700 լ ջուրԷկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Մեր զգեստապահարանի բազմազանությունն ապահովելու համար զեղչերի ժամանակ որոշում ենք 5 հատ տաբատ գնել, բայց արդյունքում հագնում ենք երկուսը: Մեր սիրելի բրենդից 10 հատ բլուզ ենք գնում, բայց հաճախ դրանցից հինգը նվիրաբերում ենք, չորսը՝ դեն նետում: Աշխարհում ամեն վայրկյան մեկ աղբատար մեքենայի չափ հագուստ այրվում է կամ նետվում աղբանոց: ![]() PanARMENIAN.Net - Նորաձևության և հագուստի արտադրության էկոլոգիական հետևանքները քննարկելու համար ներկայացնում ենք մի քանի խոսուն փաստ,ինչպես նաև սարսափազդու թիվ: Նախ՝ ոլորտի արտադրական պատկերը: Հագուստի արտադրությունը համաշխարհային տնտեսության կարևոր ուղղություններից է: 3 տրիլիոն դոլար արժեքով այս ոլորտն աշխատանքով է ապահովում շուրջ 75 միլիոն մարդու: Վերջին երկու տասնամյակում հագուստի արտադրությունը կրկնապատկվել է: 2014 թվականին օրինակ մարդիկ 60 տոկոսով ավելի շատ հագուստ են գնել, քան 2000-ին: Հակառակ պատկերն է հագուստը հագնելու և պահելու դեպքում: Այս թիվը կիսով չափ կրճատվել է: Միացյալ Նահանգներում օրինակ արտադրված հագուստի 20 տոկոսը երբևէ չեն օգտագործում: Մեծ Բրիտանիայում այս թիվը հասնում է 50 տոկոսի: Աշխարհում արտադրված հագուստի միայն 1 տոկոսն է վերամշակվում: Burberry-ն օրինակ, 2017-ին այրել է 37 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ չվաճառված հագուստ և պայուսակ: Եթե 2000-ականներին նորաձևության ընկերությունները տարեկան 1-2 հավաքածու էին ներկայացնում, հիմա կան ընկերություններ, որոնք տարեկան 10-ից ավելի հավաքածու են ներկայացնում: Հիմա հասկանանք, թե հագուստի արտադրությունն ինչ հետևանքներ է ունենում շրջակա միջավայրի վրա: Հագուստի արտադրության համար օգտագործվող նյութերի մոտավորապես 60 տոկոսը ստացվում է պլաստիկից: Ու երբ թվում է, թե այս թիվը սարսափելի է, առաջ են գալիս հագուստի գերարտադրության էկոլոգիական հետևանքների մասին փաստող այլ թվեր ևս: Ամենամեծ սպառնալիքը կապվում է ջրային պաշարների հետ: Նորաձևության արդյունաբերությունը տարեկան օգտագործում է մոտ 93 միլիարդ խորանարդ մետր ջուր, որը բավարար է տարեկան հինգ միլիոն մարդու կարիքները հոգալու համար: Սա զգալիորեն նպաստում է որոշ մայրցամաքներում ջրի սակավությանը: Մեկ շապիկ արտադրելու համար ծախսվում է 2700 լիտր ջուր, որը կապահովեր մեկ մարդու խմելու ջրի պաշարը՝ 2.5 տարի: Տեքստիլ արտադրությունը պատասխանատու է համաշխարհային մաքուր ջրի աղտոտման մոտ 20 տոկոսի համար: Ընդ որում բացասական հետևանքներ կան թե՛ սինթետիկ, թե բամբակյա հագուստի դեպքում: Սինթետիկ հագուստը լվանալու պատճառով տարեկան կես միլիոն տոննա միկրոպլաստիկ է արտանետվում օվկիանոսներ, սա համարժեք է 50 միլիարդ պլաստիկ շշի: Ինչ վերաբերում է բամբակին՝ պատկերը կարելի է հասկանալ նույնիսկ մեկ օրինակով: Մինչև ցամաքելն աշխարհում չորրորդ ամենամեծ լիճը համարվող Արալի ծովն այլ պատճառներին զուգահեռ 50 տարում գրեթե ամբողջությամբ չորացել է նաև բամբակագործության համար սպառվող պաշարների պատճառով: Ջրային պաշարների վերաբերյալ մի վերջին փաստ ևս: Հագուստը ներկելու գործընթացում օգտագործվում է այնքան ջուր, որով հնարավոր կլիներ լցնել տարեկան 2 միլիոն Օլիմպիական չափի լողավազան: Անցնենք կլիմայի փոփոխությանը և ջերմոցային գազերի արտանետումներին: Հագուստի արտադրությունը պատասխանատու է ածխածնի արտանետումների 8-10%-ի համար: Սա ավելի շատ է, քան բոլոր միջազգային թռիչքներն ու ծովային բեռնափոխադրումները միասին վերցրած։ Եթե ոլորտում փոփոխություններ չլինեն, ապա 2050 թվականին այս թիվը կարող է հասնել 26 տոկոսի: Միայն 2018 թվականին հագուստի արտադրությունը հանգեցրել է ավելի շատ ջերմոցային գազերի արտանետումների, քան Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ածխածնային արտանետումները միասին վերցված: Երբ օնլայն գնումների մշակույթը լայն տարածում գտավ մարդիկ կարծում էին, թե սա կնվազեցնի ածխածնի հետքը: Արդյունքում օնլայն գնումները կտրուկ փոխեցին սպառողների վարքագիծը: Նախ, մարդիկ ավելի շատ հագուստ սկսեցին գնել, հետո՝ հնարավորություն ստացան փորձել հագուստը և հետ ուղարկել՝ եթե չեն հավանում: Արդյունքում ապրանքների վերադարձը կրկնապատկեց տեղափոխման հետևանքով արտանետումների թիվը: Հագուստի արտադրության սոցիալական հետևանքները քննարկման առանձին թեմա կարող են դառնալ, բայց այստեղ ևս արտադրական գործընթացի հետևանքներն ակներև են: Հագուստի արտադրության մեջ քիմիական նյութերի օգտագործումը լուրջ առողջական մտահոգություններ է առաջացնում հատկապես ոլորտում աշխատողների համար: Ի դեպ, հագուստի արտադրամասերում աշխատող շուրջ 75 միլիոն մարդկանց միայն 2 տոկոսն է ապրելու բավարար միջոցներ վաստակում: Բանգլադեշում օրինակ տեքստիլ գործարաններում աշխատող կանայք ամսական մոտ 96 դոլար են վաստակում, իսկ տարրական կարիքները հոգալու համար 3.5 անգամ ավելի շատ գումար է անհրաժեշտ: Այս աշխատողների 80 տոկոսը 18-24 տարեկան կանայք են: Հատկապես զարգացող երկրներից մտահոգիչ տվյալներ կան ցածր աշխատավարձերի, աշխատանքային վատ պայմանների, աշխատանքային ժամից ավելի երկար հարկադիր աշխատելու մասին: ![]() ![]() Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը ![]() ![]() ![]() Դատարկ փեղկերի առասպելը ![]() Զսպելով բարկությունն ու գնաճը ![]() Լավ ես քշում՝ վատամարդ ես, վատ ես քշում՝ լավամա՞րդ ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |