ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈւՄ ԱՊՐՈՂ ՀԱՅԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան կավարտվի Կրասնոդարի երկրամաս այցելությամբ:

Սկսվել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան: Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կմնա երկու օր, այնուհետեւ կմեկնի Կրասնոդար: Հատկանշական է, որ նախագահի այցը համընկել է Հայաստանում նախընտրական արշավի պաշտոնական սկզբի հետ: Երեւանում վերլուծաբաններն այս այցը համարում են նախընտրական արշավի մի մաս: Իսկ այն փաստը, որ այցը կայացել է Վլադիմիր Պուտինի հրավերով, մեկնաբանվում է որպես գործող նախագահի թեկնածության աջակցություն Կրեմլի կողմից
PanARMENIAN.Net - Հայաստանի ղեկավարը Մոսկվա է ժամանել Քյոլնից, որտեղ եւ ավարտվել էր նրա այցը Գերմանիա: ԳՖՀ-ի քաղաքական ղեկավարության հետ քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների, ինչպես նաեւ` հայ-գերմանական տնտեսական հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր:

Մոսկվայում քննարկվելիք հարցերի շրջանակն առավել ընդգրկուն է: Հայ-ռուսական բանակցությունների ընթացքում շոշափվելիք թեմաների մասին կարելի է դատել Ռոբերտ Քոչարյանին ուղեկցող պատվիրակության կազմից: Նրա հետ Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել պաշտպանության, արտաքին գործերի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, էներգետիկայի, մշակույթի նախարարները, Կենտրոնական բանկի նախագահը, Ազգային ժողովի պատգամավորներ, մշակույթի առաջավոր գործիչներ:

Բացի Վլադիմիր Պուտինի եւ Միխայիլ Կասյանովի հետ բանակցություններից, նախատեսված է Հայաստանի նախագահի հանդիպումները Ֆեդերալ ժողովի երկու պալատների ղեկավարների հետ, Մոսկվայի քաղաքապետի եւ «Իտերա» ընկերության նախագահի հետ: Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է նաեւ հանդիպել ռուսական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Լրագրողների հարցերին նա կպատասխանի ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի դահլիճում: Այսօր կկայանա Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ մամլո-ասուլիսը: Այցի ոչպաշտոնական մասում նախատեսվում է այցելություն Համառուսական ցուցասրահում գործող «Հայաստան» բաժին, Ռուսաստանի արվեստի գործիչների հետ հանդիպում: Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը ներկա կլինեն Մեծ թատրոնում կայանալիք հայ տաղանդավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 100 ամյակին նվիրված համերգին:

Այցի ընթացքում կստորագրվեն պաշտպանության, տնտեսության եւ մշակույթի ոլորտներին առնչվող մի քանի փաստաթղթեր: Հատուկ ուշադրություն է հատկացվում էներգետիկայի ոլորտին: Կրկին առաջնային է Հայաստանին գազի եւ միջուկային վառելիքի տրամադրման հարցը: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով` արդեն իսկ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել միջուկային վառելիքի դիմաց վճարվող գումարի շուրջ, որը կներկրվի Հայաստան ապրիլի վերջին: Գործարքը կազմում է 11 միլիոն դոլար: Փոխարենը Հայաստանը պարտավորվել է էլեկտրաէներգիա մատակարարել: Այցի ընթացքում կքննարկվեն նաեւ այս գործարքի մանրամասները:

Հայաստանի նախագահի այցը համընկնում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը: Վաղն առավոտյան Ռոբերտ Քոչարյանը բանակցություններ կվարի Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան ներկայացնող անդամների հետ: Ռուսաստանն անհանգստացած է վերջին շրջանում ղարաբաղյան եւ ադրբեջանական սահմանային գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով: Այս թեման առանցքային կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:

Մոսկվայում կկայանա նաեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ռուսաստանի հայերի միության ղեկավարության եւ նրա տարածաշջանային կառույցների առաջնորդների հետ: Միության նախագահը կուղեկցի Երկրի նախագահին Կրասնոդարի երկրամաս այցի ընթացքում: Կուբանում է բնակվում գրեթե ռուսաբնակ հայերի կեսը: Մեկ տարի առաջ Կրասնոդարի սկինխեդների կողմից իրականացրած քաղաքային գերեզմանատան հայկական մասի ավերումից հետո Երեւանում խոսում էին հայերի հանդեպ խտրականության մասին: Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին կայացած նահանգապետ Տկաչովի այցը Հայաստան տեղական բնակչությանը հավաստեց նրանում, որ հանցագործ տարրերի գործողությունները ամենեւին կապ չունեն երկրամասի վարած ներգաղթային քաղաքականության հետ:

Հայաստանի ղեկավարը կվերադառնա Երեւան շաբաթ օրը: Նույն օրը նրան կտրվի նախագահի թեկնածության վկայականը: Իսկ ուղիղ մեկ ամիս հետո պարզ կդառնա, արդյոք Ռոբերտ Քոչարյանը կշարունակի Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունները իրականացնել, թե դրանով արդեն մեկ այլ անձ կզբաղվի: Այն, որ Կրեմլում Հայաստանի առաջնորդի դերում ցանկանում են տեսնել հենց Քոչարյանին, քչերի մոտ է կասկած հարուցում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---