Պակաս կարևոր չէ այն ֆիզիկական միջավայրն ու պայմանները, որն առնվազն կրկնապատկում է աշխատակիցների արդյունավետությունը։ «Այգի» բիզնես կենտրոնը ստեղծելու գաղափարն ու ձևաչափն առաջացել է՝ մտքում ունենալով միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը։
Փոքր-ինչ բարդ է պատկերացնել, որ միջին վիճակագրական մարդը երկուշաբթի առավոտյան կարթնանա՝ աշխատավայր գնալու անհամբեր ցանկությամբ, իսկ տուն գնալ առանձնապես չի շտապի։ Եվ սա ամենևին էլ աշխատանքը սիրել-չսիրելու մասին չէ, այլ բոլորիս հետ երբեմն պատահող շատ մարդկային ցանկություն՝ մի փոքր երկար մնալ տանը, հանգստանալ, սպորտով զբաղվել, մաքուր օդ շնչել ու վայելել բնությունը, համեղ ինչ-որ բան ուտել ու մշակութային որևէ միջոցառման գնալ։
Իսկ ի՞նչ, եթե ասենք, որ այս ամենը հնարավոր է համատեղել աշխատանքի հետ։ Ավելին՝ այս պայմանները հնարավոր է ունենալ հե՛նց աշխատավայրում։ «Այգի» բիզնես կենտրոնի հիմնադիրները նպատակ ունեն վերանայել Հայաստանում աշախավայրի չափանիշները և ստեղծել միջավայր, որտեղ մարդը կարող է իրացնել իր ներուժն ամբողջովին։ Արդյունքում ստեղծվում է գրասենյակային մի միջավայր, որտեղ աշխատակիցը չի մտածում րոպե առաջ տարածքը լքելու մասին, փոխարենը կարողանում է կազմակերպել իր աշխատանքային օրը՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով, ինչպես նաև համատեղել այն արդյունավետության համար այդքա՜ն անհրաժեշտ հանգստի րոպեների հետ։
Քաղաքի կենտրոնում՝ քաղաքից դուրս։ Սա բիզնես կենտրոնը նկարագրող առանցքային ձևակերպումներից է։ «Այգի» բիզնես կենտրոնը գտնվում է քաղաքի կենտրոնում, բայց ամբողջովին կտրված է քաղաքի աղմուկից։ Տարածքը գտնվում է Նորագյուղ պատմական թաղամասում։Բիզնես կենտրոնը Հաղթանակ կամրջի և Կոնյակի գործարանի հարևանությամբ է, քաղաքային տրանսպորտը ևս հասանելի է, ընդամենը 500 մետր հեռավորության վրա կանգառ կա։
«Այգի» բիզնես կենտրոնի համահիմնադիր Հարություն Պետրոսյանի խոսքով, սա արագ զարգացող թաղամաս է։
«Ի տարբերություն Կոնդի կամ Սարի Թաղի, Նորագյուղն այնքան էլ հայտնի չէ լայն հանրության շրջանում։ Գուցե պատճառն այն է, որ այստեղ մշակութային վայրեր չկան։ Փոխարենը թաղամասը զարգացման մեծածավալ ծրագիր ունի, որոշ ժամանակ անց այն դառնալու է Երևանում եզակի բիզնես միջավայր»,- նշում է նա։
«Այգի» բիզնես կենտրոնը Հայաստանում գործող եզակի Ա դասի բիզնես կենտրոններից է դառնալու, այն նաև համապատասխանում է BREEAM-ի միջազգային ստանդարտներին։ Այս ստանդարտով չափվում է շենքերի բնապահպանական արդյունավետությունը։ Այն ընդգրկում է կենսակայունության տարբեր ուղղություններ՝ էներգիա, ջուր, թափոններ, առողջություն, բարեկեցություն։
Հարություն Պետրոսյանն ընդգծում է, որ շենքը կենսակայուն է, ինչը նշանակում է, որ թե՛ շինարարության, թե՛ գործարկման ընթացքում բնությանը հնարավորինս քիչ վնաս է հասցվում. «Մեր բանաձևն է՝ բնությանը նվազագույն վնաս, մարդուն առավելագույն օգուտ։ Մարդու և բնության համագործակցության լավ օրինակ է սա։ Սերտիֆիկացումը պարզապես թղթի վրա չէ, բազմաթիվ նորարարական լուծումներ ենք գտել, որպեսզի Հայաստանի համար էկոլոգիական շենք կառուցելու օրինակելի նախադեպ ստեղծենք»։
