22 տարի անց Apple-ը դադարեցնում է լեգենդար iPod-ների արտադրությունը և այս ֆոնին eBay-ում «ռետրո» iPod-ները սկսել են վաճառել մի քանի հազար դոլարով։
2001-ին Սթիվ Ջոբսն առաջին iPod-ը ներկայացրեց ամենապարզ ու գրավիչ բանաձևով. 1000 երգ՝ ձեր գրպանում։ Այսօր Apple Music-ի միջոցով մեզ հասանելի է 90 միլիոն երգ, բայց հիմքում հենց iPod-ի հեղափոխական գաղափարներն են։
21-րդ դարի սկիզբը միանգամից ազդարարեց տեխնոլոգիական հեղափոխության ամենաակտիվ փուլը ու զարմանալի չէ, որ Apple-ն այս ճանապարհի առաջամարտիկներից էր։ Երաժշտությունը CD-ներով և «կասետներով» լսող սերնդի համար iPod-ի գաղափարն անհասկանալի էր ու գուցե նաև բարդ էր ընկալել, թե ինչպես մեկ բռաչափ սարքի մեջ կարող է տեղավորվել այնքան երգ, որքան իրենք գուցե այդպես էլ չլսեն։ iPod-ը ներկայացնելու ընթացքում Սթիվ Ջոբսը կարծես կանխագուշակել էր, թե ինչպես է այս գաջեթը փոխելու մարդկանց պատկերացումները ու հայտարարել էր, որ երաժշտություն լսելու մշակույթն այլևս երբեք նույնը չի լինի։ ՈՒ հենց այսպես, նախ զարմանքով, հետո հիացմունքով, քայլ առ քայլ ստեղծվեց երաժշտությունը լսելու և տարածելու լրիվ նոր մշակույթ։ Այսօր iPod-ի բոլոր հնարավորություններն ինտեգրված են Apple-ի մյուս բոլոր արտադրանքներում՝ iPhone-ից և Apple Watch-ից մինչև iPad և Mac, բայց կնքահայրը հենց iPod-ն էր։
iPod-ն առաջին թվային փլեյերը չէր, բայց ամենահաջողվածն էր թե՛ վաճառքների, թե՛ դիզայնի տեսանկյունից։ Apple-ին հատուկ պարզ ինտերֆեյսը, տեղաշարժվող մենյուն, երգերի դասակարգման համակարգը միանգամից գրավել էին երաժշտասերներին։ Սա առաջին հերթին կարելի է փաստել թվերով։ Դեռ 2009-ին iPod-ը համարվում էր պատմության մեջ ամենաշատը վաճառված թվային ձայնային փլեյերը։ Թողարկումից մեկ տարի անց՝ 2002-ին վաճառվել է 400,000 հատ iPod, 2006-ին՝ 39 միլիոն, իսկ 2007-ին 51 միլիոն։ Երկու տասնամյակում Apple-ը վաճառել է 400 միլիոն հատ iPod։
iPod-ը նաև յուրատեսակ այցեքարտ դարձավ իր պատմության ամենադժվար տարիները հաղթահարող Apple-ի համար։ Սա այն արտադրանքն էր, որ տարածվեց աննախադեպ մեծ արագությամբ ու ալիքը հասավ այնպիսի մարդկանց, որոնք մինչև այդ ո՛չ Apple-ի մասին գիտեին, ո՛չ էլ պատրաստվում էին գումար ծախսել՝ տանը կամ փողոցում երաժշտություն լսելու համար։ iPod Classic-ը 2001-ին վաճառվում էր 399 դոլարով։ Այսօր թվիթերի օգտատերերը հիշում ու պատմում են, թե ինչպես էին «նեղ օրվա համար» հավաքած հոգեպահուստով iPod գնում։ Կարելի է ասել, որ գրեթե նույն վիճակն էր, ինչ Հայաստանում վարկով iPhone գնելու պրակտիկան։
Ի դեպ՝ iPhone-ի մասին։ Հաճախ կլսեք, որ հենց iPod-ն էր iPhone-ի նախատիպը։ Իրականում սա ոչ միայն ու ոչ այնքան հաճախորդների կարծիքն է, այլև հենց Apple-ի ու անձամբ Սթիվ Ջոբսի կողմից առաջ բերված թեզ է։ iPod Touch-ը նախագծել է նույն թիմը, որը հետագայում ստեղծել է iPhone-ը։ Առաջին բնորոշումը, որ Սթիվ Ջոբսը տվել է սմարթֆոնին, հետևյալն էր՝ «iPhone-ը լայնէկրան iPod-ն է՝ սենսորային կառավարմամբ»։ Իրականում iPhone-ի ստեղծումը iPod-ների վերջի սկիզբն էր։ Սմարթփոնի աննախադեպ հաջողությունը ստվերեց iPod-ների փառքն ու մղեց երկրորդ պլան։ iPhone-ի վաճառքների աճին զուգահեռ նվազում էր iPod-ների վաճառքը։ Բանը հասավ նրան, որ վերջին տարիներին iPod-ները Apple-ի կայքի «Other/Այլ» բաժնում էին և մարկետինգային ռազմավարությունն էլ առանձնապես ուշադիր չէր 2000-ականների icon-ի նկատմամբ։
Երբ Apple-ը հայտարարեց, որ դադարեցնում է iPod-ների արտադրանքը՝ նոստալգիայի մեջ հայտնված սերունդը արձագանքեց միանգամից։ Եվ ոչ միայն թվիթերում։ Apple-ը հայտնել էր, որ հաճախորդները կկարողանան ձեռք բերել iPod Touch, քանի դեռ պահեստներում դրանց խմբաքանակը չի վերջացել։ Եվ ընդամենը մեկ օրում iPod Touch-ը Միացյալ Նահանգներում sold out է։ Հիմա վաճառքի գայթակղիչ պլաններ ունեն վերավաճառողները։