«ՄԻԱՅՆ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ»

Նմանատիպ հավաստումներով են այսօր հանդես գալիս Ադրբեջանի նախագահական աթոռի գրեթե բոլոր թեկնածուները:

Ադրբեջանի նախագահի պաշտոնին հավակնողների շրջանը շարունակվում է սեղմվել: Նախընտրական արշավի առաջնորդն առայժմ Իլհամ Ալիեւն է: Միասնական ֆրոնտ ձեւավորելու եւ իշխող կլանի թեկնածուի դեմ իրական այլընտրանք ներկայացնելու ընդդիմության փորձերն առայժմ բավականաչափ հաջող չեն: Ալիեւ-կրտսերի մրցակիցը դառնալու իրավունքը վիճարկում են հինգ ընդդիմադիրներ: Նախագահի պաշտոնին յուրաքանչյուր հավակնորդ փորձում է ընտրողների ուշադրությունը սեւեռել իր նախընտրական ծրագրի որոշակի ուղղության վրա: Սակայն գրեթե բոլոր թեկնածուներն էլ առաջին պլան են մղում ղարաբաղյան հակամարտության լուծմանն առնչվող խոստումները:
PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնախնդրի անընդմեջ «շահագործումը» դարձել է այս նախընտրականի գլխավոր հատկանիշներից մեկը: Իրենց ծրագրերում թեկնածուների շարադրված գնահատականներն ու խոստումները, այնքան էլ չեն տարբերվում միմյանցից: Պարզ է, որ բոլոր թեկնածուներն էլ ընտրվելու դեպքում երաշխավորում են վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանին: Սակայն ժամկետները բոլորի մոտ տարբեր են` վեց ամսից հինգ տարի: Թեկնածուների շարքում կան նաեւ այնպիսիք, որոնք չեն պատրաստվում բավարարվել նախկին ավտոնոմիայի հանդեպ վերահսկողություն սահմանելով: Օրինակ` Լիբերալ կուսակցության առաջնորդ Լալա Շովկետը պատրաստվում է ոչ միայն վերադարձնել Ղարաբաղը եւ հայերի կողմից հսկվող անվտանգության գոտին, այլեւ խոստանում է «Զանգեզուրի տարածքում ստեղծել ադրբեջանական ինքնավարություն»: (Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի մասին է): Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Լալա-խանումն իր ընտրողներին կանացի երաշխիքներ է տալիս, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնի երկու տարվա ընթացքում»:

Լալա Շովկետի համեմատ Ազգային անկախություն կուսակցության առաջնորդ Էթիբար Մամեդովը, կարելի է ասել, իր խոստումներում բավականին զուսպ է: Նա չի խոստանում, որ կկարողանա ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանի հարավում: Ընդհանուր առմամբ, նա այնքան էլ շատ չի խոսում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Նրա փոխարեն արտահայտվում է օգնականը` Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, որն իր թեկնածությունը հանեց հօգուտ համախոհի: (Մամեդովի հաղթանակի դեպքում, նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը): Քերամլին հասկացնել է տալիս, որ կոալիցիայի` իշխանության գալու դեպքում, պատերազմ չի լինի: «Մենք մտադիր չենք հրաժարվել ադրբեջանական տարածքներից, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ իշխանության գալուց անմիջապես հետո մենք կդիմենք ռազմական քայլերի»,- հայտարարել է նա` նշելով, որ կողմնակից է Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների շարունակմանը: Միության ներկայացուցչի խոսքերով` Էթիբար Մամեդովը ղարաբաղյան հիմնախնդիրը մտադիր է լուծել Ադրբեջանի տնտեսական հզորության ամրապնդման ճանապարհով: Ազգային ճակատի առաջնորդը ենթադրում է, որ «խաղաղ բանակցություններում Հայաստանն առավել զիջող կլինի, երբ Ադրբեջանը դառնա ավելի ուժեղ ընդդիմախոս»: Նկատենք, որ Քերեմլին ղեկավարում է 1990թ.-ին հայերի կոտորածներն իրականացրած կազմակերպության իրավահաջորդ քաղաքական կուսակցությունը: Այնպես որ արյան միջոցով խնդիրների լուծման ճանապարհը նրան մինչ վերջերս լիովին բնական էր թվում:

Ազգային ճակատի մեկ այլ ներկայացուցիչ, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Իսա Գամբարը հավաստում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծի իր իշխանավարության առաջին ժամկետում: «Դա կարող է տեղի ունենալ եւ 6 ամիս, եւ երեք տարի հետո: Ամեն ինչ կախված կլինի հանգամանքներից»,- ասել է նրա օգնական Արիֆ Գաջիեւը: Նշենք, որ «Մուսավաթի» ղեկավարն ամենից հաճախն է իրեն թույլ տալիս կոչեր անել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու օգտին: Սակայն դա չի խանգարել Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Պերինեին հանդիպել Գամբարի հետ Վաշինգտոնում եւ ամենայն լրջությամբ լսել վերջինիս առաջարկները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Իլհամ Ալիեւը համեմատաբար համեստ է ղարաբաղյան հակամարտության խնդիրների հետ կապված խոստումներում: Նա ձգտում է խուսափել նախկին ինքնավարության հանդեպ հսկողությունը վերականգնելու կոնկրետ ժամկետներ նշելուց: «Գահաժառանգը» հասարակությանը հավաստում է, որ կշարունակի հակամարտության խաղաղ կարգավորման ուղին: «Մենք պետք է ձգտենք հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանական ազգը խաղաղություն է ուզում եւ ոչ` պատերազմ»,- նշել է Իլհամ Ալիեւը: Միեւնույն ժամանակ նա պնդում է, որ իրադարձություններն հօգուտ Ադրբեջանի են ընթանում, որին «հրադադարի ռեժիմը հնարավորություն է տվել հաջողությունների հասնել եւ քաղաքական ասպարեզում, եւ` տնտեսական»: Ալիեւ-կրտսերը հայտարարել է նաեւ, որ «խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի հատման դեպքում, Ադրբեջանն իրավունք ունի գործադրել յուրաքանչյուր քայլ` տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: «Պատերազմ» բառը նա նախընտրում է բարձրաձայն չարտասանել:

Այսպիսին են Ադրբեջանի ղեկավարի աթոռին հավակնող հիմնական թեկնածուների դիրքորոշումները ղարաբաղյան հիմնախնդրին: Խոսում են բոլորը, սակայն խոստումները կյանքի կոչել ստիպված կլինի իրականացնել միայն մեկը: Ընդ որում, արդեն այսօր հայտնի է, թե ով: Եթե դատենք իշխանամետ լրատվամիջոցներում հրապարակված վարկանիշային արդյունքներից, Իլհամ Ալիեւն առջեւում է: Շաբաթվա սկզբում անցկացրած հարցումների արդյունքներով, այսօր արդեն նրան կողմ կքվեարկեր ընտրողների 58 տոկոսը: Երկրորդ տեղում Իսա Գամբարն է, որի համար պատրաստվում է քվեարկել ադրբեջանցիների 22 տոկոսը: Առաջին եռյակը համալրում է Լալա Շովկետը, որն ունի 8 տոկոս համակիրներ: Էթիբար Մամեդովը 4-րդ տեղում է` 7.8 տոկոս ընտրազանգվածով: Մնացած թեկնածուները բավականին քիչ համախոհներ ունեն:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---