ՎՐԱՑԱԲՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԱՇԽԱՏՈւՄ ԵՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ

Վրաստանի խորհրդարանում ադրբեջանական համայնքը ներկայացնող պատգամավորները կատարում են Թուրքայի դեսպանատնից եկած հրահանգները:

Հայերի Ցեղասպանության 88-րդ տարելիցի օրը վրացական խորհրդարանում ադրբեջանցիները դրսեւորեցին խուլիգանական պահվածք, որը նպատակ ուներ վիրավորել օսմանական բարբարոսների կողմից կոտորված մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ի առավոտյան նիստին Ախալքալաքի հայ համայնքը ներկայացնող պատգամավոր Համլետ Մովսիսյանը գործընկերներին կոչ արեց հարգել պատմության մեջ առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակը: Ի պատասխան հայ խորհրդարանականի կոչի, հինգ ադրբեջանցի-օրենսդիրներ հարձակվեցին Մովսիսյանի վրա` վիրավորելով նրան անպատիվ խոսքերով եւ ողջ հայությանն ուղղված սպառնալիքներով: Խուլիգանական պահվածքը զուգակցվեց կենտրոնական բարձրախոսի գրավմամբ, որի արդյունքում նիստն ընդհատվեց:
PanARMENIAN.Net - Սակայն վրացական խորհրդարանականներն, այնուամենայնիվ, հասցրին արձագանքել Ախալքալաքի պատգամավորի կոչին: Ճիշտ է, խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն իրեն թույլ տվեց մի փոքր խմբագրել գործընկերոջ առաջարկը: Նա պնդեց, որ ոչ միայն հարգեն հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակը, այլեւ նրանց, ովքեր նահատակվել են վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած միջէթնիկական հակամարտությունների ժամանակ` հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, աբխազներ, օսեթներ: «Այս օրը ողբերգական է հայ ժողովրդի համար: Դժբախտաբար, այդ փաստից հետո էլ աշխարհում նմանատիպ իրողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում կյանքից զրկվել են խաղաղ բնակիչները»,-ասաց Բուրջունաձեն:

Այս անորոշ ձեւակերպումն ինքնատիպորեն են մեկնաբանում ադրբեջանցիները: Օրինակ, ադրբեջանաբնակ Մարնեուլի շրջանի պատգամավոր Զումրուդու Գուրբանլին հայտարարել է, որ «Կովկասում տեղի ունեցած հակամարտությունների զոհերի հիշատակի հարգումը հայերի Ցեղասպանության օրը ապացուցում է, որ վրացական խորհրդարանը դե-ֆակտո ընդունում է Ցեղասպանությունը»: Ի դեպ, Գուրբանլին խուլիգանական պահվածքի կազմակերպիչներից մեկն էր: Ահա, նա ինչպես է ներկայացնում պատահարը Բաքվում հրատարակվող «Էխո» թերթի լրագրողին. «Բնականաբար ադրբեջանցի խորհրդարանականները սկսեցին բարաձայն առարկել Մովսիսյանին: Երբ մոտ 30 րոպե մենք չհեռացանք բարձրախոսից եւ ոչ մեկին հնարավորություն չտվեցինք ելույթ ունենալ, Բուրջանաձեն իջավ եւ խնդրեց չխանգարել նիստի աշխատանքները... Խոսնակը ձայն տվեց Խիդայաթ Հուսեյնովին: Սակայն մենք խնդրեցինք արտահայտվելու հնարավորություն տալ մեր մի քանի պատգամավորներին: Մենք չբավարարվեցինք Բուրջանաձեի բացատրություններով եւ հայտարարեցինք, որ նա վարում է բաց հայամետ քաղաքականություն»:

Ինչպե՞ս է դրսեւորվում Նինո Բուրջանաձեի «հայամետ քաղաքականությունը: Թվարկելով նրա թույլ տված «հանցագործությունները»` այդ նույն «Էխո» թերթը հիշեցնում է, որ «խորհրդարանի խոսնակի պաշտոնում առաջին իր այցը նա Երեւանում է անցկացրել եւ հենց նա է առաջարկել Հայաստանին ներգրավել ՏՐԱՍԵԿԱ ծրագրում»: Սրանից միանշանակ եզրահանգում է բխում. ուրեմն Նինո Բուրջանաձեն հայ է: «Զուրաբ Ժվանիան, Միխայիլ Սահակաշվիլին եւ, չնայած բազաթիվ ժխտումներին, նաեւ Բուրջանաձեն ունեն հայկական արմատներ»,- գրում է թերթը` ենթադրելով, որ վրացական քաղաքական գործիչներին մերկացնում է հնարավոր ամենասարսափելի մեղքերում: Չնայած խոսնակը խուլիգանների ճնշման տակ խախտեց նիստի օրակարգը եւ նրանցից երեքին ձայնի իրավունք տվեց, ադրբեջանցիները շարունակեցին իրենց դեմարշը եւ օրվա վերջում մամլո-ասուլիս հրավիրեցին: Լրագրողներին նրանք իրենց զայրույթը հայտնեցին Նինո Բուրանաձեի գործողությունների հանդեպ, որն իբրեւ թե հայ պատգամավորների հետ միասին նախապես պլանավորել էր նիստի ընթացքը: «Ոչ միայն հայերի, այլեւ Կովկասում զոհվածների հիշատակը հարգելու նրա առաջարկը նախապես մտածված էր»,- հայտարարել է ադրբեջանցի Ռամիզ Բեքիրովը, ենթադրելով, որ խոսնակի ջանքերով հայերը հասան իրենց նպատակին: «Մենք բողոքում ենք Բուրջանաձեի եւ Ժվենիայի ու Սահակաշվիլու ղեկավարծ Դեմոկրատական թեւի վարած քաղաքականության դեմ: Բուրջանաձեի հետ միասին, արտասահմանյան հայկական լոբբիի եւ ռուսամետ ուժերի աջակցությամբ նրանք փորձում են վրացական խորհրդարան բերել հայամետ քաղաքականությունը»,-հայտարարել է օրենսդիրը: (Նկատենք, որ հիշատակված գործիչները ներկայացնում են հակադիր քաղաքական ճամբարներ: Տարօրինակ կլիներ, եթե իրականում նրանք միասնական քաղաքականություն տանեին):

Վրաստանի խորհրդարանի վրա արտաքին ուժերի ազդեցությամբ անհանգստացած ադրբեջանցին թբիլիսյան լրագրողներին իհարկե չպատմեց, որ մամլո-ասուլիսից առաջ ինքը հանդիպել է Թբիլիսիում Թուրքայի դեսպանի հետ եւ նրանից ստացել է հետագա գործողությունների կատարման հրահանգը: Իսկ Բաքվի լրագրողներից պարոն Բեքիրովն այդ փաստը չի թաքցրել. « Նիստի ընդմիջմանը ադրբեջանցի պատգամավորները հրավիրվեցին Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն: Դիվանագետները պատգամավորներին շնորհակալություն հայտնեցին ակտիվ գործունեության համար»,- գրում է «Էխոն»: Նշենք, որ մինչ ադրբեջանցիները բանակցություններ էին վարում թուրք դեսպանի հետ, Նինո Բուրջանաձեն սպասում էր նրանց իր աշխատասենյակում: Ի դեպ, այդպես էլ նրանք չեկան: Պարոններ Բեկիրովը, Հուսեյնովը, Սուլեյմանովը եւ Գուրբանլին օտարերկրյա դիվանագետի հանդիպումը նախընտրեցին իրենց երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի հետ զրույցից: Այս դեպքում, վրացական խորհրդարանում տեղի ունեցած իրադարձություններում «արտաքին ուժերի ազդեցության» մասին խոսելը նոր իմաստ է ձեռք բերում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---