Բիզնես կենտրոնի տարածքի ընդհանուր մակերեսը 20,000 քմ է, շինության մակերեսը՝ 17,400 քմ։ Մնացած հատվածը ևս թիրախային և նպատակային է օգտագործված։ Դեռ հարյուրամյակներ առաջ այս տարածքներում պատմական այգիներ են եղել։ Պատմական հիշողությունն արժևորելու նպատակով է նաև, որ բիզնես կենտրոնն «Այգի» անվանումը ստացավ։ Մյուս կողմից, քանի որ անվանումն ինքն իրենով «մաքուր օդ չէր ստեղծելու»՝ որոշվեց այս տարածքում վերականգնել այգու որոշ հատված և բիզնես կենտրոնում աշխատող մարդկանց հնարավորություն տալ օրվա ցանկացած ժամի մաքուր օդ վայելել, ինչու ոչ՝ զբոսնել։
Երևանյան իրականության պայմաններում չափազանց կարևոր է նաև ավտոկայանատեղին։ Հենց այստեղ է բիզնես կենտրոնի հերթական առավելություններից մեկը։ «Այգի» բիզնես կենտրոնի ավտոկայանատեղին Երևանի տարածքում ամենամեծ կայանատեղիներից մեկն է՝ 440 մեքենայի համար։ Հարություն Պետրոսյանն ավելացնում է, որ կայանատեղին ևս հատուկ տեխնոլոգիայով է կառուցված, այն ջրաթափանց մակերևույթ ունի։
«Անձրևաջրերը հավաքում ենք և վերադարձնում բնությանը, իսկ ոռոգման ջուրը վերցնում ենք ընդերքից։ Շենքի տարածքում խնայում ենք մոտ 70 տոկոս ջրի ծախս»,- հավելում է համահիմնադիրը:
Տարածքում առկա են նաև էլեկտրական մեքենաների արագ լիցքավորիչներ, հեծանիվների համար կայանատեղի։ Դե իսկ բոլոր այն աշխատողների համար, որոնք նախընտրում են առավոտյան վազքից հետո հասնել աշխատավայր կամ օգտվել բիզնես կենտրոնում գործող ֆիտնես սրահից՝ տարածքում կան նաև հանդերձարաններ, ցնցուղներ, անգամ՝ մերսման սրահ։
Դրսի հատվածում մեկ այլ՝ չափազանց կարևոր ու հետաքրքիր հատված կա։ Հռոմեական ոճով բացօթյա ամֆիթատրոն՝ մինչև 200 տեղով։
Հարություն Պետրոսյանի դիտարկմամբ, կենտրոնի այս հատվածը բազմաֆունկցիոնալ է. «Այս ամֆիթատրոնում հնարավոր է թե՛ թիմային հանդիպումներ ունենալ, թե մեծ միջոցառումներ կազմակերպել՝ մասնագիտական, մշակութային, ժամանցային։ Մեր վարձակալների, ինչպես նաև բիզնես կենտրոնից դուրս այլ մարդկանց համար հարմարավետ, բարձր ստանդարտներով ու հետաքրքիր լուծումներով բազմաֆունկցիոնալ ամֆիթատրոն է»։
Ըստ «Այգի» բիզնես կենտրոնի համահիմնադրի՝ ամեն ինչ արել են, որ վարձակալների համար ստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները։ Բազմաթիվ հետազոտություններ և հարցումներ են ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ի՞նչ կարիքներ ունեն վարձակալները։ Երկրորդ քայլով սկսել են հերթով արձագանքել այդ կարիքներին։ Կանաչապատ տարածքից մինչև տեխնիկական, բայց չափազանց կարևոր հարցեր՝ օրինակ, մի քանի տեղով հասանելի հոսանք, հաշվի են առնված և լուծված են։
Ըստ միջազգային չափանիշի աշխատակիցների 90 տոկոսը պետք է տեսադաշտ ունենան դեպի դուրս։ Նաև այս նպատակով է, որ շենքն ապակեպատ է, բայց՝ արևից պաշտպանված։
«Եռաշերտ ապակեպատ ֆասադը թույլ է տալիս տրամադրող ու գեղեցիկ միջավայրը վայելել և աշխատել՝ առանց աղմուկի ու արևի խանգարող ճառագայթների»,- ասում է Պետրոսյանը։
Հատուկ ուշադրություն է դարձված շենքում օդի որակին։ 100% մաքուր օդի մատակարարում ջերմության վերաօգտագործմամբ, թթվածնի մակարդակի ավտոմատ վերահսկում, անհատական օդափոխության համակարգեր և շատ ավելին։ Դե իսկ ամբողջական կոմֆորտի համար տարածքում կան հանգստյան գոտիներ, բուֆետ և սրճարան։
Այսպիսով՝ Երևանի կենտրոնում՝ միջազգային ստանդարտներով և վարձակալի բոլոր պահանջներն ու ցանկությունները նախապես հաշվի առած «Այգի» բիզնես կենտրոնը ընդամենը մի քանի ամսից կարող է ընդունել 1500-2000 մարդու, որոնք կկարողանան 180 աստիճանով փոխել իրենց աշխատանքային պայմաններն ու միջավայրը, հետևաբար նաև՝ բարելավել կյանքի որակը։