16 հոկտեմբերի 2003 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԻԼՀԱՄ ԱԼԻԵւԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՀԱՅԵՐԻՆ
Երեւանը եւ Ստեփանակերտը հուսով են, որ Ալիեւ-կրտսերի ընտրությամբ կշարունակվի խաղաղ բանակցությունների գործընթացը:
Ադրբեջանի նորընտիր նախագահի անունն արդեն հայտնի է: Ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերը, ինչպես եւ սպասելի էր, վկայում են Իլհամ Ալիեւի համոզիչ հաղթանակի մասին: Սա իհարկե չի նշանակում, թե Ալիեւ-կրտսերն իրոք հավաքել է ձայների մեծամասնությունը: Տվյալ դեպքում ամենեւին կարեւոր չէ, թե ինչպես է իրականում քվեարկել ընտրողը: Կարեւորն այն է, որ մեծ տերությունները «հավանություն են տվել» իշխանության ինքնավերարտադրությանը: Կարծես թե, եւ Արեւմուտքին, եւ Ռուսաստանին, եւ տարածաշրջանի երկրներին ձեռնտու է, որ իշխանության ղեկը մնա այժմյան ղեկավար կլանի ձեռքում: Ի հավելումն սրա, անհրաժեշտ է նշել, որ թե Երեւանը, եւ թե Ստեփանակերտը սկզբունքորեն հետաքրքրված են նրանում, որ Ադրբեջանում նեոմենատիրական սցենարն անցնի առանց ավելորդ էքսցեզների:
Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների մի շարք արտահայտություններից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Երեւանը կգերադասեր գործ ունենալ հենց Իլհամ Ալիեւի հետ: Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը վերջերս հայտարարեց, որ Իլհամ Ալիեւի ընտրությունը թույլ կտա շարունակել Ղարաբաղի հարցով բանակցությունները: «Համոզված եմ, որ Իլհամ Ալիեւը ծանոթ է նրա հոր սեղանի վրա դրված ամենավերջին փաստաթղթի բովանդակությանը: Այդ ամենը մեզ հիմք է տալիս խոսելու այն մասին, որ նախագահի բոլոր թեկնածուներից հենց նա ունի ամենամեծ հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները շարունակել այն նույն ընթացքով, որով ընդհատվել էր»,- հայտարարել է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: «Կարծում եմ, նախագահի բոլոր թեկնածուներից միայն Իլհամ Ալիեւն ունի նման մտադրություն: Նրա առավելությունն այն է, որ ի վիճակի է բանակցություններում հաջորդականություն ապահովել, ինչը շատ կարեւոր հանգամանք է Հայաստանի համար»,- կարծում է Օսկանյանը:

Նրա գնահատականները կիսում է նաեւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Նեզավիսիմայա գազետային» տրված հարցազրույցում Իլհամ Ալիեւին նա անվանել է «առողջ դատող քաղաքական գործիչ»: «Համոզված եմ, որ նա տեղյակ է բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին եւ կարող է ապահովել դրա շարանակականությունը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նույնպես Ալիեւի ընտրության հետ է կապում հրադադարի ռեժիմի պահպանումը: Նույնիսկ Հայաստանի ընդդիմադիր ուժերը համոզված են, որ Երեւանը պետք է շահագրգռված լինի նախիջեւանյան իշխանական կլանի պահպանմամբ: Նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Արամ Կարապետյանը, մեկնաբանելով այն խոսակցությունները, թե «պաշտոնական Երեւանը ոչ բացահայտորեն աջակցում է Իլհամ Ալիեւին», հայտարարել է` «շատ ճիշտ է: Լինելով ընդդիմադիր քաղաքական գործիչ` ես հավանություն եմ տալիս այդ որոշմանը»:

Լեռնային Ղարաբաղի իշխանություններն Ալիեւի մասին ավելի քիչ են խոսում: Նրա անձի վերաբերյալ արված քիչ թե շատ որոշակի արտահայտություններից կարելի է առանձնացնել ԼՂՀ-ի արտաքին գործերի նախարարության տեղեկատվա-վերլուծական բաժնի ղեկավար Լեոնիդ Մարտիրոսյանի հայտարարությունը: «Իլհամ Ալիեւը դրականորեն կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխըմբռնելի ճանապարհների որոնման գործում»,- նշել է նա: Դիվանագիտական լեզուն առավել ուղղակիություն չի թույլատրում:

Նկատենք, որ սոցհարցումների արդյունքների համաձայն, ԼՂՀ-ի քաղաքացիները նույնպես դեմ չեն, որ հարեւան երկրում ղեկավարի ներկայիս առաջնորդի ժառանգը: «Ժողովրդավարական բարեփոխումներ եւ մարդու իրավունքների պաշտպանության» կազմակերպության անցկացված ուսումնասիրության արդյունքների համաձայն, ղարաբաղցիների 63 տոկոսը համոզված է, որ եթե Իլհամ Ալիեւը դառնա նախագահ, ապա զինադադարը կպահպանվի: Աստված տա, որ նրանք չսխալվեն: